Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշիկ Ալավերդյան. «Մեդալները ցանկալի են, բայց գլխավորը վարկանիշային միավորներն են»

Հուլիս 18,2015 12:00

Ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականն
այս օրերին ուսումնամարզական հավաք է անցկացնում
Ծաղկաձորի օլիմպիական մարզաբազայում:

«Առավոտը» այցելեց նրանց, հետեւեց մարզումներին ու զրուցեց գլխավոր մարզիչ, Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Փաշիկ Ալավերդյանի հետ:

– Պարոն Ալավերդյան: Մեր հավաքականները հաճախ են հավաքներ անցկացնում: Այս մեկն ի՞նչ նպատակով է կազմակերպվել:

– Մրցաշրջան 2015-ում արդեն ունեցել ու դեռ ունենալու ենք մի ամբողջ շարք պաշտոնական առաջնություններ: Բայց քառամյա ցիկլի բոլոր ծրագրերն ուղղված են մեկ գլխավոր նպատակի՝ 2016 թվականի օլիմպիական խաղերին: Նախաօլիմպիական այս տարին մեզ համար վճռորոշ է ու տալու է գլխավոր հարցի պատասխանը. Ռիո դե Ժանեյրոյում Հայաստանը քանի՞ ծանրորդ կունենա եւ նրանք ինչպե՞ս հանդես կգան: Իսկ այս հարցով ամեն բան որոշելու է նոյեմբերին Հյուսթոնում կայանալիք աշխարհի առաջնությունը:

– Անցած աշխարհի առաջնության արդյունքներով մեր տղամարդկանց հավաքականը Խաղերի նախնական հինգ տեղ ունի: Պայքարելո՞ւ եք ամբողջական թիմով օլիմպիական խաղերին մասնակցելուն պակասող մեկ տեղն էլ նվաճելու համար:

– Դա այլեւս հնարավոր չէ, քանի որ ուղեգրերի քանակը որոշվում է աշխարհի վերջին երկու առաջնություններում ցույց տված արդյունքների հանրագումարով: Մեր խնդիրը տղամարդկանց նախնական հինգ վարկանիշները Հյուսթոնում պահպանելն է:

TIGRAN-MARTIROSYAN

Տիգրան Մարտիրոսյան

– Վերջին մի քանի տարիներին տարբեր պատճառներով, այդ թվում նաեւ՝ շարունակվող վնասվածքների եւ դրանց բուժման, հնարավոր չէր լինում լիարժեք մարտական կազմ համալրել: Հիմա այդ խնդիրը, կարծես, լուծվել է: Ծաղկաձորում մարզվում են նաեւ գերծանր քաշայիններ Ռուբեն Ալեքսանյանն ու Գոռ Մինասյանը, որոնք պետք է որ կարողանան թիմային պայքարում օգտակար լինել:

– Ամբողջական մարտական թիմ հիմա էլ ձեւավորված չէ: Ձեր նշած երկու գերծանր քաշայինները վերջապես շարքում են ու լիարժեք մարզվում են: Բայց դեռ պետք է հասնեն լավագույն մարզավիճակի: Նրանցից դժգոհ չեմ: Աշխատում են մինչեւ սեպտեմբեր հասնել հնարավոր առավելագույնին: Շարքում են ու հավաքին մասնակցում են Տիգրան Մարտիրոսյանը, Անդրանիկ Կարապետյանը, Սիմոն Մարտիրոսյանը, Աղասի Աղասյանը, Սմբատ Մարգարյանը… Բայց Սմբատը վնասվածք ունի ու, ամենայն հավանականությամբ, մինչեւ աշխարհի առաջնություն չի հասցնի լիովին ապաքինվել եւ պայքարել ակնկալվող բարձր տեղերի համար: Բայց նրան կգործուղենք մոտ ժամանակներս մեկնարկող մինչեւ 23 տարեկանների Եվրոպայի առաջնություն:

RUBEN-ALEXANYAN

Անդրանիկ Կարապետյան

ANDRANIK-KARAPETJAN

Ռուբեն Ալեքսանյան

– Մեր այսօրվա լավագույնները շաքում են: Բայց, ընդհանուր առմամբ, հավաքի հրավիրվել է ընդամենը մոտ 8-9 ծանրորդ:

– Ճշտեմ՝ ազգային հավաքականի հավաքին: Այսօր այսքան ծանրորդ ունենք, որոնք ի վիճակի են պայքարել եւ անհրաժեշտ օլիմպիական վարկանիշային միավորներ բերել թիմին:

SAMBAT-MARGARYAN

Գոռ Մինասյան

GOR-MINASYAN

Սմբատ Մարգարյան

– Տղաների մարզավիճակն ինչպիսի՞ն է:

– Ընդհանուր առմամբ՝ վատ չէ: Նրանք լավագույն մարզավիճակի պետք է հասնեն աշխարհի առաջնության օրերին: Դրա համար ժամանակ կա ու ամեն բան հաշվարկված է: Բայց մեկ-երկու ծանրորդ, որոնց անունները հիմա չեմ ուզում տալ, մարզավիճակի առումով գրաֆիկից առաջ են: Դա ոչ նրանց, ոչ էլ մարզիչներիս առանձնապես չի ուրախացնում, որովհետեւ այդ վիճակը պահպանելու խնդիր կարող է առաջանալ: Այդ խնդիրը կարգավորելու ձեւեր կան, որոնք կփորձենք իրականացնել:

– Երեւանի եւ Հյուսթոնի միջեւ ժամանակային գոտու բավականին մեծ տարբերություն կա: Դա հաշվի առե՞լ եք:

– Անշուշտ: Վերջին ուսումնամարզական հավաքը անցկացնելու ենք հենց Հյուսթոնում: Մեկնելու ենք առնվազն 10 օր առաջ, որպեսզի բնականոն կլիմայափոխություն լինի, եւ մարզիկներն էլ ծանոթանան ապագա մրցավայրին: Պայմանավորվածություն արդեն կա:

AGASI-AGASYAN

Աղասի Աղասյան

– Որոշե՞լ եք, թե ովքեր են մեկնելու աշխարհի առաջնություն:

– Ասացի, որ ընտրության հնարավորություններն այնքան էլ մեծ չեն: Իհարկե, մարզիչներս արդեն գիտենք: Մնում է, որ մնացած ժամանակահատվածն անցանկալի անակնկալներ չմատուցի, որպեսզի ստիպված լինենք արտակարգ փոփոխություններ ու ճշգրտումներ կատարել մեր աշխատանքներում: Կրկնում եմ, որ Հյուսթոն կմեկնեն միայն լավագույնները: Քաշային կարգեր կլինեն, որ մասնակից չենք ունենա, քաշային կարգեր էլ կլինեն, որ կմեկնեն երկուական ծանրորդներ:

– Մեդալների խնդիր դրվա՞ծ է մարզիչներիդ առջեւ:

– Ցանկացած մրցման եթե մեկնում ես, ուրեմն պիտի հանդես գաս հնարավորին չափ լավ, պայքարես մեդալի համար: Բայց այս առաջնությունում հատուկ այդպիսի պահանջ չկա: Այս անգամ գերադասելի են վարկանիշային միավորները:

ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
17.07.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031