Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր պորտֆելներին ոչինչ չի սպառնում». Արմեն Ռուստամյան (Տեսանյութ)

Սեպտեմբեր 09,2016 14:39

ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն այսօր Aravot.am-ի հարցին՝ Ձեր պորտֆելների հարցը ո՞նց է լինելու, ձեր կոալիցիոն համաձայնությունն ուժի մե՞ջ է՝ պատասխանեց. «Մեր պորտֆելներին ոչինչ չի սպառնում: Այդ համագործակցությունը չի պայմանավորվել կոնկրետ կառավարությամբ: Դա եղել է ՀՀԿ-ի հետ պայմանավորվածություն եւ հեռանկարային համագործակցություն: Անտեղ խնդիրներ են ձեւակերպված, որոնցով պետք է զբաղվի այս կառավարությունը: Երբ մենք այդ համաձայնությունը ստորագրեցինք, արդեն կար գործող կառավարություն՝ իր ծրագրով, որին, ի դեպ, մենք դեմ էինք քվեարկել: Հիմա այդ կառավարության ծրագիրը փոխվելու հնարավորություն կա, եւ ես վստահ եմ, որ մենք ամեն ինչ կանենք, որ դա համապատասխանեցվի այն համագործակցության հուշագրին, որտեղ հստակ խնդիրներ են դրված: Նոր ծրագիրը պետք է համահունչ լինի այդ կոալիցիոն հուշագրին»:

Մեր հարցին՝ նախագահն ասաց, որ Կարեն Կարապետյանը կդառնա երկրում փոփոխությունների սիմվոլը, ըստ ձեզ, ինչո՞ւ Հովիկ Աբրահամյանը չկարողացավ դառնալ այդ սիմվոլը, այն ազատությունը, որ հիմա Կարեն Կարապետյանին են խոստանում տալ, ինչո՞ւ Հովիկ Աբրահամյանին չէին տալիս՝ Արմեն Ռուստամյանը պատասխանեց. «Ամբողջ խնդիրն այն է, որ այս կառավարությունը կար, եթե ընդհանուր գլոբալ գնահատականը տանք՝ կար նաեւ լուրջ դժգոհություն: Ես չեմ ուզում դա կոնկրետ անձերի հետ կապել, բայց սա փաստ է: Հիմա ինչպե՞ս անենք, որ այդ դժգոհությունը վերանա, լիցքաթափվի այդ դժգոհությունը: Մենք պետք է ինչ-որ մի նոր սկիզբ մարդկանց ցույց տանք, նոր էջ բացենք: Ես այս փոփոխությունն այդ համատեքստում եմ տեսնում: Նույնով շարունակելով՝ դժվար էր բացատրել, որ գիտեք, մենք առավոտյան զարթնեցինք, փոխելու ենք ամեն ինչ: Այսպես լավատեսությունը մարդկանց մոտ շատ է լինելու: Մարդիկ, որոնք վատատես են, կարող են այստեղ փոփոխության ակնկալիք տեսնել»:

Մեր հարցին՝ 25 տարի մեր հասարակությունն այդ անձերի փոփոխությունը տեսել է, տեսել է, այսպես ասած, այդ «ռակիրովկան»՝ փոխատեղումները կադրերի, որոնք դաշտում նույնն են մնում՝ մի տեղից մի ուրիշ տեղ են գնում, այդ անձերի փոփոխությունն ի՞նչ լավատեսություն պիտի բերի, որի մասին խոսում եք՝ Արմեն Ռուստամյանը պատասխանեց. «Մեր լավատեսությունը հենված է նրա վրա, որ մենք անձերի հետ չենք պայմանավորում, այլ՝ համակարգային փոփոխությունների հետ, որոնք ընթացքի մեջ են, լիարժեք սկսելու են աշխատել 2017-ին: Այսօր պետք է քայլեր նախաձեռնվեն, ինչո՞ւ ասենք մինչեւ 2017-ը: Մի քանի ամիս է մնում խորհրդարանական ընտրություններին, բայց դժգոհությունը ժողովրդի մեջ կա, եւ մեզ դժվարացնելու է, որ մենք ասենք՝ սպասեք, գարնանը լավ կլինի: Դա անելու համար ճիշտ կլինի, որ հենց այսօրվանից համարենք, որ այդ համակարգը մեկ է, գործելու է, եւ մեր ներքին խաղի կանոնները համապատասխանեցնենք այդ սպասվող փոփոխություններին»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Artur says:

    Ինչպես և սպասելի էր սրանք միայն իրենց պորտֆելների մասին են մտածում

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930