Լրահոս
Օրվա լրահոսը

«Սա ողբերգական ֆիլմ չէ, որովհետև չկան ցեղասպանությանը բնորոշ տեսարաններ». Գուժ Թադևոսյան

Ապրիլ 21,2016 16:35

Ապրիլի 20-ին «Մոսկվա» կինոթատրոնում կայացավ «Կանչ» ֆիլմի պրեմիերան: Կինոնկարը Քեսաբի ու Ադանայի կոտորածներից կենդանի մնացած երկու պատանիների մասին է՝ Վարդանի ու Միհրանի, որոնք (մեկը բռնությամբ, մյուսը` կամա, թե ակամա) հայտնվել են թուրքական ռազմական վարժարանում: Վարդանն այլ ելք չունենալով՝ ենթարկվում է վարժարանի վարչակարգին, սակայն նրան երևացող մոր, հոր, պապի և քրոջ՝ Արաքսիի տեսիլքները անընդհատ հիշեցնում են պապի նվիրած մագաղաթյա Սուրբ գրքի մասին, որը խլել են թուրքերը։

Վարժարանում դաժան կտտանքների է ենթարկվում ադանացի Միհրանը, ում Իբրահիմ են կոչում, սակայն Վարդանը հնարավորինս օգնում է նրան։ Ֆիլմի հերոսն, ապավինելով իր ուժին, կարողանում է հետ բերել կորցրած մագաղաթը, և փորձում է փախուստի դիմել Միհրանի հետ միասին:

Ֆիլմի մտահղացման հեղինակ և պրոդյուսեր Հայկ Ավագյանը («AVAGYAN» production) նշեց, որ մինչ այս Հայոց ցեղասպանության թեմայով նկարահանված ֆիլմերից սա տարբերվում է, քանի որ ֆիլմում չկան կոտորելու, արյան, սպանության տեսարաններ և այստեղ գլխավոր դերերում պատանիներն են. «Ֆիլմի թիրախային խումբը պատանիներն են, քանի որ մենք չունենք նմանատիպ թեմային անդրադարձ ֆիլմի տեսքով, որը կհետաքրքրի հենց երիտասարդներին»:

Ֆիլմի բեմադրող ռեժիսոր Գուժ Թադևոսյանը հավելեց, որ ֆիլմն ունի հստակ ասելիք. «Հայ մարդու կերպարը մնայուն է, անցնում է դժվարությունների միջով իր տեսակը պահպանելու համար: Սա ողբերգական ֆիլմ չէ, որովհետև չկան ցեղասպանությանը բնորոշ տեսարաններ, որոնք ռեժիսորները իրենց ֆիլմերում ընդգրկում են. սա ավելի հաղթական ֆիլմ է: Մագաղաթը ֆիլմում կարևոր դեր է խաղում. այն ներկայացնում է ընտանիքի, այբուբենը պահպանելու, ընտանեկան տոհմածառի գաղափարը, որը պապից պապ սերնդից սերունդ փոխանցվում է: Հերոսի խնդիրն է պահպանել մագաղաթը»:

Դերերը մարմնավորել են Հենրիկ Շահբազյանը, Լևոն Վարդապետյանը, Անետա Օհանջը, Հովակ Գալոյանը, Ռուբեն Կարապետյանը եւ այլք։

Ֆիլմը նկարահանվել է Փյունիկ հիմնադրամի, Ազգային կինոկենտրոնի ֆինանսավորմամբ և Կրթության գիտության, մշակույթի, պաշտպանության նախարարությունների աջակցությամբ:

 Արփի ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930