Լրահոս
Օրվա լրահոսը

«Մի ժամադրության պատմություն»

Նոյեմբեր 13,2015 23:33

«Հայ գիրք» գրախանութում այսօր տեղի ունեցավ Գնել Խաչատրյանի «Մի ժամադրության պատմություն» պատմվածքների առաջին ժողովածուի շնորհանդեսը:

Ժողովածուում ընդգրկված 36 փոքրիկ պատմվածքները կարծես հուշերի պատառիկներ լինեն, որոնք հեղինակը թղթին է փոխանցել վերջին 4-5 տարիների ընթացքում:

«Այն, ինչ գրում եմ, յուրահատուկ է նրանով, որ մյուսները չէին կարող գրել, որովհետև դա ես եմ տեսել»,- ասում է Գնել Խաչատրյանը:

Aravot.am-ի հետ զրույցում նա նշեց, որ իր պատմվածքները հստակ գծված սյուժե չունեն: Կենտրոնում կերպարն է՝ տվյալ պահի իր հոգեվիճակով. «Բոլոր հերոսներն իրական ու հասարակ մարդիկ են, որոնց հետ ինչ-որ ժամանակ շփվել եմ, և նրանք իրենց որևէ հոգեվիճակով, արարքով, ընդհանրապես իրենց կերպարով հետաքրքրել են ինձ ու տպավորվել հիշողությանս մեջ: Տպավորությունը մնացել է, հետո ինչ-որ պահի սկսել եմ գրել այդ մասին»,- հավելեց Գ. Խաչատրյանը:

Ասում է, որ իր պատմվածքներով ցանկանում է մարդկանց ցույց տալ, թե որքան կարևոր են մարդու համար շրջապատի ուշադրությունն ու հոգատարությունը. «Իմ բոլոր հերոսներն իրենց շրաջապատի կողմից հոգատարության և ուշադրության պակաս զգացել են: Հաճախ են, չէ՞, մարդկանց պիտակավորում, ասում են՝ այս մարդը ինքնամփոփ է, շփվող չէ, մյուսը խելագար է, երրորդը մանկամիտ է և  այլն: Պիտակ դնելով՝ այդ մարդկանց կարծես անտեսում են: Դրանից նրանք ավելի ինքնամփոփ, խելագար ու մանկամիտ են դառնում: Այնպես որ, ոչ թե պետք է պիտակավորել մարդուն, այլ փորձել խորանալ նրա հոգու մեջ: Այնտեղ ավելի հետաքրքիր բաներ կլինեն, քան այդ պիտակն է»,- ասաց մեր զրուցակիցը:

Գիրքը վերնագրված է «Մի ժամադրության պատմություն»՝ նրանում ընդգրկված պատմվածքներից մեկի անունով: Այն գրականագետ, «Անտարես» հրատարակչության գլխավոր խմբագիր Արքմենիկ Նիկողոսյանն է ընտրել. «Ժողովածուն ընթերցելուց անմիջապես հետո վերնագիրն իմ մեջ ծնվեց: Իմ տպավորությամբ՝ Գնելը մեզ ժամադրում է լավի, բարու, գեղեցիկի հետ: Եվ նրա ցանկացած պատմվածքի ընթերցում մի յուրօրինակ ժամադրության պատմություն է, որովհետև այդ ընթացքում մենք հանդիպում ենք հետաքրքիր կերպարների, գեղեցիկ զգացողությունների, որոնք անպայման լավ հուշ են թողնում: Գնելի գիրքը բոլորիս կարող է տանել լավ ու գեղեցիկ ժամադրության:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30