Լրահոս
Օրվա լրահոսը

Հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովը մերժեց Հ/Կ-ների դիմումը

Դեկտեմբեր 12,2015 21:51

Հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովը դեկտեմբերի 12-ին արտահերթ նիստ էր գումարել, որի ընթացքում մի շարք դիմումներ քննվեցին: Դիմումներից առաջինը  ներկայացրել էին «Թրանսփարենսի ինթերնեշնլ», «Իրազեկ քաղաքացիների միավորում», «Իրավունքի Եվրոպա միավորում», «Ընդդեմ իրավական կամայականությունների», ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ հասարակական կազմակերպությունները:

Դիմումում նշված էր, որ կազմակերպությունները հանրաքվեի քվեարկության օրը՝ դեկտեմբերի 6-ին, 1000-ից ավելի դիտորդների եւ լրագրողների միջոցով դիտորդական առաքելություն են իրականացրել: Ըստ դիմումի, անհասկանալի է այն իրավաչափ նպատակը, որին պետք է ծառայի բողոքների ներկայացման ժամանակի սահմանափակումը, որի պայմաններում շահագրգիռ կողմերը չունենալով ժամանակ իրենց բողոքը ներկայացնելու համար միայն խորացնելու են իրենց եւ հանրության կասկածները քվեարկության արդարության եւ թափանցիկության կապակցությամբ: Դիմումատուները խնդրում են  Հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովին հետաձգել 2015 թվականի հանրաքվեի արդյունքների ամփոփումը, հնարավորություն ստեղծել բոլոր սուբյեկտներին լիարժեք ներկայացնել իրենց դիտարկած խախտման դեպքերը:

Հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը հայտարարեց, որ ճիշտ նույն միջնորդությունը ներկայացրել է նաեւ Հայ ազգային կոնգրես խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի կողմից, այդ կապակցությամբ երկու դիմումները միավորվել են մեկ քննության վարույթի շրջանակներում:

Նիստին ներկա էր «Իրավունքի Եվրոպա միավորում» հասարակական կազմակերպության անդամ, փաստաբան Տիգրան Եգորյանը: Նա իր ելույթում վկայակոչեց դատախազության պաշտոնական հաղորդագրությունը, համաձայն որի առկա է 461 հաղորդագրություն եւ արդեն իսկ հարուցվել է 14 քրեական գործ:

«Տվյալները դեռ  ամփոփվում են, դրան մի զգալի զանգված դեռ չի ներկայացվել: Այս պահի դրությամբ մենք հաջողացրել ենք ներկայացնել մոտավորապես 300 միջադեպի վերաբերյալ դիմում-բողոք, բայց դրանք կազմում են երեւի թե կեսը, կեսից էլ քիչ այն բոլոր հաղորդումների, որոնք մենք շարունակում ենք ստանալ: Դրան ավելանում են նաեւ վերահաշվարկների ընթացքում դիտորդների կողմից արձանագրված խախտումները, դրանք մենք դեռ չենք հասցրել ներկայացնել Կենտրոնական ընտրական հանձնաժողովին»,- ասաց նա:

Տիգրան Մուկուչյանը հրապարկեց որոշման նախագիծը, որով առաջարկում է մերժել, քանի որ հանրաքվեի արդյունքները քվեարկությունից հետո յոթերորդ օրը ամփոփելու պահանջն հանդիսանում է օրենսդրական պահանջ, ժամկետը սահմանված է հստակ եւ աներկբա, եւ այն հետաձգելու որեւէ լիազորություն Հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովի համար սահմանված չէ:

Քվեարկություն կատարվեց, Հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովի 7 անդամներից 7-ը կողմ էին նախագծին, որոշումն ընդունվեց:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031