Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես վստահում եմ վարչապետին»

Մայիս 27,2016 17:00

Թաթուլ Մանասերյանի կանխատեսումները
երկնիշ տնտեսական աճի վերաբերյալ կարող են իրականություն դառնալ

ԵՎ անցյալ տարի, եւ այս տարի Հայաստանի տնտեսական ակտիվությունն ապահովող ցուցանիշը շարունակում է մնալ հանքարդյունաբերությունը: Աշխուժություն է սպասվում նաեւ գյուղատնտեսական ոլորտում: Համենայնդեպս, դա են վկայում պաշտոնական վիճակագրության՝ օրերս հրապարակած 2016 թվականի հունվար-ապրիլ ամիսների նախնական մակրոտնտեսական ցուցանիշները։ Ըստ այդմ, տնտեսության վիճակը վատ չէ. ակտիվությունն աճում է, աճի տեմպն էլ գնալով արագանում է։ Տարեսկզբի չորս ամիսներին Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը հասել է 6 տոկոսի։ Այն ավելի քան կրկնակի բարձր է նախորդ տարվանից։ Հիշեցնենք, որ 2015 թվականի առաջին չորս ամիսներին տնտեսական ակտիվությունը 2,7 տոկոսի սահմաններում էր։

Ծառայությունների դեպքում աճը 9,3 տոկոս է։ Ակտիվացում է նկատվել գյուղատնտեսության մեջ։ Առաջին եռամսյակի տվյալներով՝ տնտեսության այս ճյուղում համախառն ներքին արդյունքն ավելացել էր 3,3 տոկոսով։ Արդեն չորս ամիսներին այն հասել է 4,1 տոկոսի։ Տնտեսագիտության դոկտոր Թաթուլ Մանասերյանն ասում է, որ եթե այսպես շարունակվի, ապա իր կանխատեսումը` երկնիշ տնտեսական աճի վերաբերյալ, եթե ոչ ամբողջական, ապա որոշակի ճյուղերի մասով կարող է իրականություն դառնալ: Դա առավելապես հանքարդյունաբերությանը եւ գյուղատնտեսությանն է վերաբերում: Հանքարդյունաբերության եւ գյուղատնտեսության առավել աճ, բնականաբար, ակնկալվում է ամռանը: Ամռանը նաեւ զբոսաշրջության, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում է աշխուժություն եւ աճ ակնկալվում:

ԱՎԾ տվյալներով՝ տնտեսության իրական հատվածում ապրիլին շարունակել է բարձր ակտիվություն պահպանվել արդյունաբերության եւ ծառայությունների ոլորտում։ Եթե առաջինում այն կազմել է ավելի քան 13, ապա երկրորդում՝ 7,6 տոկոս։ Արդյունքում չորս ամիսների կտրվածքով արդյունաբերությունը գրանցել է 10 տոկոս տնտեսական աճ։ Ի տարբերություն արդյունաբերության, ծառայությունների եւ գյուղատնտեսության՝ շարունակել է պահպանվել շինարարության անկումը։ Ավելին, առաջին եռամսյակի համեմատ այն նույնիսկ խորացել է։

Չորս ամիսների տվյալներով՝ շինարարության ծավալը 7,4 տոկոսով պակասել է։ Թաթուլ Մանասերյանը շատ կարեւորում է այս տարվա առաջին ամիսներին այդ ոլորտում գրանցված աճը: Հույս ունի, որ այն մոլտիպլիկատորի էֆեկտ կունենա տնտեսության վրա, քանզի հարակից ոլորտներն էլ կկարողանան զարգանալ:

Կտրուկ փոփոխություններ են տեղի ունեցել արտաքին առեւտրաշրջանառության ոլորտում։ Ապրիլին այս հատվածում գրանցվել է առեւտրի ծավալների 60 տոկոսանոց աճ։ Այն արտահայտվել է ինչպես արտահանման, այնպես էլ ներմուծման տեսքով։ Ապրիլին 2015 թվականի նույն ամսվա համեմատ արտահանումն ավելացել է 12,1, ներմուծումը՝ 83,8 տոկոսով։ Եթե արտահանման աճի դրսեւորումներն առկա էին դեռեւս տարեսկզբից, ապա նույնը չի կարելի ասել ներմուծման դեպքում։ Նախորդ բոլոր ամիսներին ներմուծման ոլորտում արձանագրվել էր անկում։ Ամեն դեպքում, դրա արդյունքում տարեսկզբի չորս ամիսներին արտաքին առեւտրի շրջանառության աճը կազմել է ավելի քան 19 տոկոս։ Արտահանումն ավելացել է 21,7, ներմուծումը՝ 18,4 տոկոսով։ Չորս ամսում Հայաստանից դուրս է տարվել 512,6 մլն դոլարի ապրանք, ինչը 136 միլիոնով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից։

