Լրահոս
Օրվա լրահոսը

Քուշկյան. «Տարբեր աստիճանի ծանրության վիրավորներ կան, հիվանդների մի մասին էլ տեղափոխել են Հայաստան՝ կենտրոնական հոսպիտալ»

Ապրիլ 04,2016 18:45

Լեռնային Ղարաբաղի հանրապետության առողջապահության նախկին նախարար Հարություն Քուշկյանն, որն այս օրերին Արցախում է գտնվում, Aravot.am-ի հետ զրույցում վստահեցրեց, որ ադրբեջանական հրետակոծությունից բոլոր վիրավորվածները գտնվում են պրոֆեսիոնալ բժիշկների վերահսկողության տակ եւ ստանում են անհրաժեշտ բուժօգնություն. «Տարբեր աստիճանի ծանրության վիրավորներ կան, հիվանդների մի մասին էլ տեղափոխում են Հայաստան՝ կենտրոնական հոսպիտալ»:

Պարոն Քուշկյանն անդրադառնալով Արցախում տիրող տրամադրություններին, ասաց. «Համախմբված վիճակ է»:

Նշենք, որ «Էրեբունի» բուժկենտրոնի մի խումբ աշխատակիցներն էլ Քուշկյանի հետ գտնվում են Արցախում, եւ ինչպես նախկին նախարարն ասաց, արցախցի բուժաշխատակիցների հետ միասին իրականացնում են այն ամենը, ինչի կարիքը կա, եւ  բոլոր վարչական տարածքներում: Պարոն Քուշկյանն ասաց՝ հիվանդանոցը, որը կառուցվել է գործարար Սամվել Կարապետյանի միջոցներով, այնքան ապահով, բարձրակարգ է եւ հագեցած է անհրաժեշտ բուժսարքավորումներով, որ հիվանդները որեւէ բանի կարիք չունեն, հիվանդանոցն էլ տարածաշրջանում նմանը չունի. «Բոլոր հիվանդանոցները հագեցված ենք ե՛ւ դեղորայքով, ե՛ւ բուժպարագաներով, արյան պաշարներով, «Էրեբունի»-ից էլ շտապօգնության մեքենաներ են եկել, բոլոր շտապօգնության մեքենաներն աշխատում են արտակարգ ռեժիմով»:

Արցախ վերադառնալու մասին էլ Հարություն Քուշկյանն ասաց.«Ես ուղղակի որոշեցի մեր մասնագետների հետ գալ այստեղ, այլ կերպ հնարավոր չէր, յուրաքանչյուր նորմալ մարդ պիտի աջակցի Արցախին: Ես 2 տարի Արցախում եմ աշխատել, հարազատացել եմ Արցախին ու ժողովրդի հետ, շատ ընկերներ ունեմ: Իմ մարդկային պարտքն էր լինել այստեղ ու հենց այս իրավիճակում»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930