Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբեն Մնացականյան. «Խավարասերներին իրենց թաքստոցները քշելու ամենակարճ ճանապարհը լույսը վառելն է»

Հուլիս 07,2016 16:30
ruben mnacakanyan

«Ազատ Հայք» բարեգործական հասարակական կազմակերպության նախագահ Ռուբեն Մնացականյանը երեկ «Առավոտին» փոխանցեց իր հայտարարություն-պատվիրանները:

Այդ պատվիրանները ուղարկվել են Ազգային ժողովի պատգամավորներին, խմբակցություն առ խմբակցություն: Խնդիրն այն է, որ ըստ «Ազատ Հայքի», իրենք ունեն իրենց Սահմանադրության նախագիծը, որը կտրամադրվի «Ազգային նորընտիր առաջնորդարանին», որպես պատվիրան, իսկ ընտրական գործընթացների ժամանակ կտրամադրվի հանրությանը:

Ըստ հայտարարության հեղինակների. «Անկախ նրանից, թե ովքեր ինչպես են գնահատում 2015թ. ՀՀ Սահմանադրության հանրաքվեն, փաստ է, որ այն վավերացվել է եւ 2017թ.-ից Հայաստանը որդեգրելու է խորհրդարանական կառավարման կարգը»: Ասել կուզի, ուղարկվածը, որը «պատվիրան» անունն ունի, ընտրարշավային է, առաջին քայլերից մեկը՝ 2017թ. ընտրական գործընթացներին:
Ռ. Մնացականյանի դիրքորոշմամբ. «Ներազգային հարաբերություններում ձեւավորվող խորհրդարանը զգայուն դերակատարություն ունի եւ պատասխանատվություն է կրում ազգի, հասարակության, անձնային, պետության ներքին եւ արտաքին հարաբերությունների հավասարակշռման ու կարգավորման գործառույթներում»:

«Ազատ Հայքն» արձանագրում է նաեւ. «Գաղտնիք չէ, որ խավարասերներին իրենց թաքստոցները քշելու ամենակարճ ճանապարհը լույսը վառելն է» եւ դիմելով պատգամավորներին, ակնկալում է, որ նրանք վեր կկանգնեն նեղ կուսակցական, անձնավորված, խմբային շահերից եւ կմիանան իրենց նախաձեռնությանը, «ինչը, կարծում ենք, կարող է նպաստել մեր ընդհանուր եւ միակ Հայրենիքի տեսլականը կյանքի կոչելուն»:

Ըստ «Ազատ Հայքի»՝ Հայաստանում եւ Սփյուռքում ուշադրությամբ հետեւում են իրենց ու պատգամավորների աշխատանքներին. «Անդրադառնալով իշխանա-ընդդիմադիր որոշ խմբերի, առանձին գործիչների գործունեությանը՝ պետք է անթաքույց խոստովանել, որ այսօր այդ անդրադարձներն առավելապես առաջացնում են հակասական, դառը մտորումներ: Հուսով ենք, որ ներազգային զարգացումները հաշվի առնելով, ըմբռնումով կընդունեք այս նամակի իմաստն ու տրամաբանությունը եւ առանց կասկածներ հարուցող նախապայմանների, խուսափողական ձեւակերպումների, կվառեք ձեր բաժին մոմը»:

«Ազատ Հայքն» առաջարկում է «Ազգային առաջնորդարանում» իրենց պատգամավորության թեկնածուներին. «Լիահույս ենք, որ ձեր անձնական կամ կուսակցական ծրագրի փոխարեն առժամանակ կառաջնորդվեք այս գրությանը կից հայտարարություն-պատվիրանով եւ Ազգային ժողովի ընտրություններում կառաջադրեք ու կպաշտպանեք պատգամավորության մեր թեկնածուների ցուցակը»:
Անդրադառնալով ներքաղաքական իրողություններին՝ կազմակերպությունը արձանագրում է. «Քաղցկեղածին վարակը տարածվել է համահայկական արժեքների բոլոր ոլորտներում: Պատճառը հայոց պետական համակարգերում կասկածելի գործողություններն են»:

Կազմակերպությունը գտնում է, որ ելքը երկրի կառավարումը բուն ազգային ուժերին հանձնելն ու համահայկական համակեցության կանոնակարգումն է:
Անդրադառնալով ցուցակին, պատգամավորության թեկնածուներին, կազմակերպությունը հայտնում է, որ. «Ցուցակը կազմվել է՝ հաշվի առնելով թեկնածուների հոգեկերտվածքն ու բարոյական նկարագիրը, նրանց՝ խոսքի եւ գործի միասնության, ազնվության անշեղ սկզբունքներին հավատարիմ մնալը եւ ազգային ու հանրային գործունեության մեջ ունեցած վաստակը»:

Եվ ցուցակում ընդգրկված բոլոր թեկնածուներից ակնկալվում է, որ ընտրարշավի ընթացքում նրանցից յուրաքանչյուրն անհատապես, իսկ ԱԺ-ն առաջին նիստում, հանդես կգան հայտարարությամբ. «Կարճաժամկետ գործունեության գերակա առաջնորդողը ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՀՌՉԱԿԱԳԻՐՆ է, եւ որպես անցումային մարմին՝ վերահսկելու է ներքին համակեցության համակարգը եւ առժամանակ ձեռնպահ է մնալու արտաքին հարաբերություններին առնչվող խնդիրներին միջամտելուց»:

Ի դեպ, ըստ էության, քաղաքական պատվիրանների համաձայն, նորընտիր ԱԺ-ն կընտրի «Ազգային անվտանգության խորհուրդ», այսինքն՝ ընտրովի մարմին, որը կհայտարարի, որ կարճաժամկետ կառավարման ընթացքում ուժի մեջ են մնում գործող Սահմանադրությունը, բոլոր օրենքները, ստանձնած ներազգային եւ միջազգային պարտավորությունները, կնքված տնտեսական պայմանագրերը, ընթացքում գտնվող համագործակցական եւ այլ ծրագրերը:

Արտահերթ Սահմանադիր ժողովի կողմից էլ կընդունվի ազգային Սահմանադրություն, ազգային անվտանգության նոր հայեցակարգ:
«Ազատ Հայքի» պատկերացմամբ, Սահմանադրության ընդունելուց անմիջապես հետո նշանակվելու եւ վերահսկվելու է «վերկուսակցական, վերկրոնական, համահայկական Ազգային առաջնորդարանի ընտրությունները»:
Ծանոթանալով ցուցակին՝ հայտնաբերեցի, որ այնտեղ կան կարկառուն կուսակցականներ, որոնք կարող են առաջարկվել իրենց կուսակցությունների կողմից, ու առնվազն մեկ անգամ, մեկ տեղից: Իսկ չէ՞ որ սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը նախորդ օրվա ասուլիսին ասել էր՝ պատգամավորների տեղերն արդեն չկան, զբաղեցված են: Ու «Ազատ Հայք», ինչպես «տեղ անել», երբ դա հաշվի չեք առել:
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ
Լուսանկարը` Ռ.Մնացականյանի
ֆեյսբուքյան էջից
Հ.Գ. Առաջարկված պատգամավորության թեկնածուների զգալի մասն ազատազրկված քաղաքական, հասարակական գործիչներն են:

 

«Առավոտ»

06.07.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031