Լրահոս
Օրվա լրահոսը

Միքայել Հայրապետյան. «ՀԱԿ-ի մասին կա՛մ լավ, կա՛մ՝ ոչինչ»

Հուլիս 27,2015 21:10

«Քավ լիցի, մենք քաղաքականությունը ձիասպորտ և որևէ մեկին էլ՝ ձի չենք համարել, որ խաղադրույք կատարեինք»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Պահպանողական կուսակցության ղեկավար Միքայել Հայրապետյանը:

Հիշեցնենք, «Կենտրոն» հեռուստաընկերության «Հայելու առաջ» հաղորդման ժամանակ ՀԱԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը`պատասխանելով ՀԱԿ դաշինքի փլուզման մասին լրագրողի հարցին`ասել էր

«Ցավոք, փորձը ցույց տվեց, որ 18 կուսակցությունների խորհրդի անդամներից շատերը խաղադրույք էին դրել ՀԱԿ-ի վրա: Ամենամեծ փորձությունը, որը անցնում է ցանկացած քաղաքական ուժ, ընտրական ցուցակի կազմումն է: Երբ միավորումը գնում է ընտրությունների, հարց է ծագում` իսկ ով պիտի լինի ավելի բարձր, որովհետեւ բոլորը հասկանում են, որ իշխանությունները կեղծելու են ընտրությունները: Պետք է կազմվեր միասնական ցուցակ, ընդ որում, ամեն մեկն իրեն պատկերացնում է ցուցակի վերևում: 18 քաղաքական ուժերը, մեկ ամիս վեճերից հետո, երբ որ չկարողացան այդ հարցը լուծել` դիմեցին Տեր-Պետրոսյանին, որ նա կազմի ցուցակը: Երբ որ ցուցակը կազմվեց, պարզվեց որ շատերը զգացին, որ իրենք լավ չեն գնահատվել կամ այն տեղում չեն, որ իրենք իրենց պատկերացնում էին: Ու այդտեղ սկսվեց այն պրոցեսը, որ շատերը ուղղակի նեղացած` իրենց ստացած տեղից, սկսեցին կոնֆրոնտացիայի մեջ մտնել ՀԱԿ-ի հետ: Իսկ երբ իշխանությունների կեղծիքների հետեւանքով ընդամենը 7 պատգամավոր մտավ խորհրդարան, բավականին մեծ չափով մարդիկ մտածեցին, որ խաղադրույքը իրեն չարդարացրեց»:

«Անձամբ ես ՀԱԿ-ի գրասենյակ ոտք չեմ դրել 2010 թվականի հունվար կամ փետրվար ամսից, ավելի ստույգ՝ բանտում գտնվող իմ բարեկամ պարոն Նիկոլ Փաշինյանի՝ մեծամասնականով ԱԺ պատգամավոր քվեարկվելու օրվա անախորժ երեկոյից ի վեր: Իսկ եթե չմերժենք մարդ-կուսակցություն բնորոշումը, ապա կնշանակի, որ ՀԱԿ-ի հետ Պահպանողական կուսակցության նախավերջին առնչությունը դա է եղել: Վերջինն այն հավաքն էր, որին մասնակցեցի ՀԱԿ-ի համակարգողների բազմաթիվ խնդրանքներից հետո և հրապարակավ հենց ես առաջարկեցի, որ ՀԱԿ-ի համամասնական ցուցակը կազմի Հիմնադիր-նախագահը. ամբողջատիրական երկրների տրամաբանությունն է դա (մյուս երկու պատկառելի ցուցակները, գաղտնիք չէ, կազմել են հաջորդ նախագահները՝ պարոնայք Քոչարյանն ու Սարգսյանը – վկա ժամանակին նրանց խոսնակների հրապարակային փոխադարձ մեղադրանք-խոստովանանքները):

Իսկ այս լուսնի տակ ցանկացած ցուցակ այն կազմողի դեմքն է: Մենք որոշում ունեինք նույնիսկ թեկնածու չառաջադրել ՀԱԿ-ի ցուցակով, բայց որպեսզի կարևոր այդ պահին հասարակությունը մեզ էլ քանդող կամ նեղացած չընկալի, անձամբ պարոն Զուրաբյանի խնդրանքով, այնուամենայնիվ, թեկնածու ներկայացրինք՝ պնդելով, որ մեր միակ ներկայացուցչի անունը դրվի 37 համարի տակ, քանի որ համատարած խայտառակության մեջ չարենցների համար մշտական 37 է: Մեր պնդումը հարգվեց: Ինքս այդ ընտրության քվեարկությանն անգամ չեմ մասնակցել:

Հետագայում ևս ՀԱԿ-ի որևէ հավաքի, քննարկման  կամ միջոցառման Պահպանողական կուսակցությունը չի մասնակցել: Իսկ ՀԱԿ-ից, բարոյականությունը մինչև վերջ պահելով, պաշտոնապես դուրս եկանք ճիշտ այն օրը, երբ թերթում հրապարակվեց Հիմնադիր-նախագահի՝ նախագահական ընտրություններին չմասնակցելու մասին հարցազրույցը: Ինչպես տեսնում եք, 2010 թ. սկզբից մենք առաջնորդվել ենք «ՀԱԿ-ի մասին կա՛մ լավ, կա՛մ՝ ոչինչ» սկզբունքով: Ձեր հարցին այս պատասխանս էլ ՀԱԿ-ի մասին չէ, այլ մեր կեցվածքի: Միայն մի բան. ի թիվս այլոց՝ ցավալի է, որ միայն բացասական լարի վրա է խաղացվում՝ սկսած «մարգինալ կուսակցություններ» արտահայտությունից մինչև «մարդ կուսակցություններ»: Մեր Հայրենիքը գոնե երբեմն լուսավոր լիցքերի էլ է արժանի: Մենք հպարտորեն մեզ մարգինալ ենք համարում՝ հակառակն օտարների շահերի՝ լավագույն դեպքում արտահայտիչ ընկալելով, մենք մեզ հպարտորեն մարդ-կուսակցություն ենք համարում՝ հակառակը Մարդու և Մարդկայինի իսպառ բացակայություն ընկալելով»,- ասաց Միքայել Հայրապետյանը:

Aravot.am-ի հարցին`Ձեր կարծիքով, ո՞րն է ՀԱԿ դաշինքի լուծարման իրական պատճառը, մեր զրուցակիցը պատասխանեց. «Կրկնեմ՝ ՀԱԿ-ի (թե՛ երբեմնի շարժման, թե՛ ներկայիս կուսակցության) մասին կա՛մ լավ, կա՛մ՝ ոչինչ»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Այս հրապարակումը կարդալուց հետո ես իմ ՖԲ էջում արեցի այսպսի գրառում.
    <:
    Հարգանոք՝ Մ.Հայրապետեան
    Հ.Գ. Հարցազրույցի ֆորմատը փոխելուց առաջ հարկ էր, որպեսզի այն համաձայնեցվեր հեղինակիս հետ, մանավանդ, որ ՀԱՐՑԱԶՐՈՒՑԻՑ առաջ այսպիսի գրություն էի հղել հարցերն ինձ հասցեագրած լրագրողուհուն. <>:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031