Լրահոս
Օրվա լրահոսը

«Դուք հաճո՞ւյք եք ստանում, երբ ձեզ դիտողություն եմ անում, շոուն չստացվեց». Փոստանջյանի խոսափողն անջատեցին (Տեսանյութ)

Դեկտեմբեր 07,2015 16:37 Share

ԱԺ-ում քննարկվեց ՕԵԿ եւ ՀՀԿ պատգմավորների հեղինակած նախագիծը՝ Կրթության մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին:

Տիգրան Ուրիխանյանը հարցրեց՝ մանկավարժների սոցիալական վիճակը, աշխատավարձը, ապահովվածությունը հաշվի առնելով՝ ինչպե՞ս կարելի է որակի մասին խոսել, որ մի հատ էլ դրանից հետո գնահատել:

ՀՀԿ պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը, որը հիմնական զեկուցողն էր, ասաց, որ երբ մանկավարժը մտնում է դասարան, բոլորովին չի մտածում ինքը ինչ աշխատավարձ է ստանում, քանի որ նվիրյալ է եւ միշտ էլ, անկախ աշխատավարձից, տվել են որակյալ սերունդ:

Ըստ Տիգրան Ուրիխանյանի, օրինակ, ֆիզիկայի ուսուցիչը չի մտածում վերապատրաստվելու մասին, այլ մտածում է արագ ավարտել դասն ու գնալ տուն՝ մտածելով սեփական ընտանիքի հոգսերի մասին. «Փողը գնում հասնում է ամենավերեւներին: Զարմանում եմ, ինչու են ամենաբարձր խավին պատկանում ուսումնական հաստատությունների տնօրենները: Մի անգամ չտեսանք սոված դպրոցի տնօրեն կամ բուհի ռեկտոր: Փոխարենը ուսուցիչները դասարան են մտնում 20 տարի առաջ ձեռք բերված վերարկուով: Դրանից էլ ամեն ինչ սկսվում է»:

Զարուհի Փոստանջյանն էլ ասաց, որ օրինակ, ինքը իր երեխաներին քարոզում է գիտելիք եւ հայրենիք: Իր երեխաներին ասում է, որ չի թողնելու ոչ հարստություն, ոչ փող, այլ տալու է միայն գիտելիք, եւ թողնելու է հայրենիք, առանց որի երջանիկ չեն կարող լինել:

Ըստ նրա, եթե  որակյալ կրթություն լիներ, ուսանողները կայացած կլինեին, ազատ կլինեին եւ այսօր առաջին հեղափոխականն իրենք կլինեին:

Նիստը վարող ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը Զարուհի Փոստանջյանին ասաց, որ խախտում է ԱԺ կանոնակարգի 45 հոդվածը. «Դուք հաճո՞ւյք եք ստանում, որ ես ձեզ դիտողություն եմ անում: Ավելի լավ է լռել, քան թե աննպատակ խոսել: Շոուն չստացվեց, տիկին Փոստանջյան, ձախողեցիք էլի»:

Նրա խոսափողը անջատեցին, թեեւ տիկին Փոստանջյանը մինչեւ վերջ առանց խոսափողի էլ կարդաց այն ելույթը, որը պատրաստել էր:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. henri says:

    Ես կը յարգեմ այս տիկինը որ քաջութիւնն ունի որպէս ընտրեալ պատգամաւոր անկեղծօրէն իր տեսակէտն արտայայտելու եւ ոչ սողալու կարգ մը անձերու նման լուտանքներ արձակելով իրեն դէմ։

Պատասխանել