Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրեցի տանկիստ Տիգրանի անունը կրող նորածնին շտապել էին խաղալիք տանկ նվիրել (Ֆոտոշարք եւ տեսանյութ)

Ապրիլ 11,2016 18:03

Ինչպես տեղեկացրել ենք, Գյումրու ծննդատանը ապրիլի 10-ին ծնված փոքրիկին այսօր անվանակոչել են Տիգրան՝ ի հիշատակ Ջեբրայիլում թշնամու 8 տանկի դեմ անողոք կռիվ մղած ու նահատակված գյումրեցի 20-ամյա տանկիստ Տիգրան Աբգարյանի:

Նորածնի մայրը՝ Արմինե Խաչատրյանը, Aravot.am-ին փոխանցեց, որ երեխային Տիգրան անվանակոչելը եղել է ամուսնու որոշումը, ինքն էլ մեծ սիրով համաձայնել է, քանի որ այս օրերին ուշքումիտքը առաջնագծում գտնվող զինվորներն են, աղոթում է նրանցից յուրաքանչյուրի համար, հպարտանում մեր հերոսների սխրանքներով:

noracin-2

Տիգրանի սխրանքը վերհիշելիս ծննդկանն արտասվեց՝ միաժամանակ խոստանալով, որ իր փոքրիկին կդաստիարակի Տիգրանի ոգով՝ հայրենասեր, քաջ, անվախ ու  ազգին նվիրված:

Արմինեն Քեթի գյուղից է, Տիգրանը նրա երրորդ զավակն է. ունի մեկ դուստր ու երկու որդի: Արմինեն մասնագիտությամբ տնտեսագետ է, աշխատում է Քեթիի գյուղապետարանում՝ որպես համակարգչային օպերատոր: Նրա միակ ցանկությունն այն է, որ սահմանում գտնվող զինվորներն առողջ լինեն, պատերազմ չլինի, բոլորը ողջ ու առողջ տուն վերադառնան: Տատիկը նույնպես խաղաղություն է ցանկանում՝ աղոթելով, որ վերջ դրվի կռվին ու այլեւս ոչ մի հայ մոր աչքերից արցունքներ չհոսեն:

Այս ընտանիքը պատրաստվում է կապ հաստատել հերոսի ընտանիքի հետ, ծանոթանալ ու գոնե այս ձեւով մխիթարել նրա ծնողներին, ասել, որ Տիգրանը հավերժ է, մահ չկա Տիգրաններին:

2 կիլոգրամ 900 գրամ քաշով ծնված  փոքրիկը կապուտաչյա է, բացում է աչքերը ու լուրջ դեմքով նայում շուրջբոլորը: Մեր դիտարկմանը, թե այս ինչ լուրջ երեխա է, տատիկն ասում է . «Այո, ինքը շատ լուրջ ազգից է, այնպիսի մի գերդաստանից, որ անգամ լացել չգիտեն»:

noracin-

Տատիկն ու մայրը ցույց են տալիս  փոքրիկ Տիգրանի ստացած առաջին նվերները, դրանք բազմաթիվ են, սակայն առաջինը եղել է խաղալիք տանկը, որը շտապել է փոխանցել «Ցայգ» հեռուստաընկերությունը: Տիգրանի հարազատները կատակով ասում են՝ երեւի էս մի Տիգրանն  էլ նավաստի դառնա, տեսեք ոնց է սազում գլխարկը:

Նշենք, որ Գյումրու ծննդատանն այսօր աննկարագրելի ուրախ տրամադրություն է տիրում, դուռ չբացած ժպտալով հարցնում են՝ հո՞ չեք եկել մեր Տիգրանին տեսնելու:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. փիրուզակ says:

    Բարի գալուստ հայոց աշխարհ, փոքրիկ Տիգրան 🙂

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930