Լրահոս
Օրվա լրահոսը

«Ծառայության համար կապ չունի՝ տնտեսվարողն ով է, մեզ համար բոլորի անունը մեկն է` տնտեսվարող»

Օգոստոս 17,2016 14:00

Հուլիսի 1-ից ՀՀ կառավարությունը թույլատրեց ԳՆ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությանը ստուգումների տարեկան ծրագրում ընդգրկված եւ բարձր ռիսկային խմբում գտնվող սուբյեկտների մոտ համապատասխան ստուգաթերթերի հիման վրա իրականացնել ստուգումներ` հանրային սննդի կազմակերպման, մսամթերքի, կաթնամթերքի, ձկնամթերքի, կրեմային հրուշակեղենի արտադրության, ոչ կենդանական ծագման մթերքների եւ խոհարարական արտադրանքի ոլորտներում:

«Առավոտը» ՀՀ ԳՆ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակազմի Երեւանի կենտրոնի պետի պաշտոնակատար Ռոման Մուրադյանից հետաքրքրվեց, թե այս ամիսների ընթացքում Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը քանի՞ տնտեսվարողի է ստուգել եւ մասնավորապես ինչպիսի խախտումներ է հայտնաբերել:

Պարոն Մուրադյանն ասաց, որ այս պահին Երեւանի գրեթե բոլոր սուպերմարկետներում ստուգումներ եւ դիտարկումներ են իրականացվում, եւ այդ գործընթացը լինելու է շարունակական: Ըստ Ռոման Մուրադյանի՝ տնտեսվարողների անունները կհրապարակեն, երբ գործընթացն ավարտվի եւ լաբորատոր փորձաքննության արդյունքները պատրաստ լինեն:

Մեր հարցին, թե հանրության շրջանում, ԶԼՄ-ներում հրապարակումներ են լինում, որտեղ կարծիքներ են հնչում, թե կան «արտոնյալ» գործարարներ, որոնց մոտ տեսչությունները չեն մտնում, եւ այդ տնտեսվարողների հետ հարցերն այլ կերպ են լուծվում, պարոն Մուրադյանն ասաց, որ այսօր ծառայության առջեւ դրված թիվ մեկ խնդիրն այն է, որպեսզի սպառողին հասնի անվտանգ սնունդ:

«Ծառայության համար կապ չունի՝ տնտեսվարողն ով է, մեզ համար բոլորի անունը մեկն է` տնտեսվարող, եւ բոլորը հավասար են` անկախ նրանից, թե սեփականատերերն ովքեր են: Բոլոր այդ անունները, որոնք շրջանառվում են, նրանց պատկանող սուպերմարկետներում արդեն իսկ սկսվել են ստուգումները եւ դիտարկումները: Գործընթացը լինելու է շարունակական, եւ որպեսզի զուտ խոսքեր չլինեն, գործով ցույց կտանք: Այդ սուպերմարկետներում կատարված ստուգումների եւ դիտարկումների արդյունքների մասին կհրապարակվի ծառայության կայքէջում»,- ասաց պարոն Մուրադյանը:

Նրա խոսքերով՝ կարեւոր է, որպեսզի տնտեսվարողներն իրենք էլ վերջապես գիտակցեն, որ սննդամթերքի անվտանգությունն ազգային անվտանգության հարց է. «Սնունդը պետք է լինի անվտանգ, որպեսզի հասարակությունը, մեր երեխաները ուտեն անվտանգ սնունդ: Ես չեմ կարծում, որ լինի մի գիտակից մարդ, որը կուզենա խոչընդոտ ստեղծել այդ գործընթացներում: Տնտեսվարողը ինքն էլ պիտի շահագրգիռ լինի, որպեսզի իր ապրանքը լինի անվտանգ»:

Ըստ Ռոման Մուրադյանի՝ կարեւոր է, որպեսզի տնտեսվարողները ծառայությունը չշփոթեն «մսի մարդու» հետ. «Սա պետական ծառայություն է, որը մեծ գործ է անում, ու պետք է այն շարունակական լինի, որպեսզի մարդիկ հասկանան, որ մսի, կաթնամթերքի եւ այլ շուկաներում ինչ որ կատարվում է, մենք պետք է տեղյակ լինենք: Պետք է հասկանան, որ մեր տեսուչները չեն գնում ուղղակի խախտում գտնելու ու պատժելու, այլ եթե այդ ամենին գիտակցաբար մոտենան, եւ մենք նրանց համար դառնանք գործընկեր, կարճ ժամանակում մեծ մասը կուղղեն իրենց թերությունները: Մեր ծառայությունում աշխատում են 10-30 տարվա աշխատանքային փորձով մասնագետներ: Մի բան է, որ իրենք թաքցնեն, մենք գնանք գտնենք, մեկ այլ բան է, որ իրենք ասեն` մենք այս խնդիրն ունենք, եւ մենք գնանք օգնենք, ու գործը չհասնի կասեցումներին, տուգանքներին, ինչը տնտեսվարողի համար ցանկալի արդյունք չէ»:

Մեր զրուցակցի խոսքերով՝ տնտեսվարողների մոտ նաեւ արձանագրվում են այնպիսի խախտումներ, որոնք օրինակ` պահպանման պայմանների կամ մակնշման հետ են կապված, ուստի պարոն Մուրադյանը սպառողներին էլ, հասարակական կազմակերպություններին էլ կոչ է անում ծառայության հետ համագործակցել եւ խնդիրներ արձանագրելու դեպքում ահազանգել. «Կան սուպերմարկետներ, որտեղ 40 հազար անուն ապրանք է վաճառվում: Ֆիզիկապես էլ ուղղակի հնարավոր չէ այդքան ապրանքը վերահսկել: Կարեւոր է, որ սպառողն էլ ուշադիր լինի, որպեսզի մեզ օգնի խնդիրները վեր հանել»:

 

ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

 

«Առավոտ»

16.08.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031