Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԳ նախարար. «Ամեն մի կրթական մոդել չի կարելի կապկել Հայաստանում»

Սեպտեմբեր 11,2015 15:55

Սեպտեմբերի 11-ին Ծաղկաձորի «Ռոսիա» համալիրում տրվեց «Կրթության որակ և համապատասխանություն» վարկային երկրորդ ծրագրի արդյունքների եւ «Կրթության բարելավում» ծրագրի մեկնարկը:

ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը նշեց, որ չնայած վարկային ծրագրի վերաբերյալ օրակարգին՝ կարելի է խոսել ցանկացած կրթական խնդրի մասին: Նախարարը շեշտեց, որ իրենց համար առաջինը թափանցիկություն եւ հաշվետվողականություն ապահովելն է, ընդ որում՝ ոչ այնքան ֆինանսական, որքան բովանդակային տեսանկյունից: Նրա ձեւակերպմամբ, ԿԳ նախարարության այս հավաքի նպատակն է՝ աջակցել լրատվական դաշտին, որպեսզի ձեւավորվեն կրթության ոլորտի պրոֆեսիոնալ եւ նպատակային լուսաբանումներ: «Այնպես որ, այս հանդիպումը մի քիչ որպես թրեյնինգ ենք դիտարկում, նաեւ հնարավորություն՝ ոլորտի տարբեր պատասխանատուների հետ հանդիպելու համար: ԿԳ նախարարությունը չի պատկերացնում իր աշխատանքն առանց լրատվամիջոցների հետ արդունավետ եւ փոխշահավետ համագործակցության»,-հավելեց նախարարը:

Արմեն Աշոտյանը, խոսելով վարկային ծրագրի մասին, շեշտեց, որ 2009-ից մեկնարկած «Կրթության որակ և համապատասխանություն» ծրագրի մեկնարկը համընկել էր իր պաշտոնավարման հետ. «Այժմ անցել է վեց տարի, ու այն գերակայությունները, որ կային, վերանայվել են, ծրագիրն ավելի է հարմարեցվել կրթության ոլորտի ներկայիս վիճակին: Այսինքն՝ մենք չենք գտնվում դոգմատիկ տիրույթում, չենք իրականացրել այն, ինչ զուտ թղթին է գրված, Համաշխարհային բանկի հետ փոխել ենք կրթության որակի և համապատասխանության ծրագիրը: Վարկային ծրագրերը թույլ են տալիս զարգացման հեռանկարներ բացել, անել այն, ինչ բյուջեի ընթացիկ հատկացումներով հնարավոր չէ անել: Ընդ որում, վարկային ծրագրի իրականացումը ֆինանսական տեսանկյունից ուղեկցվել է բացարձակ թափանցիկությամբ»:

Նախարարը փաստեց, որ միայն վերջին գնումների ընթացքում (դպրոցական գույք եւ այլն) այնպիսի խնայողություն են ունեցել, որ կարողացել են 20%-ով ընդլայնել վերազինվող դպրոցների ցանկը:

Նախադպրոցական կրթության ոլորտին էլ անդրադարձ եղավ. «Նախադպրոցական կրթության մատչելիության ապահովումը նույնպես կարեւոր է, սա կրթության համակարգի ամենաթույլ օղակն է, անկախությունից հետո նախադպրոցական ցանցը վերացավ, փաստորեն, 650 համայնք չուներ նախադպրոցական կրթության եւ ոչ մի հաստատություն: Հատկապես մարզերում դպրոցների համակարգում նախակրթարանների ստեղծումը հնարավորություն է՝ ազատել ծնողների ձեռքերը աշխատանքի համար, շուրջ 280 նախակրթարաններ ենք հիմնադրել ՀՀ մարզերում եւ մայրաքաղաքում, 20 000 երեխայի համար ստեղծվել է կրթության հնարավորություն…Եվ պատահական չէ, որ նոր վարկային ծրագրում նույնպես ներառել ենք նախադպրոցական կրթության բաղադրիչ: Ինքս եղել եմ շուրջ երեսուն համայնքների նախակրթարաններում եւ անձամբ եմ տեսել, թե ծրագիրն ինչպես է գործում: Իմիջիայլոց, վարկային ծրագրի ավարտից հետո նախակրթարանի ծրագիրը չի ավարտվում»:

Նախարարը խոսեց վարկային միջոցներով ավագ դպրոցների զարգացման մասին, ասաց, որ ավագ դպրոցները համալրվել են տեխնիկայով, լաբորատորիաներով, գրադարաններով, ու առանց վարկային ծրագրի՝ դժվար կլիներ ավագ դպրոցների ստեղծման եւ առաջխաղացման գաղափարին տեր կանգնել: Նաեւ չբացառեց, որ լավագույն օրինակների կողքին կան ավագ դպրոցներ, որոնց կայացումը չի իրականացել, ու գուցե հետագայում քննարկվի՝ արժի, որ դրանք մնան ավագ դպրոց:

Արմեն Աշոտյանի ասելով, 107 ավագ դպրոցներից 35%-ը կայացած են, դրանցից որոշները՝ մարզերում՝ Հրազդանում, Գորիսում:

Նա այս անգամ էլ անդրադարձավ ավագ դպրոցների որոշ տնօրենների, ասաց, որ եթե որեւէ տնօրեն ասի, որ չի ստացվում աշխատելը, դա համապատասխան հետեւանք կունենա. «Ուրեմն չեն հավատում իրենց գործին ու նվիրվածության պակաս են ցուցաբերում»:

Նախարարն առանձնացրեց նաեւ որակի ապահովման գաղափարի ու մշակույթի՝ աստիճանաբար բուհեր ներմուծվելը, ասաց, որ որոշները հավակնում են եվրոպական հավատարմագրերի: Խոսք գնաց նորարարությունների մրցակցային հիմնադրամի ստեղծմանը եւ տասը բուհերում նորարարական ծրագրերի ֆինանսավորմանը:

«Վարկային միջոցները ոչ միայն գումար են, այլեւ միտք, միջազգային փորձի լավագույն բաղադրիչները տեղայնացնելու հնարավորություն, որովհետեւ ամեն մի կրթական մոդել չէ, որ կարելի է կապկել Հայաստանում»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930