Լրահոս
Օրվա լրահոսը

«Ամենապրիմիտիվը Սամվել Բալասանյանի քարոզարշավն է». կարծում են Գյումրու ՀԱԿ կառույցում

Նոյեմբեր 11,2015 20:33

Ինչպես հայտնի է, Շիրակի մարզի «Այո» շտաբը գլխավորում է գեներալ մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը՝ իր երկու տեղակալների, ՀՀԿ Շիրակի մարզային կառույցի պատասխանատուների, 5 պատգամավորների՝ նախկին ԲՀԿ-ականներ Մարտուն Գրիգորյանի, Մուշեղ Պետոյանի, ՀՀԿ-ականներ Սուքիաս Ավետիսյանի, Աշոտ Աղաբաբյանի, Արման Սահակյանի հետ:

«Այո» քարոզարշավին լծվել են նաեւ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, Արթիկի ու Մարալիկի ՀՀԿ-ական քաղաքապետեր Արսեն Աբրահամյանն ու Արտակ Գեւորգյանը: Գյումրու ՀԱԿ կառույցից պնդում են, որ «Այո»-ի քարոզարշավը ստվերային է. այս շտաբի ներկայացուցիչները գաղտնի քարոզարշավներ են անցկացնում մանկապարտեզներում, դպրոցներում, օգտագործում են բոլոր վարչական լծակները: Սակայն, նրանց գնահատմամբ, հիշյալ անուններից «ամենապրիմիտիվ ու անգրագետ» քարոզարշավն անցկացնում է Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը:

«Եթե գյուղերում՝ Գետքում, Ղարիբջանյանում ընտրակաշառք են փորձում տալ գյուղերը գազաֆիկացնելու անվան տակ, մանկապարտեզներում անձնագրերի պատճեներ են ուզում: Էդ գյուղացիները էլ չեն էլ հավատում, որովհետեւ նույն էդ գյուղերում նույն Արման Սահակյանն էր խոսք տալիս, թե պետք է անպայման գազ քաշենք: Էդ գյուղերում միշտ ընտրությունների ժամանակ էդ խոստումներն եղել են, էլ ով կհավատա՞…

Մեր գնահատմամբ, ամենապրիմիտիվն ու անգրագետը Սամվել Բալասանյանի քարոզարշավն է. տեսե՞լ եք նրա լոզունգը՝ քաղաքի կենտրոնում նրա պատկերով փակցված՝ հպարտ եմ ծառայել գյումրեցիներին (ի դեպ, քաղաքապետի այդ ցուցապաստառներն արդեն հանված են.- Ա.Ն.):

Բալասանյանը մոռանում է, որ սա նախընտրական շրջան չէ, այլ հանրաքվեի քվեարկություն է, աբսուրդ է այս մարդու արածը: էլ չեմ խոսում նրա խորհրդականի ու քաղաքապետարանի աշխատակիցների «հանճարեղ» մտքերի մասին. հիշո՞ւմ եք՝ այցելել են մանկապարտեզներ ու քարոզել են անպայման «Այո» ասել, քանի որ իրենք չենք ուզում եւս մեկ անգամ Գյումրին դառնա քավության նոխազ: Նրանց քարոզարշավը ստվարային է, ոչ հրապարակային, ես ասել եմ հանրապետականներին՝ դուք չեք կարող փողոց դուրս գալ ու խոսել գյումրեցիների հետ, որովհետեւ երեսատեղ չունենք: Ես խնդրել եմ թե՛ ՀՀԿ-ականներին, թե՛ նախկին ԲՀԿ-ականներին, թե դուրս եկեք փողոց, նախ մարդկանց կարծիքը իմացեք ձեր մասին, հետո «Այո»-ի մասին:

«Ոչ»-ի ճակատի վիճակն այսօր հոյակապ է, որովհետեւ մենք գիտենք, որ այսօր վարչական ռեսուրս օգտագործելով՝ «Այո»-ն կարող է տանել 10-15 տոկոս ձայն», -ասում է Գյումրու ՀԱԿ կառույցի ներկայացուցիչ Վահագն Խաչատրյանը:

Մեր զրուցակիցն ասում է, որ Գյումրիում նույնիսկ թաղային հեղինակությունները ու ընտրակաշառքը ոչինչ անել չեն կարող, իսկ ընտրակեղծարարության մեթոդները շատ հին են, նորություն չկա, բացի նույնականացման քարտերով քվեարկելուց: «Էսօր այս մեթոդներով իրենք շահեկան դիրքում չեն կարող հայտնվել, համենայնդեպս Գյումրիում չանցնող է, որովհետեւ գյումրեցին իր ուրույն ձայնն ունի, գյումրեցին իր «Ոչ»-ն արդեն ասել է: Գյումրեցին իր «Ոչ»-ն ասաց 2012-ին, ասաց 2013-ին, էսօր գյումրեցին չի փոխվել, էսօր գյումրեցու սոցիալ-տնտեսական վիճակը չի փոխվել, չի լավացել , ընդհակառակը Գյումրին դատարկվել է, եւ այսօր իրենք ասում են՝ մենք ամեն ինչ անելու ենք հանուն գյումրեցու: Նույնիսկ ասում են ՝գիտեք այս անգամ էլ , եթե ձայն չտաք, Սերժ Սարգսյանը չի ճանաչի Գյումրին, էդ չհասկացա՞նք, եթե հանրաքվեին այո չքվեարկեցին, ուրեմն Սերժ Սարգսյանը պիտի անտեսի՞ այս քաղաքը, ինքը պիտի որոշի հա՞ Գյումրիում ֆինանսական հոսքը»:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ          

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30