Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԳ նախարար. «Ընդդիմության բոյկոտի պատճառով նախագիծը տապալվեց»

Հունվար 20,2016 15:01

Հունվարի 20-ին ՀՀ կրթության և գիտության նախարարությունում կայացած ասուլիսում ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն անդրադարձավ գերատեսչության 2016 թվականի գործունեությանը, գերակա խնդիրներին եւ միջոցառումներին:

«2016-ը մեզ համար լինելու է ծանրաբեռնված, բայց հույս ունենք, որ տարվա վերջում կլինի արդյունավետ տարի: Տարվա ընթացքում կշարունակենք արդեն մեկնարկած բարեփոխումները, զարկ կտանք նաեւ նոր նախաձեռնությունների: Հայաստանը շարունակելու է կրթական բարեփոխումների ճանապարհը»,-ասաց ԿԳ նախարարը:

Նաեւ հավելեց, որ հանրակրթական ոլորտում կշարունակեն նախադպրոցական կրթության ընդլայնման ծրագիրը, շուրջ 30 նախակրթարան կհիմնվեն 6000 երեխաների համար, կվերանորոգվեն 5 ավագ դպրոցներ, եւս 15-ի համար նախագծային աշխատանքներ կիրականացվեն, «Ազգային երգուպար» առարկան ամբողջությամբ կներդրվի Շիրակի մարզում եւ Արմավիրում:

Արմեն Աշոտյանը նշեց, որ շարունակելու են կրթության բովանդակության եւ կառուցվածքային բարեփոխումները՝ մասնագիտական կրթության բնագավառում:

Բարձրագույն կրթության ոլորտում նա առանձնացրեց «Բարձրագույն եւ հետբուհական կրթության մասին օրենքի» մշակման քայլերը, ասաց, որ այն 10 տարիների ընթացքում շատ է «կարկատվել», ու վաղուց անհրաժեշտ է եվրոպական չափանիշներին համապատասխան իրավական դաշտի ստեղծում:

Հավելեց, որ շարունակվելու է ազգային հավատարմագրման գործընթացը, հույս ունի, որ այս տարի կլինի եվրոպական հավատարմագիր ունեցող գոնե մեկ բուհ:
Նախարարն անդրադարձավ Հայաստանի՝ Բոլոնիայի քարտուղար երկիր լինելուն ու անցյալ տարի Երեւանում կայացած նախարարական համաժողովին: Ասելով, որ չնայած Հայաստանն այժմ հերթափոխը փոխանցել է Ֆրանսիային, սակայն մեր երկրին առաջարկվել է Ֆրանսիական քարտուղարության մեջ ունենալ մասնակցություն, ու Հայաստանը նորից ներկայացված կլինի այդ կարեւորագույն գործողություների մեջ՝ որպես որոշումներ մշակող երկիր:

Նախարարը հավելեց, որ Հայաստանն արդեն «Հորիզոն 2020»-ի լիիրավ անդամ երկիր է, եւ 2016թ-ից սկսած՝ անգամ մինչ համաձայնագրի ստորագրումը եւ փաստաթղթային գործընթացի ավարտումը, Հայաստանի գիտնականները լիարժեք կմասնակցեն այս ծրագրին:

Նա լրագրողներին հայտնեց, որ այս տարի կառավարությանն է ներկայացվել ասպիրանտուրայի ընդունելության նոր կարգը, որն ավելի թափանցիկ կդարձնի գործընթացը, նմանատիպ մի փաստաթուղթ էլ մշակվել է գիտական աստիճանաշնորհման գործընթացն ավելի թափանցիկ դարձնելու համար:

Պատասխանելով հարցին, թե այդ փոփոխություններից հետո արդյոք ինչ-ինչ պաշտոնյաներ հեշտությամբ չեն ստանա գիտական աստիճաններ, պարոն Աշոտյանը հայտնեց, որ որեւէ պաշտոն կամ բարեկամական կապ չի կարող սահմանափակել գիտական աստիճանաշնորհում, ընտրության իրավունք եւ այլն: «Անցյալ տարի մենք համապատասխան օրինագիծ տարանք ԱԺ եւ առարկեցինք երկրի թոփ 500 պաշտոնյաններին արգելել ստանալ գիտական կոչումներ իրենց պաշտոնավարման ընթացքում, ընդդիմության բոյկոտի արդյունքում, սակայն, օրինագիծը տապալվեց: Բոլոր դեպքերում այդ գործընթացը կարգավորման առաջին արդյունքները տվել է, գիտական հոդվածների հետ կապված խստացումներ կան»:

Ինչ վերաբերում է դասերի հետաձգմանը, այս մասին էլ ասաց, որ ԿԳ նախարարությունը կատարել է կառավարության հանձնարարականը եւ ականջալուր եղել առողջապահության նախարարության ահազանգերին, եթե համապատասխան գերատեսչությունը բարձրացնի խնդրի վերաբերյալ եւ կառավարության կողմից լինի հանձնարարական, արձակուրդները կերկարաձգվեն: Նշվեց, որ գարնանային արձակուրդներ վերանալու են դպրոցներում, բացը լրացնելու համար դպրոցները կարող են ընտրել 6-օրյա աշխատանքային շաբաթը:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031