Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞ւր է տանում Ալիեւի սկսած պատերազմը

Ապրիլ 09,2016 19:30

Ապրիլի 1-2-ին վերստին պատերազմի վերածված ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց եւ կարծես շարունակվելու միտում ունի
Հայերս, փաստորեն, մեզնից կախված ամեն ինչ արեցինք, որպեսզի պատերազմ չլինի: Նույնիսկ այն ժամանակ, երբ կարող էինք ավելի առաջ շարժվել, մեծահոգաբար Ադրբեջանի հետ զինադադար կնքեցինք: Զինադադարից, պարզվում է, Ադրբեջանը լավ էլ օգտվեց: Նախ՝ ժամանակ շահեց, երկրորդ՝ տարատեսակ լիքը զենք ու զինամթերք ձեռք բերեց: Մի խոսքով՝ հնարավորություն տվեցինք, որպեսզի հնարավորինս պատրաստվի պատերազմի:

Չնայած նոր պատերազմի առաջին իսկ օրն Ադրբեջանը տասնապատիկ ավելի մարդկային զոհեր տվեց ու մարտական տեխնիկայի կորուստներ կրեց, բայց դա մեզ առանձնապես չի գոհացնում՝ ոչ միայն այն պատճառով, որ մեզ համար մեր կորուստներն են առանձնապես թանկ, այլեւ այն պատճառով, որ սկսված այս խոշորամասշտաբ հակամարտությունն ու նոր պատերազմը երբեւէ մեր պլանների մեջ չեն մտել: Հայաստանն ու Ղարաբաղը մշտապես հակված են եղել հարցի խաղաղ կարգավորմամբ լուծմանը, եւ այդ է պատճառը, որ հայկական կողմը, ի տարբերություն ադրբեջանականի, մշտապես հանդուրժել եւ ողջունել է Մինսկի խմբի խաղաղարար գործունեությունը:

Ադրբեջանն, իհարկե, ամեն կերպ փորձում է հերքել, որ այս նոր ու խոշորամասշտաբ բախումն ինքն սկսեց, բայց դա ակնհայտ փաստ է, որովհետեւ պատերազմը Ղարաբաղին, Հայաստանին ու հայությանը բոլորովին պետք չէր: Եվ չնայած մենք երբեւէ պատերազմի չենք ձգտել, բայց կյանքը ցույց է տալիս, որ մշտապես պատրաստ ենք պատերազմի: Ահա թե ինչը հաշվի չեն առել Ալիեւն ու նրա խորհրդատուները: Եթե հաշվի առնեին, դժվար թե սկսեին:

Պատերազմի առաջին օրերից տպավորությունն այն է, որ Ադրբեջանի կողմից զենքն է կռվում, իսկ մեր կողմից՝ մարդը: Տարբերությունն այն է, որ իր հողի ու հայրենիքի համար մարտնչող մարդը նաեւ ոգու կրող է, իսկ զենքը զուրկ է հոգուց ու ոգուց:
Պարզվում է, որ այս պատերազմը նաեւ ադրբեջանցիներին ձեռնտու չէ՝ ոչ միայն տասնապատիկ ավելի զոհերի ու կորուստների պատճառով, այլեւ այն պատճառով, որ այս պատերազմն ադրբեջանցիներին ու անձամբ Ալիեւին, փակուղուց բացի, ուրիշ որեւէ տեղ չի տանում: Այնպես որ՝ եթե խելքները լրիվ չեն կորցրել, պիտի որ արդեն փոշմանած լինեն: Հատկապես Ալիեւը պիտի փոշմանած լինի՝ տեսնելով, որ ի տարբերություն հայերի՝ իր ժողովուրդը կռվի պատրաստ չէ, կամ, որ ավելի հնարավոր է, ադրբեջանցին չի ուզում Ալիեւի համար կռվել: Մինչդեռ հայերը կռվել են եւ միշտ կկռվեն հանուն իրենց հողի ու հայրենիքի: Այս պարզ ճշմարտությունն Ալիեւն ու Ադրբեջանի պատասխանատուները շուտով կհասկանան, եթե, իհարկե, արդեն չեն հասկացել: Ենթադրում ենք, որ Ալիեւը լավ էլ հասկացել է, որովհետեւ երբեմն-երբեմն նաեւ հակամարտության խաղաղ կարգավորման թեմայով է բարբաջում՝ միամիտներին հավատացնելով, թե ինքը դեմ է ռազմական գործողություններին:

Ի տարբերություն կրտսեր Ալիեւի՝ հայր Ալիեւը ճիշտ ժամանակին հասկացավ, որ զինադադարը հատկապես Ադրբեջանին է հարկավոր, որովհետեւ պատերազմն արդեն իրեն ու իր երկրին ոչ մի լավ բան չէր խոստանում:
Կարծում ենք՝ կրտսերն էլ շուտով կհասկանա, եթե, իհարկե, արդեն չի հասկացել:
Հաստատ հասկացած կլինի, որովհետեւ նոր պատերազմի առաջին իսկ օրվանից սկսած՝ մեր զինվորներն ու մեր բանակն իրենց բարձրության վրա գտնվեցին՝ ուսանելի մի շարք դասեր տալով հակառակորդին: Հուսով ենք՝ դասեր կքաղեն:
Ճարահատյալ, իհարկե:

Իրենց բարձրության վրա գտնվեցին նաեւ մեր քաղաքական ընդդիմադիր կուսակցություններն ու գործիչները, որոնք հայտարարել եւ հայտարարում են, որ պատրաստ են մի կողմ դնել ներքաղաքական տարաձայնությունները եւ համախմբվել՝ հանուն հայրենիքի պաշտպանության:

Իսկ կամավոր զինվորագրվել ցանկացողներ՝ որքան ուզեք:
ՈՍԿԱՆ ԵՐԵՎԱՆՑԻ

«Առավոտ»

09.04.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930