Լրահոս
Օրվա լրահոսը

Մարգարիտ Եսայան. «Մենք մեր կռիվը կռվելու ենք»

Ապրիլ 02,2016 21:38

«Մենք մեր կռիվը կռվելու ենք եւ տեր ենք կանգնելու մեր սահմաններին, մեր ժողովրդին եւ ազատագրված Արցախին: Բայց միջազգային կառույցները, որոնք պատասխանատվություն են ստանձնել խնդրի խաղաղ կարգավորման համար, այս պահին ոչ թե բառերով, հայտարարություններով, այլ կոնկրետ գործողություններով պետք է բռնեն ահաբեկչի ձեռքը: Որովհետեւ այն, ինչ այսօր իրականացնում է Ադրբեջանը` ղարաբաղաադրբեջանական սահմանին, այլ բառով քան ահաբեկչություն, դժվար է որակել»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Մարգարիտ Եսայանը:

Ղարաբաղաադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը պատգամավորը նորություն չի համարում. «Ժամանակ առ ժամանակ մեր հակառակորդը փայլում է այսպիսի անվայելուչ պահվածքով: Այս դեպքում, իրենք անցել են բոլոր չափերը: Ստեղծված իրավիճակում, միջազգային բոլոր կառույցները`նախեւառաջ ԵԱՀԿ Մինսկի խումբը, համանախագահներ ԱՄՆ-ը, ՌԴ-ն եւ ԵՄ-ն`ի դեմս Ֆրանսիայի, պարտավոր են հրատապ քայլեր ձեռնարկել`սանձելու համար մեր ռազմատենչ հարեւանին»:

Տիկին Եսայանը կրկնում է իր համոզմունքը, որը բազմիցս է արտահայտել. «Ղարաբաղաադրբեջանական սահմանին մղվող կռիվը մենք կռվելու ենք եւ հաղթելու ենք: Մենք կռվելու խնդիր չունենք, այս իմաստով, անհանգստություն չունենք: Բայց, քանի որ միջազգային հեղինակավոր կազմակերպությունները ստանձնել են հարցի խաղաղ կարգավորման պատասխանատվությունը, պարտավոր են գոնե հիմա հստակ դիրքորոշում հայտնել եւ վերջ դնել երկակի ստանդարտներին, որոնցով առաջնորդվել են մինչ այժմ»:

Հիշեցնենք, չնայած առավոտից, միջազգային հանրությանն ուղղված հայկական կողմից  հնչած կոչերին`վերջ դնել երկակի ստանդարտներին, արձագանքներում, եւ այլն, կրկին հավասարության նշան էր դրված կողմերի միջեւ, բացառությամբ, ՀԱՊԿ-ի:

«Վաղուց ժամանակն է, որ Ալիեւին եւ Ադրբեջանին սեփական տեղը ցույց տալ: Միջազգային կառույցները գոնե այս անգամ պետք է սթափվեն»,- ասաց մեր զրուցակիցը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930