Լրահոս
Օրվա լրահոսը

ՊՆ-ում պաշտոնանկությունները Կորյուն Նահապետյանի համար անակնկալ չէին

Ապրիլ 26,2016 17:28

«Իրավիճակի խորքային վերլուծություն է կատարվել և կայացվել է համապատասխան որոշում: ՀՀ նախագահը, որպես Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար, կայացրել է համապատասխան որոշում»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը` մեկնաբանելով այսօր ՊՆ համակարգում տեղի ունեցած պաշտոնանկությունները:

Այս պաշտոնանկություններն, ի դեպ, ՀՀԿ-ական պատգամավորի համար անակնկալ չէին:

Հիշեցնենք` ՀՀ նախագահի հրամանագրով պաշտոնից ազատվել են Պաշտպանության փոխնախարար Ալիկ Միրզաբեկյանը, ՀՀ Զինված ուժերի կապի զորքերի պետ-կապի և ավտոմատացված կառավարման համակարգերի վարչության պետ Կոմիտաս Մուրադյանը, ինչպես նաև ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետ Արշակ Կարապետյանը:

ՊՆ-ում հնարավոր ծառայողական քննություն անցկացնելու մասին Aravot.am-ի հարցին, Կորյուն Նահապետյանը պատասխանեց. «Պաշտպանության նախարարությունում և Զինված ուժերի գլխավոր շտաբում կատարվում են ուսումնասիրություններ, որոնց արդյունքում կկայացվեն որոշումներ, որոնց հետևանքով կարող են նաև այլ ներկայացուցիչներ ենթարկվեն պատասխանատվության, այդ թվում նաև կարգապահական պատասխանատվության»:

Մեր մյուս հարցին`տվյալ պաշտոնյաները պետք է քրեական պատասխանատվության ենթարկվե՞ն, նա ասաց` միայն մի դեպքում` եթե գործել են քրեական հանցանք, իսկ այդ մասին փաստեր առայժմ չկան:

Լրագրողներից մեկը նշեց` երբ պատերազմի ժամանակ քննադատվում էր իշխանությունների, բանակի գործունեությունն, ասվում էր, որ խնդիրները համակարգային են, հիմա ստացվում է, որ այդ երեք պաշտոնյաներն են մեղավոր. արդյոք պետք է պատերազմ լիներ, որ հասկանայինք` նյութատեխնիկական ապահովման, կապի հետ կապված խնդիրներ կան: «Ակնհայտ է, որ այս քառօրյա պատերազմը վերհանեց նոր խնդիրներ, որոնց պետք է և օպերատիվ արձագանքել, համապարփակ վերլուծել դրդապատճառները, բացերը, թերությունները, որոնք կան մեր ազգային անվտանգության համակարգում: Այո, բացահայտվել են նոր խնդիրներ և դրանց կապակցությամբ պետք են նոր լուծումներ, նոր մոտեցումներ: Առաջիկայում հնարավորություն կունենանք Պաշտպանության նախարարի հետ քննարկումներ կազմակերպել»,- ասաց Կորյուն Նահապետյանը: Պետք է մեր սխալներից հետևություն անենք, վստահ է պատգամավորը:

Հարցին`արդյոք չպետք է ավելի բարձր պաշտոնյաներ ազատվեին պաշտոններից, Կորյուն Նահապետյանը հարցով պատասխանեց. «Ձեր կարծիքով ՊՆ փոխնախարարը բարձր պաշտոնյա չէ՞, նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետը բարձր պաշտոն չէ՞, ԶՈւ գլխավոր շտաբի երկու առանցքային պաշտոնյաները ցածր պաշտոննե՞ր չեն»:

Ճշտող հարցին` հնարավո՞ր է պաշտոնից ազատվի նաև Գլխավոր շտաբի պետը, քանի որ նրա ենթակա երկու պաշտոնյաները, ըստ էության, թերացել են, Կորյուն Նահապետյանը պատասխանեց. «Ես կարծում եմ, ճիշտ չեք ձեր ընդհանրացումներում: ԶՈւ գլխավոր շտաբում յուրաքանչյուր պաշտոնյա, ունի իր պարտականությունները: Պետք է քննարկել և որոշել, թե ով ո՞ր հարցում է թերացել»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930