Շերլոկ Հոլմսի կերպարով հայտնի բրիտանացի ճանաչված դերասան Բենեդիկտ Կեմբերբետչը, ի թիվս այլ աստղերի, օրերս նամակ է գրել Սանտա Կլաուսին՝ «Կենդանի նամակներ» ակցիայի շրջանակում: Բանն այն է, որ դեկտեմբերի 7-ը Մեծ Բրիտանիայում նշվում է որպես Նամակների ազգային օր: Ձմեռ պապին ուղղված նամակում նա խնդրել է հոգ տանել երեխաների մասին եւ պաշտպանել նրանց փորձանքներից: «Հարգարժան Ամանորի հայր: Մենք իրավունք չունենք քեզանից խնդրելու բաներ, որոնք վերաբերում են գլոբալ խնդիրների՝ էկոլոգիային, առողջապահությանը, կրթությանը, արտադրությանը, մարդու իրավունքներին, ֆունդամենտալիզմին եւ պատերազմներին: Տերը գիտի այն ամենի մասին, ինչ սպասվում է մեզ: Դու պատասխանատու ես երեխաների համար: Նրանք այնքան ունեն այս աշխարհում քո հրաշագործությունների կարիքը, որտեղ միշտ խախտվում են անմեղության եւ պատասխանատվության սահմանները՝ ահավոր երեւակայության եւ սառը հաշվարկի արդյունքում: Օգնիր երեխաներին մի քիչ շատ երեխա մնալ, կտրիր նրանց դաժան իրականությունից, որպեսզի կարողանան ավելի շատ ժպտալ, քան լաց լինել: Հոգ տար նրանց համար, ովքեր տառապում են հիվանդությունից, աղքատությունից ու կարիքից, լցրու նրանց կյանքն ուրախությամբ եւ քնքշությամբ»,-ասված է Ձմեռ պապին հղված նամակում: Դերասանը չի մոռացել մի բան էլ խնդրել իր համար, որ երազել է մանուկ հասակում. «Սիրելի Սանտա, եթե հնարավոր է, ինձ էլ մի լուսարձակող թուր խաղալիք նվիրիր»:
«Առավոտ» օրաթերթ


















































