Լրահոս
Օրվա լրահոսը

Մարիամ Ղազանչյան. «Հայրս երբեք չի ասում՝ ապրես, լավ խաղացիր»

Նոյեմբեր 02,2015 16:37

Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոնի դերասանուհի Մարիամ Ղազանչյանը վերջերս Ստամբուլի Շիշլիի մշակութային կենտրոնի դահլիճում ներկայացրել է «Մարսել» մոնոներկայացումը, որը բեմադրել է Պատանի հանդիսատեսի թատրոնի գեղարվեստական ղեկավար Հակոբ Ղազանչյանը:

«Մարսել» մոնոներկայացման հիմքում լեգենդար ֆրանսիացի երգչուհի Էդիտ Պիաֆի ապրումներն են՝  սիրեցյալի՝  Մարսել Սերդանի ողբերգական մահից հետո: Ներկայացման ընթացքում հնչում է 12 երգ Պիաֆի երգացանկից:

Aravot.am-ի հետ զրույցում դերասանուհի Մարիամ Ղազանչյանն ասաց, որ   «Մարսելը» բեմադրվել էր դեռեւս 2012-ին, ինչ  վերաբերում է ստամբուլյան հրավերին՝  ուղղակի շատ էին հավանել ու հրավիրել:

piaf3 piaf2 piaf1

Մեր հարցին՝ հե՞շտ էր մարմնավորել դրամատիկ ճակատագիր ունեցող կնոջը եւ արվեստագետին, Մարիամ Ղազանչյանը պատասխանեց. « Ինչ-ինչ բարդություններ, բնականաբար, կային: Մյուս կողմից էլ՝ ես վիզուալ չեմ փորձել իրեն նմանվել կամ երգել իր պես, որովհետեւ  դա հնարավոր էլ չէր: Մենք  հասկացանք, որ պետք է ուղղակի  հոգեբանությունը ճիշտ խաղալ, որպեսզի մնացածը հասկանալի լինի: Չէի ասի, որ դա էլ հեշտ էր, քանի որ առհասարակ Պիաֆին հասկանալն է բարդ: Փորձերի ընթացքում սկսեցի տարբեր հեղինակների՝ Էդիտ Պիաֆին նվիրված շատ գրքեր կարդալ, ու ամեն ինչ հասկանալի դարձավ ինձ համար»:

Իսկ ո՞րն էր դերասանուհու համար Թուրքիայում ստացած լավագույն գնահատականը: «Ինձ համար  ամենաբարձր գնահատականը այն էր, որ տոմսերը վաճառվել էին «բաց» դրամարկղով: Փաստորեն մարդիկ հետաքրքրվել էին, գնել եւ եկել ներկայացման»,-հայտնեց դերասանուհին:

Ինչ վերաբերում է  պապիկին եւ հորը՝ Երվանդ եւ Հակոբ Ղազանչյաններին, Մարիամ Ղազանչյանի խոսքով, նրանք տարբեր են գնահատականներում. «Պապիկը միշտ ունենում է իր կարծիքը, հայրս ՝ իր, ընդ որում, այս դեպքում հայրս ներկայացման ռեժիսորն էր: Առհասարակ հայրս չի սիրում ներկայացումից հետո խոսել ու երբեք չի ասում՝ լավ անցավ, կամ վատ անցավ: Դա իր տրամադրությունից եմ զգում ինչն ինչոց է: Բայց ինքը միշտ մի հարց է տալիս՝ դու քեզ լա՞վ էիր զգում բեմում:  Այդ ձեւով է վերլուծում ներկայացման լավ ու վատ անցնելը: Երբեք չի ասում՝ ապրես, շատ լավ խաղացիր…»:

Մեր մյուս հարցին՝ կա՞  այլ ճակատագրական կին, որին կուզենար մարմնավորել, Մարիամ Ղազանչյանը պատասխանեց. «Այս պահին որեւէ մեկին նկատի չունեմ, ուղղակի Պիաֆը բեմադրվեց անսպասելի…Ես երբեւէ չէի մտածել՝ Պիաֆի մոտիվներով ինչ-որ ներկայացում անելու մասին: Ի դեպ, ներկայացումն ավելի շատ ուղղված է Մարսել Սերդանի, քանի Պիաֆի վրա: Մենք ընտրել ենք Պիաֆի կյանքի երկրորդ էտապը՝ Մարսել Սերդանի մահից հետո ընկած հատվածը: Սրա համար էլ ներկայացումը կոչվում է «Մարսել» եւ ոչ թե «Պիաֆ»: Ինչ վերաբերում է մեկ այլ հերոսուհու, այս պահին որեւէ մեկին չեմ պատկերացնում, հիմա չեմ ուզում մոնոներկայացում խաղալ: Դեռ այդքան հետաքրքիր թեմա չեմ գտել, որ կուզենայի իրականացնել»,-պատասխանեց արվեստագետը:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 Լուսանկարները՝ Պատանի հանդիսատեսի թատրոնի՝ youththeater.am կայքից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30