Լրահոս
Օրվա լրահոսը

Օգոստոսի 12-ը Երիտասարդության միջազգային օրն է

Օգոստոս 12,2015 16:52

«Ինչպես ցանկացած երկրում, այնպես էլ Հայաստանում, երիտասարդությունը մեծ դեր ունի, որն առավել զգալի է հատկապես վերջին շրջանում: Մենք շատ լավ երիտասարդներ ունենք, որոնք բավականին ակտիվ են ու գործունյա»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպիսի տեսակետ արտահայտեց Հայաստանի երիտասարդական հիմնադրամի (ՀԵՀ) գործադիր տնօրեն Ալեքսանդր Տեր-Հովակիմյանը:

Նրա խոսքով՝ ՀԵՀ-ն էլ իր հերթին է փորձում հնարավոր ամեն բան անել, որպեսզի ավելի ակտիվանա երիտասարդությունը. «Մենք աջակցում ենք այն անհատներին ու կազմակերպություններին, որոնք իրականացնում են երիտասարդական ծրագրեր՝ փորձելով լուծել երիտասարդների առջև ծառացած ինչ-ինչ խնդիրներ։ Այսօր երիտասարդին առաջին հերթին պետք է հնարավորություն ընձեռել, որ կարողանա մրցունակ ու ակտուալ կրթություն ստանալ։ Սա մեր առաջնային խնդիրն է, որովհետև հասկանալի է, որ քաղաքացին կարող է լինել մրցունակ, եթե ունի համապատասխան կրթական ցենզ և աշխատաշուկայում պահանջարկ ունեցող մասնագիտություն, որի շնորհիվ կարող է հետագայում ակտիվ աշխատանք իրականացնել ու հասնել հաջողությունների»,- ասաց ՀԵՀ-ի գործադիր տնօրենը:

Ակնհայտ է, որ Երևանում և մարզերում իրավիճակը նույնը չէ. տարբեր են կրթական մակարդակը, զբաղվածության մակարդակը այլն: «Դրա համար, հատկապես վերջին երկու տարիներին, մեր ուշադրության կենտրոնում է նաև մարզերի երիտասարդների ակտիվացման խնդիրը,- ասաց Ա. Տեր-Հովակիմյանը,- մենք յուրաքանչյուր մարզում ունենք կենտրոն, որը համախմբում է ձգտում ունեցող ակտիվ երիտասարդների, որոնց համար հատուկ ծրագրեր են իրականացվում՝ կրթական, մասնագիտական կողմնորոշման, մշակութային, ժամանցային և այլն»։

Ինչ վերաբերում է երիտասարդների արտագաղթին և իրենց ապագան Հայաստանում չտեսնելուն, ՀԵՀ-ի գործադիր տնօրենը նկատեց, որ երիտասարդներից շատերը ժամանակավոր են հեռանում երկրից. մեկնում են սովորելու, հետո վերադառնալու են և իրենց գիտելիքները ներդնեն հայրենիքում։ «Իսկ գնացող-չվերադարձողներին չես կարող պահել հայրենիքում, որովհետև, եթե մարդը ուզում է գնալ, կգնա: Ես չեմ զարմանա, եթե արտագաղթողների մեջ լինեն նաև մարդիկ, որոնք բավականին բարձր են վարձատրվում, բայց ուզում են ավելի բարձր վարձատրվել ու գնում են: Մարդն իր էությամբ այդպիսին է. միշտ էլ ձգտում է ավելիին»,- հավելեց նա։

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31