Լրահոս
Օրվա լրահոսը

Արտերկրից ապրանք ենք բերում` տեսնում հայկական է (Տեսանյութ)

Սեպտեմբեր 07,2016 14:48

«Այսպիսի միջոցառումները առիթ են, որպեսզի մենք դրսից հրավիրենք գործարարներ: Այս հարթակը նրանց համար շատ արդյունավետ միջոց է հայկական գրեթե բոլոր արտադրողներին միանգամից ծանոթանալու»,-այսօր էկոնոմիկայի նախարարությունում կազմակերպված ասուլիսում ասաց Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Կարէն Մկրտիչեանը:

Սեպտեմբերի 19-22-ը՝ «Մերիդիան» էքսպո կենտրոնում տեղի կունենա «Արտադրված է Հայաստանում-2016» (“Made in Armenia-2016”) ցուցահանդեսը, որին կմասնակցեն 330-ից ավելի արտադրողներ` Հայաստանից ու Արցախից` սննդի, ոսկերչության, ալկոհոլային խմիչքների, թեթեւ արդյունաբերության, դեղագործության, հանքարդյունաբերության, շինանյութերի, ճշգրիտ մեքենաշինության եւ ՏՏ ոլորտներից։

Կարէն Մկրտիչեանի խոսքերով, այս ցուցահանդեսի հիմնական նպատակն է ցուցադրել Հայաստանի արդյունաբերության առկա ներուժը, զարգացման հնարավորությունները, նպաստել նոր շուկաների բացահայտմանը։ Ցուցահանդեսին հրավիրվել եւ մասնակցությունը հաստատել են գործարար պատվիրակություններ երկրի տնտեսության համար հեռանկարային բոլոր շուկաները ներկայացնող երկրներից՝ ԵՏՄ-ից, Եվրամիությունից, Իրանից, Միացյալ Նահանգներից, Չինաստանից։
«Ցուցահանդեսը շատ լավ հարթակ է նաեւ գործարար կապերի հաստատման, ներդրումային ծրագրեր կազմելու, համատեղ ընկերությունների ստեղծման, տեղական արտադրողների ու օտարերկրյա ներդրողների, դիստրիբյուտորների միջեւ համագործակցություն սկսելու համար»,- վստահեցրեց հիմնադրամի տնօրենը:

Պարոն Մկրտիչեանն ասաց, որ տաղավարները Հայաստանի բոլոր մասնակիցների համար տրվում են անվճար:

Այս միջոցառման շրջանակներում նախատեսվում է սեպտեմբերի 20-ին նաեւ կազմակերպել տնտեսական համաժողով, որին կմասնակցեն ԵԱՏՄ երկրներից եւ Իրանից:

Արտահանման գծով տնօրեն Հայկ Միրզոյանի խոսքերով էլ, ցուցահանդեսը, որն անցկացվում է 2-րդ տարին, այս տարի նվիրված է մեր երկրի անկախության 25-ամյակին. «Սա մի տեսակ հաշվետվություն է այս 25 տարիների ընթացքում տնտեսության ձեռքբերումների ուղղությամբ»:

Պարոն Միրզոյանն ասաց, որ այս տարի մի քանի հետաքրքիր գաղափարներ էլ ունեն: Ցուցահանդեսում նախատեսում են նաեւ հայկական ընկերությունների եւ անհատ դիզայներների նորաձեւության ցուցադրություն: Նրա տվյալներով, այս տարի մասնակիցների թիվը մոտ 30 ընկերությունով ավելին է. «Սիրիահայ արտադրող գրեթե բոլոր ընկերությունները նույնպես մասնակցում են, նրանց հատուկ ուշադրություն ենք դարձնում, զանգում` ասում ենք` եկեք` մասնակցեք, ցուցադրեք ձեր արտադրանքը»:
Հարցին, թե ինչո՞ւ այս կամ այն հայկական արտադրանքի մասին հաճախ տեղյակ չենք լինում եւ շատ հաճախ դրսից գնելով` տեսնում ենք, որ հայկական արտադրության է, պարոն Մկրտիչեանն ասաց, որ այս ցուցահանդեսը նաեւ առիթ է, որպեսզի Հայաստանում արտադրողներն էլ, քաղաքացիներն էլ ճանաչեն, իրար մեջ համագործակցեն, «Շատ պարագաներում մենք նույնիսկ չգիտենք, թե Հայաստանի մի շրջանում ինչ է արտադրվում»:
Հայկ Միրզոյանի խոսքերով էլ, անցյալ տարվա ցուցահանդեսում եղել են հայկական ընկերություններ, որոնք բոլորի համար նորություն էին:

Մանրամասները` տեսանյութում

 

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930