Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավորները փորձում են ԶԼՄ-ն գրաքննելու նոր նախադեպ ստեղծել. «Ժողովուրդ»

Մայիս 26,2016 12:30

ՀՀ վերաքննիչ դատարանի գործը նախագահող դատավոր Կարինե Հակոբյանը, դատավոր Ալվարդ Հունանյանն ու Արթուր Սմբատյանը «Հրապարակի» բողոքի մերժման մեջ մի ուշագրավ եզրակացություն են կատարել՝ նշելով, «…այն դեպքում, երբ լրագրողը միջոցներ է ձեռնարկում ճշտելու նյութի՝ իրականությանը չհամապատասխանելու վերաբերյալ տեղեկությունը եւ ստանալով տեղեկատվության իրականությանը չհամապատասխանելու վերաբերյալ պատասխան, այդուհանդերձ, տպագրում է նյութը, ապա այդ անձինք չեն կարող օգտվել 1087.1-րդ հոդվածի 9-րդ կետով երաշխավորված պաշտպանությունից», ասել է, թե եթե լրատվամիջոցը զանգահարում է եւ որեւէ տեղեկություն է փորձում պարզել որեւէ անձից, եւ տվյալ քաղաքացին ասում է, թե նման բան չի եղել, ապա լրատվամիջոցը չպետք է հրապարակի այն, ավելին՝ այդ լրագրողը զրպարտող նյութ է հրապարակել, ինչի համար պատասխանատվության պետք է ենթակվի։

Դեռեւս այս տարվա մարտի 19-ին հրապարակել էինք ոստիկանության Գորիսի բաժնի պետի մասնակցությամբ ծեծի տեսանյութը, որտեղ ակնհայտ երեւում է, թե ինչպես է ոստիկանապետ Գեւորգ Ազիզյանը ծեծում իր տեղակալի եղբորը՝ Արթուր Գեւորգյանին, սակայն անգամ տեսանյութի առկայության դեպքում ոստիկանապետն ասում է, թե չի ծեծել, իսկ, ահա, իրավապահ համակարգը նրա ջրաղացին ջուր լցնելով եւ հղում կատարելով փորձաքննության եզրակացությանն՝ ասում է, թե հրապարակված տեսանյութում չի երեւում, թե ով ինչ է անում։ Հիմա ի՞նչ, չհրապարակեի՞նք, ոստիկանապետը դա էլ էր հերքում։

Եվ հիմա ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավորներ Կարինե Հակոբյանը, դատավոր Ալվարդ Հունանյանը, Արթուր Սմբատյանը իրենց եզրահանգմամբ փորձում են լրատվամիջոցի գործունեությունը գրաքննելու նոր նախադեպ ստեղծել։

Իհարկե, «Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշումը բողոքարկել է ՀՀ վճռաբեկ դատարան, սակայն դեռեւս չեն ստացել պատասխան՝ արդյոք ՀՀ վճռաբեկ դատարանը գործն ընդունե՞լ է վարույթ, թե՞ մերժել է բողոքը։

Նկատենք, որ եթե ՀՀ վճռաբեկ դատարանը այս բողոքը մերժի, ապա, ըստ էության, ՀՀ վերաքննիչ դատարանի դատավորներ Հակոբյանի, Սմբատյանի, Հունանյանի մերժման մեջ նշված եզրահանգումները կհամարվեն ուժի մեջ մտած եւ կարող են ՇԱՏ ՎՏԱՆԳԱՎՈՐ նախադեպ դառնալ։ Այս վճռով դատարանները փորձում են չորրորդ իշխանությանը զրկել ազատ արտահայտվելու իրավունքից, իսկ եթե լրագրողները չենթարկվեն կանոններին, ապա պետք է թողնեն իրենց բանը ու գործը եւ ընկնեն դատարանները՝ արդարությունն ապացուցելու համար։ Կամ իրականացնեն կազմակերպված հանցավորության դեմ պայքարի մի ողջ վարչության գործառույթ։

Ինչեւէ, «Ժողովուրդ»-ը սույն եզրահանգումն իրականացրած դատավորներից Ալվարդ Հունանյանից փորձեց պարզել, թե արդյոք դատավորը կարող է նշել մի միջազգային հեղինակավոր ատյան, որը կիսում է իրենց եզրահանգումը, եւ արդյո՞ք այս եզրահանգումը գործը նախագահողների անձնական միտքն է։ Հնարավո՞ր է՝ պարզապես նրանց հուշել են՝ լռեցնել լրատվամիջոցներին։ Դատավոր Հունանյանը պատասխանեց. «Դատավորը որեւէ իրավունք չունի դատական ակտում նշված որեւէ մտքի վերաբերյալ մեկնաբանություն անել։ Ով ստանում է դատական ակտը, թող ինքն էլ մեկնաբանություն անի»:

Քնար ՄԱՆՈՒԿՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031