Լրահոս
Օրվա լրահոսը

Հրաչյա Թամրազյանի հոգեհանգիստը տեղի կունենա սեպտեմբերի 5-ին

Սեպտեմբեր 03,2016 16:17

ՀՀ  կրթությանև գիտության նախարարությունը խոր վշտով տեղեկացնում է, որ 2016թ. սեպտեմբերի 3-ին կյանքից հեռացել է Մ.Մաշտոցի անվան հին ձեռագրերի

գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Հրաչյա Հրանտի Թամրազյանը:

Հրաչյա Թամրազյանը ծնվել է 1953 թ-ի դեկտեմբերի 5-ին Երևանում։ 1971 թ. ավարտել է Երևանի Ն. Կրուպսկայայի անվան միջնակարգ դպրոցը, 1976 թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը, 1977 թ. աշխատանքի է անցել Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում` նախ որպես ավագ լաբորանտ, ապա կրտսեր ու ավագ գիտաշխատող։ 1988-91 թթ. Հրաչյա Թամրազյանը աշխատել է «Սովետական գրող» հրատարակչությունում՝ որպես գլխավոր խմբագիր, իսկ 1991-93 թթ. զբաղեցրել է «Նաիրի›› հրատարակչության տնօրենի պաշտոնը։ 1986 թվականից Գրողների միության անդամ է։ 1993 թ. նշանակվել է ՀՀ կառավարությանն առընթեր Հրատարակչական գործերի վարչության պետ, իսկ 1995-1997 թթ. ղեկավարել է ՀՀ Տեղեկատվության նախարարությունը։ Հրաչյա Թամրազյանը 1997-2007 թթ. համատեղությամբ աշխատել է որպես «Նաիրի» հրատարակչության տնօրեն և Մատենադարանի ավագ գիտաշխատող։ 1999 թ. ստացել է բանասիրական գիտությունների դոկտորի գիտական աստիճան։ 2007 թվականից զբաղեցնում է Մատենադարանի տնօրենի պաշտոնը։ 2014 թվականից Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ է։ Թամրազյանը բազմաթիվ մենագրությունների և գիտական հոդվածների ու ուսումնասիրությունների հեղինակ է։

ՀՀ կրթության և գիտության նախարարությունն իր ցավակցությունն ու զորակցությունն է հայտնում Թամրազյանների ընտանիքին և հարազատներին:

Հրաչյա Հրանտի Թամրազյանի անունը և ավանդը՝որպես գիտության ոլորտի երախտավորի, մշտապես կմնա մեր հիշողություններում:

Հրաչյա Թամրազյանի թաղման կապակցությամբ ձևավորվել է կառավարական հանձնաժողով՝ ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի գլխավորությամբ:

Կառավարական հանձնաժողովը տեղեկացնում է, որ Հրաչյա Թամրազյանի հոգեհանգիստը տեղի կունենա սեպտեմբերի 5-ին, ժամը 18.00-20.00-ն Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցում /ՆորՆորքի 5-րդ զանգված/, վերջին հրաժեշտը՝ սեպտեմբերի 6-ին, ժամը  12.00-14. 00-ին Մատենադարանի ճեմասրահում:

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930