Լրահոս
Օրվա լրահոսը

Կարո՞ղ էին բժիշկները փրկել երեխային

Հուլիս 13,2016 15:00

Պայմանագրային զինծառայող Արմեն Առաքելյանի կինը՝ Վալենտինա Առաքելյանը, 4 երեխայի մայր է: Նա փետրվարի 14-ին գտնվել է վերարտադրողական առողջության եւ մանկաբարձության ու գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտում: 8 ամսական հղիություն ունեցող կինը մինչ ծննդաբերելը 3 օր էր, ինչ գտնվել է այդ հիվանդանոցում:

Ծննդաբերել է, սակայն պտուղը մահացել է: Թե ինչ հանգամանքներում, ինչ պատճառով, հարուցվել է քրեական գործ, ՀՀ քրեական օրենսգրքի 130 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, նրանց նկատմամբ անփույթ կամ անբարեխիղճ կատարելու հատկանիշներով: Գործը գտնվում է Քննչական կոմիտեի Մաշտոցի բաժանմունքում, քննիչ Ա. Մարուքյանի վարույթում՝ նախաքննության փուլում: Ի դեպ, նման հոդվածով բժիշկների մեղսակցությունը հաստատվելու դեպքում նրանց սպառնում է տուգանք, նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրապատիկի չափով, կամ 3 ամիս ժամկետով կալանք:

Վալենտինան ճանաչվել է տուժող, նրա ներկայացուցիչն է փաստաբան Հայարփի Սարգսյանը: «Ընդդեմ իրավական կամայականություն» իրավապաշտպան կազմակերպության փաստաբանը երեկ ասաց, որ մարտի 18-ին դիմել են ոստիկանություն՝ հանցագործության մասին հաղորդմամբ: Ինչու այդքան ուշ հարցին ի պատասխան՝ փաստաբանն ասաց, քանի որ ծննդաբերությունը շատ բարդ է եղել, եւ առողջական խնդիրներ էին առաջացել. «Վալենտինան երբ հիվանդանոցից դուրս է գրվել, արյան ցածր տոկոս ուներ, նրան ժամանակ էր պետք վերականգնվելու համար»: Վալենտինան կորցրել է 28 շաբաթական երեխային եւ նրա առողջությանը պատճառվել է ծանր վնաս: Ծննդաբերության ժամանակ հեռացվել է նրա ներքին օրգանը, վերջինս զրկվել է երեխա ունենալու հնարավորությունից:
Դատաբժշկական փորձաքննություն է նշանակվել, սակայն արդեն 3-րդ ամիսն է՝ պատասխանը դեռ չի ստացվել:

Մինչ ծննդաբերելը նույն բժշկական կենտրոնում կամ որեւէ այլ տեղ հետազոտվե՞լ ես, գտնվե՞լ ես բժիշկների հսկողության կենտրոնում, «Առավոտի» հարցին տուժող Վալենտինա Առաքելյանն ասում է. «Մինչ այդ ծննդաբերությունը ես երեխաներ եմ ունեցել: Ոտքիս տրոմբ է առաջացել 3-րդ երեխայի ժամանակ: 2013-ին ունեցել եմ 4-րդին՝ որդուս: Փետրվարի 11-ին Եղվարդ՝ ստուգման պատրաստվեցի գնալ: Շատ վատ էի, ծննդաբերության ցավեր ունեի: Դեղ նշանակեցին Եղվարդում, ասացին՝ գնա տուն, դեղերդ կընդունես: Հասա տուն, վատացա: Գնացի նշված կենտրոնը: Այնտեղ ասացին՝ ժամանակը չի: Երեք օր սրսկեցին, ցավերս չէր հանգստանում: Ոչ մի դեղ չէր ազդում: Համաձայն էի կեսարյան վիրահատության, խնդրում էի, որ շուտ ծննդաբերեմ: Ասում էին՝ ժամանակը չի: Գիշերը վատացա»:

Տուժողը պատմում է, որ անգամ ուշաթափվել է:

Ամուսնուն է զանգել, նա Քելբաջարի դիրքերից հասել է բուժկենտրոն, հանգստացրել են՝ «ամեն բան նորմալ է» ասելով:

Ծննդաբերությունից հետո հեռացվել է կնոջ ներքին օրգանը, ամուսնու բանավոր համաձայնությամբ, ինչի մասին տեղյակ չի եղել տուժողը:
Ի դեպ, երեխայի կորցնելուց հետո սա երկրորդ հարվածն էր, ինչի արդյունքում առաջացել են հոգեբանական խնդիրներ, եւ այս պահի դրությամբ նրան հոգեբանական օգնություն էր ցույց տալիս «Ընդդեմ իրավական կամայականություն» իրավապաշտպան կառույցի հոգեբանը:
Հարցիս, թե արդյոք օրգանների հեռացման մասին հիվանդին չասելը քրեական պատասխանատվություն ենթադրո՞ւմ է, փաստաբան Հայարփի Սարգսյանն ասում է. «Մինչ վիրահատվելը ինքը փաստաթղթեր պետք է ստորագրեր, որ նմանատիպ իրավիճակում հայտնվելու ժամանակ կարող են բժիշկները դիմեին վիրահատության»:

Ըստ նախնական տեղեկատվության, ամուսնու բանավոր համաձայնությունն է եղել, իսկ գրավոր չի եղել եւ Վալենտինան ասաց, որ ամուսինը ոչ մի փաստաթղթի տակ չի ստորագրել: Տուժողն ասում է, որ բժիշկներն ուշացրին, նրանց պատճառով է եղել այս ամենը: Ինչպիսին է եղել մինչ այդ առողջական վիճակդ հարցին էլ Վալենտինան պատասխանում է. «Առողջության հետ կապված որեւէ խնդիր չեմ ունեցել: Հղիության ժամանակահատվածում ստուգվել եմ, լրիվ նորմալ եմ եղել: Ոտքիս վիրահատությունից հետո իմ բժիշկը, որը հաջող վիրահատություն է կատարել, ասաց՝ կարող ես գնալ 4, 5 երեխա ունենալ, խնդիր չկա: Խնդիր չէր կարող լինել, եթե ժամանակին օգնեին ծննդաբերելու»:

«Հիմա իմ երկու ոտքերն են ցավում, ամուսինս թողել է ծառայությունը, որպեսզի հոգա թե իմ, թե մանկահասակ երեխաներիս մասին: Ահավոր նյարդային եմ դարձել, որեւէ մեկի հետ չեմ կարողանում շփվել, ստրեսային վիճակում եմ»,-ասում է Վալենտինան:

Վալենտինան հայտնեց, որ բացատրություն է տվել քննչական բաժանմունքում, փաստաբանի ներկայությամբ:

 
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ
Նկարը՝ հեղինակի

«Առավոտ»

12.07.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031