Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

6-րդ ընտրատարածքը մերժեց լրագրողի բողոքը (Տեսանյութ)

Դեկտեմբեր 11,2015 22:15

Թիվ 6 ընտրատարածքային հանձնաժողովը դեկտեմբերի 11-ին արտահերթ նիստ գումարեց հանրաքվեի ընթացքում հայտնաբերված խախտումների վերաբերյալ բողոքների հիման վրա: Բողոքը ներկայացրել էր «Ասպարեզի» լրագրող Էդուարդ Գյոզալյանը՝ նշելով, որ հանրաքվեի օրը՝ դեկտեմբերի 6-ին, 6/06 ընտրատեղամասում խոչընդոտել են իրացնել իր իրավունքները: Էդուարդ Գյոզալյանը չէր ներկայացել նիստին, ներկայացել էր միայն նրա ներկայացուցիչ Սերգեյ Գրիգորյանը:

Նիստի ընթացքում, երբ ընտրատարածքային հանձնաժողովի նախագահ Արսեն Սողոմոնյանը ցանկանում էր հրապարակել որոշման նախագիծը, Սերգեյ Գրիգորյանը հետաքրքրվեց, թե առանց կողմին լսելու, հանձնաժողովը որոշում է իրականացնո՞ւմ, հանձնաժողովի անդամները պատասխանեցին, որ կարդացել են դիմումները: Սերգեյ Գրիգորյանը հայտարարեց, որ որոշման նախագիծը չպիտի կայացվեր, քանի որ իրենց չեն լսել:

IMG_0708 IMG_0710

Հանձնաժողովի անդամները հայտարարեցին, որ բողոքը չի ներկայացվել սահմանված ժամկետի ընթացքում, այդ պատճառով էլ նախագծով առաջարկվում է մերժել այն, եւ ավելորդ է ներկայացուցչին լսել:

 

Սակայն, Սերգեյ Գրիգորյանը ներկայացրեց բողոքը, նա նշեց, որ կողմը պահանջում է պարզել, թե ով է խոչընդոտել լրագրողի աշխատանքը եւ քրեական գործ հարուցել, կողմը նաեւ որպես խախտված իրավունքների վերականգնում դիմում է նաեւ հանձնաժողովի նախագահին համապատասխան միջոցներ ձեռնարկել, որպեսզի այդ իրավունքը վերականգնվի, մասնավորապես՝ ապահովել ընտրողների ստորագրված ցուցակները: Հանձնաժողովի նախագահը հայտարարեց, որ ցուցակները արդեն վաղուց գտնվում են արխիվում:

Հանձնաժողովի անդամներին հետաքրքիր էր, թե ինչպես է խոչընդոտվել աշխատանքը, երբ լրագրողը մինչեւ ամփոփման ավարտ մնացել է տեղամասում: Հրապարակվեց որոշման նախագիծը, որտեղ նշվում է, որ բողոքը ստացվել է փոստի միջոցով ուշացումով ներկայացված դիմումները չեն կարող համարվել պատշաճ դիմումներ եւ հանդիսանալ քննության առարկա:

Սերգեյ Գրիգորյանը հայտարարեց, որ միջնորդություն է ներկայացնում, որ սահմանված ժամկետում ներկայացված բողոքը քննվի, եւ որ բաց թողված ժամկետը հարգելի համարվի: Հանձնաժողովի անդամները հայտարարեցին, որ իրենք արդեն որոշումը կայացրել են եւ հարգելի չեն համարել բաց թողված ժամկետը, եւ թույլ չտվեցին միջնորդությունը ներկայացնել, քանի որ «քննություն չի գնում»: Սերգեյ Գրիգորյանը հետաքրքրվեց, թե հանձնաժողովի անդամներից ո՞վ է մասնագիտությամբ իրավաբան, պատասխանեցին՝ ոչ ոք:

«Խնդրում եմ արձանագրել այն փաստը, որ ինձ չի թույլատրվում ներկայացնել միջնորդություն զուտ պայմանավորված այն հանգամանքով, որ օրենքի իմացություն չունեն»,- հայտարարեց ներկայացուցիչը:

Հանձնաժողովի նախագահը ցանկացավ զանգահարել այդ հանգամանքը ճշտել, սակայն հանձնաժողովի անդամներից մեկը բացականչեց. «Ինչ ասես կարան խոսան, ու Դուք էլ պիտի փորձեք ստեղ-էնտեղ ճշտե՞լ: Մենք ի՞նչ հիմքով ենք մերժում, վերջ ուրեմն, ինչի մասին է խոսքը: Ընդհանրապես քննություն չպիտի ըլներ, որովհետեւ ուշ ա եկել, էդ հիմքով մերժում ենք: Ի՞նչ եք հիմա ընկել հետեւից, հիմա էս կճշտենք, հիմա էն կճշտենք, մի հատ էլ անգրագետ ա փորձում հանել»:

Ընտրատարածքային հանձնաժողովի բոլոր անդամները կողմ քվեարկեցին որոշման նախագծին, բողոքը մերժվեց:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031