Լրահոս
Օրվա լրահոսը

Մատենադարանի և Զմմառի վանքի համագործակցության երկրորդ փուլը

Սեպտեմբեր 22,2015 23:09

Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի և Զմմառի վանքի միջև կնքված համաձայնագրի շրջանակներում 2015 թ. օգոստոսի 20-ից սեպտեմբերի 9-ը վանքում պահվող ձեռագրերի նկարագրման աշխատանքները սկսվեցին նոր թափով: Մատենադարանի գլխավոր ավանդապահ, Ձեռագրագիտության և Մայր ցուցակի բաժնի վարիչ Գևորգ Տեր-Վարդանյանի գլխավորությամբ Զմմառ մեկնեցին Մատենադարանի աշխատակիցներ Տաթևիկ Մանուկյանը, Հասմիկ Իրիցյանը, Նոննա Սարգսյանը և Քնար Հարությունյանը:

Վանքում նախատեսվող աշխատանքները մեկնարկեցին 2013 թ. այցի ընթացքում նկարագրված ձեռագրերի թերի մնացած մասերի լրացմամբ, պարզվեցին հարցական մնացած բոլոր կետերը, նկարվեցին ձեռագրերի պակասող էջերը և լրացվեցին-ամբողջացվեցին նկարագրված բոլոր ձեռագրերի թվային պատճենները:

matenadaran grqeri veranorogumԱյս աշխատանքների շնորհիվ Զմմառի վանքի 489 ձեռագրի (Հմր 683-1171) նախնական նկարագրությունները և թվային լիարժեք պատճենները պատրաստ են, ինչը ավելի քան բավարար նյութ է Զմմառի վանքի ձեռագրացուցակի մեկ ծավալուն հատոր կազմելու համար: Կատարված աշխատանքները լիարժեք հնարավորություն են ընձեռում գալիք տարվա ընթացքում ավարտել «Ցուցակ հայերեն ձեռագրաց Զմմառի վանքի մատենադարանի, հատոր Գ.» ծավալուն գրքի կազմումը և այն հանձնել տպագրման:

Զմմառում կազմակերպված այս տևական և ծավալուն աշխատանքները մեծապես նպաստելու են հայագիտության զարգացմանը, շնորհիվ որի վանքում պահվող ձեռագրերը աշխարհին կներկայանան նորովի՝ բովանդակային ողջ ճոխությամբ և հարստությամբ:

Բեյրութից 30 կիլոմետր հեռու գտնվող Զմմառի վանքում այսօր գրանցված ձեռագրերի ընդհանուր քանակը 2054 է. 682-ի նկարագրությունները հրապարակված են 1964 և 1971 թթ. հրատարակված երկու ստվար հատորով։ Հիմնական մասը 18-19-րդ դարերի ընթացքում Զմմառի միաբանների գրած ձեռագրերն են. աստվածաբանական, դավանաբանական, ծիսական ինքնուրույն և թարգմանական գործեր, դասագրքեր, քերականական և բառարանային երկեր։ Վանքն ունի նաև 300 միավոր արաբատառ՝ երևի հիմնականում արաբերեն ձեռագիր։ Սրանց պետք է ավելացնել նաև այն, որ կան դեռևս չմշակված և չճանաչված մագաղաթե պատառիկներ, ձեռագրերի առանձին պրակներ և ուղղակի ամբողջական ձեռագրեր, որոնց մշակումից և գրանցումից հետո Զմմառի չնկարագրված հայերեն ձեռագրերի քանակը վստահաբար անցնելու է 1100-ը։

Զմմառի վանքը Հայաստանից դուրս գտնվող հայկական մշակութային խոշոր և նշանակալի կենտրոնների առաջին շարքում է՝ Երուսաղեմի Սրբոց Յակոբյանց, Վենետիկի Մխիթարյան և Վիեննայի վանքերի կողքին։ Վանքի «Արծիվյան» միաբանության անդամներն ամբողջ աշխարհից ավելի քան 270 տարի շարունակ հավաքել և խնամքով պահպանում են հայկական մշակութային տարատեսակ արժեքներ, որոնք այսօր աշխարհին նորովի ներկայացնելու կարիք ունեն:

Սեդա Մանուկյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Rose says:

    Matenadaran is wonderful place to visit!
    I enjoy that amazing place!
    BRAVO

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930