Թեեւ ի տարբերություն արտաքինի՝ նույնպիսի կտրուկ դրսեւորումներ չեն արձանագրվել ներքին առեւտրաշրջանառության ոլորտում, այնուհանդերձ՝ ապրիլին այն ամբողջությամբ վերականգնվել է։ Առեւտրի ծավալը նույնիսկ մի փոքր գերազանցել է նախորդ տարվա մակարդակը։ Ներմուծման կտրուկ աճը տնտեսագետը բացատրում է նրանով, որ 2015 թվականը հիմնականում անբարենպաստ տարի էր եւ հնարավորություն չեղավ գործարար ակտիվությունը ցանկալի մակարդակի հասցնել: «Անցյալ տարի նկատվել է նաեւ գնողունակության անկում, տրանսֆերտների կրճատում, որն ընդհանուր առմամբ կրճատել է համախառն պահանջարկը»,- ասում է մեր զրուցակիցը` նկատելով, որ այս ցուցանիշը հիմք պետք է լինի տեղական եւ վերամշակող արտադրությունն աշխուժացնելու համար:

Թեեւ առկա որոշ մտահոգություններին, որ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում առկա լարվածությունը, ապրիլյան քառօրյա պատերազմը կարող են խնդիրներ ստեղծել տարեսկզբին արձանագրված բավական բարձր տնտեսական ակտիվության համար, այնուհանդերձ՝ վիճակագրական ծառայության հրապարակած օպերատիվ տվյալներն այլ բան են ասում` «Առավոտի» դիտարկմանը Թաթուլ Մանասերյանը հակադարձեց, որ Հայաստանի տնտեսությունն առայժմ ապաքինման փուլում է, ու այդ պատճառով հնարավոր եղավ խուսանավել: Եթե վերելքի փուլում լիներ, տնտեսագետի պնդմամբ, ազդեցությունն անպայման կլիներ: Բայց մյուս կողմից, ըստ նրա, զսպիչ մեխանիզմ հանդիսացավ կառավարության կողմից որոշ քայլերի հստակ կիրարկումը, նաեւ գործարար ոլորտի ադեկվատ, համարձակ արձագանքը:

Կառավարության կողմից հայտարարված կոռուպցիայի եւ մենաշնորհների դեմ պայքարը, Թաթուլ Մանասերյանի կարծիքով, դրական ընկալում է գտել հասարակության շրջանում, եւ իր կողմից արդեն իսկ նկատելի քայլերը գալիս են ապացուցելու, որ տնտեսական վերելք է սպասվում: Դիտարկմանը` շատերը չեն վստահում եւ չեն հավատում վարչապետի հայտարարություններին, դրանք քանիցս են հնչել. երկու տարի առաջ վարչապետի պաշտոնում դեռ նոր նշանակված Հովիկ Աբրահամյանն ասաց, որ սկսելու է իրենից, իր շրջապատից, բայց քայլեր չեղան, Թաթուլ Մանասերյանը հակադարձեց` չի բացառվում, որ հասարակական տարբեր շերտերում տարբեր ընկալումներ լինեն, անգամ թերահավատների թիվը գերակշռի. «Բայց ուզում եմ հիշեցնել, որ 25 տարիների եւ տարբեր կառավարությունների նկատմամբ կուտակված թերահավատություն է: Արդարացի չեմ համարում ամբողջ բեռն ու պատասխանատվությունը ներկայիս կառավարության վրա դնելը»:

Բայց նա տեսնում է կոնկրետ քայլեր, որոնց արդյունքում առաջիկայում առկա թերահավատությունն էլ կվերանա. «Ես վստահում եմ վարչապետին, նրա որդեգրած կուրսին»: Մանասերյանը օրինակ է բերում` գոնե գյուղացիների հետ տարբեր հանդիպումների եւ քննարկումների ժամանակ ինքը չի լսել վարչապետի կողմից տրված գեթ մեկ խոստում, որը չի կատարվել: Հակառակը եղել է` խոստում չի տրվել, բայց ելնելով տվյալ բնակավայրի առանձնահատկություններից եւ առկա խնդիրներից՝ շատ բան է արվել: Մեկ առ մեկ թվարկել նա պարզապես չի ուզում, ժամանակը ի ցույց կդնի ամբողջը: Համենայնդեպս, այս խնդիրը տնտեսագետը նաեւ մեկ մարդու խնդիր չի համարում. «Թիմ պետք է աշխատի եւ լավ աշխատի»:

Թաթուլ Մանասերյանը հիշեցնում է, որ տարիների աշխատանքի արդյունքում դժվարությամբ, բայց հենց Հովիկ Աբրահամյանի վարչապետության տարիներին մանր ու միջին բիզնեսին մի շարք արտոնություններ տրվեցին, սահմանամերձ բնակավայրերն ազատ տնտեսական գոտիներ հայտարարվեցին ու իբրեւ այդ գաղափարի հեղինակ-տնտեսագետ՝ ինքը ո՞նց կարող է դժգոհել, թե ոչինչ չի արվում կամ քիչ բան է արվում:

Բացառապես քննադատությամբ զբաղվող իր գործընկերներին էլ հորդորում է. «Խոսել բոլորս կարող ենք, բայց եկեք մի բանով օգնենք»: Մանավանդ էկոնոմիկայի նախարարությանը կից տնտեսագիտական խորհուրդ է ստեղծվում: «Ես ավելի շատ սիրում եմ գործ անող, թեկուզ նաեւ սխալվող մարդկանց, քան ինքնանպատակ մրոտողներին»,- ասաց նա:
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
26.05.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031