Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչու Սյուզի Գեւորգյանը իրեն ծեծող ոստիկանների դեմ բողոք չի ներկայացնում (Տեսանյութ) 

Օգոստոս 22,2015 16:00

Ոստիկանությունը բանավոր հայտարարությունը ծեծի մասին հիմք չի ընդունում

Երեկ Ազատության հրապարակում «Մենք ենք տերը մեր երկրի» նախաձեռնությունը եւ Հիմնադիր խորհրդարանը բողոքի ակցիա էին կազմակերպել՝ դատապարտելու Հիմնադիր խորհրդարանի համակիր Սյուզի Գեւորգյանին ծեծի ենթարկելու միջադեպը:

Սյուզի Գեւորգյանը վստահեցնում է, որ իրեն ծեծի են ենթարկել ոստիկանները, որովհետեւ ինքը Համահայկական խաղերի ժամանակ թռուցիկներ է բաժանել՝ ռեժիմի դեմ: Ոստիկանները եղել են քաղաքացիական հագուստով, բայց Սյուզի Գեւորգյանը պնդում է, որ այդպես իրեն ծեծել եւ սպառնալ, որ «եթե շարունակեք քեզ այդպես պահել, վերջդ լավ չի լինելու» կարող էին միայն ոստիկանները:

«Առավոտը» Սյուզի Գեւորգյանից հետաքրքրվեց՝ չի՞ պատրաստվում դիմում ներկայացնել ոստիկանություն հանցագործության մասին, նա պատասխանեց, որ իր հետ ոստիկանությունը դեռ չի կապվել, ինքն էլ դեռ չի դիմել եւ չգիտի՝ կդիմի՞ առաջիկայում, թե՞ ոչ: Նա անիմաստ է համարում ոստիկանությանը դիմել՝ ոստիկանների ծեծի համար. «Մենք հայտարարել ենք, եւ դա հիմքերից մեկն է, որպեսզի իրենք հարուցեն քրեական գործ»:

Ավելի ուշ՝ երթի ժամանակ, երբ ոստիկանները լսում էին, թե բարձրախոսով ինչ ելույթներ են ունենում Հիմնադիր խորհրդարանի անդամները՝ ոստիկաներին անվանելով աղջիկներին ծեծող «շներ»՝ պարեկապահակային ծառայության աշխատակիցներից մեկը մոտեցավ Սյուզի Գեւորգյանին եւ հետաքրքրվեց՝ եթե ձեզ ծեծել են, դիմե՞լ եք ոստիկանություն, ո՞ր բաժին եք դիմում ներկայացրել: Երբ Հիմնադիր խորհրդարանի անդամները պարզաբանեցին, որ բանավոր հայտարարություն է եղել միայն, ոստիկանը հարցրեց՝ բա ինչո՞ւ գրավոր չեք դիմել: Ցուցարարները բարկացան, թե՝ «մինչեւ հիմա, որ դիմել ենք, ի՞նչ եք արել: Ձեր մոտ սկի սպանությունը չի բացահայտվում, խրախուսվում է»:

Ոստիկանը հակադարձեց. «Լավ, դուք արդեն ուրիշ բաներ եք խոսում, գրավոր ինչո՞ւ չեք դիմել»: Սյուզի Գեւորգյանը բացատրեց. «Որովհետեւ կարծում ենք, որ ոչ մի լուրջ արդյունք չենք ունենա»: Ոստիկանը պնդեց, որ «գրավոր դիմեք, թող մարդիկ զբաղվեն»:
Ավելի ուշ ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը պարզաբանեց, որ օրենքը այլ բան է պահանջում. «Քրեական դատավարության օրենսգրքի 183-րդ հոդվածը սահմանում է տուժողի բողոքի հիման վրա հարուցվող քրեական գործերի սպառիչ ցանկը, այդ թվում՝ ծեծը, որը նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով: Այդ հանցագործությունների վերաբերյալ գործերը հարուցվում են ոչ այլ կերպ, քան տուժողի բողոքի հիման վրա, եւ կասկածյալի կամ մեղադրյալի կամ ամբաստանյալի հետ նրա հաշտվելու դեպքում ենթակա են կարճման: Այսինքն՝ հիշյալ հոդվածներով ենթադրյալ տուժողի բողոքի բացակայության պարագայում ՀՀ ոստիկանությունը քրեական գործի հարուցման հարցի լուծման լիազորություն չունի»:

ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
21.08..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31