Լրահոս
Օրվա լրահոսը

Լևոն Զուրաբյան․ «Առաջին մարդը, ով արձագանքեց մեր կարգախոսին, Սերժ Սարգսյանն էր». (Տեսանյութ)

Սեպտեմբեր 09,2016 18:10

Այսօրվանից Գյումրիում պաշտոնապես մեկնարկեց ՏԻՄ ընտրությունների քարոզարշավը։ Գյումրու «Հայ ազգային կոնգրես» կուսակցության համամասնական ցուցակի մեջ ընդգրկված թեկնածուները քարոզարշավը սկսեցին մամուլի ասուլիսով։ Ասուլիսին մասնակցում էր նաև ՀԱԿ կուսակցության փոխնախագահ, ԱԺ-ում ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը։

Վերջինս նախ անդրադարձավ վարչապետի փոփոխությանն՝ ասելով․ «Դեռ չենք հասցրել ընտրարշավը սկսել, դեռ չենք հասցրել ներկայացնել մեր քաղաքապետի թեկնածուին, բայց մեր ընտրարշավը սկսել է գործել և բավական լուրջ փոփոխություններ է կատարել։ Եթե գիտեք, մի քանի օր առաջ հրապարակվեց մեր ընտրարշավի գլխավոր կարգախոսը՝«Ընտրիր փոփոխությունը» (տես լուսանկարում) և ահա պարզվեց, որ առաջին մարդը, ով արձագանքեց մեր կարգախոսին, դա Սերժ Սարգսյանն էր, որը իրականացրեց վարչապետի փոփոխություն, և ամբողջ Հանրապետական վերնախավը սկսել է խոսել փոփոխության մասին։ Փաստորեն ստարտը մենք տվեցինք, ուղղակի մի բան իրենք չեն հասկանում, որ վարչապետների փոփոխություններով որևէ բան երկրում չի փոխվելու։ Երկրում որևէ բան փոխվելու է, եթե Հայաստանում իշխանությունները ձևավորվեն մաքուր, ազատ, լեգիտիմ, օրինական ընտրություններով և իշխանության գան համարձակ, մաքուր, հոգատար մարդիկ, ովքեր հաշվետու կլինեն ժողովրդի առջև և իրենց ամբողջ գործունեությունը կենթարկեցնեն հենց այդ նպատակին, ժողովրդին ծառայելու և ժողովրդի դարդով ապրելու նպատակին»։

%d5%a5%d5%ba%d6%80%d5%a1%d6%84%d5%bd%d5%b5%d5%a1-%d5%b4%d5%a5%d5%ad%d5%a1%d5%af%d5%b5%d5%a1%d5%b6

ՀԱԿ ցուցակը գլխավորում է Գյումրու «Շրջապատ» շաբաթաթերթի տնօրեն Եպրաքսյա Մեխակյանը։ Լևոն Զուրաբյանը իրենց այս ընտրությունը մեկնաբանեց նրանով, որ բոլոր քաղաքակիրթ երկրների նման իրենք էլ ուզում են գենդերային հավասարություն սկսել։ «Ինչպես բոլոր քաղաքակիրթ երկրներում, որտեղ կանայք գալիս են իշխանության, դուրս են գալիս առաջատար դիրքերի և առաջնորդում են համայնքները, ինչպես նաև ամբողջ ազգը, ժամանակն է, որ Հայաստանում նույնպես կանայք գան իշխանության։ Ժամանակն է, որ Հայաստանում նույնպես կանանց դերը լինի այն, ինչ-որ առաջատար աշխարհում»,-ասաց բանախոսը։ Ըստ նրա, եթե իրենց թեկնածուն ընտրվի Գյումրու քաղաքապետ, ապա Հայաստանում գենդերային հեղափոխություն կսկսվի։ Որպես օրինակ՝ բանախոսը մեջբերեց Հռոմի քաղաքապետի պաշտոնում երիտասարդ, գեղեցիկ կնոջ սենսացիոն հաղթանակը։

Ըստ Լևոն Զուրաբյանի, Հայաստանում պետք են համակարգային, լուրջ փոփոխություններ։ «Պետք են ոչ թե այն փոփոխությունները, որոնց մասին խոսում է Սերժ Սարգսյանը՝ թաշկինակի պես փոխելով վարչապետներին, այլ համակարգային փոփոխություն, որը հաստատում է Հայաստանում ժողովրդավարություն ու զարգացում։ Մեզ բոլորիս ղեկավար պաշտոններում անհրաժեշտ են մաքուր, սկզբունքային համարձակ մարդիկ, որոնք կարող են ամենավճռական կերպով պայքարել ժողովրդի իրավունքների համար, լուծել նրանց խնդիրները»։

Լևոն Զուրաբյանը խոսեց նաև այն մասին, թե ինչպես են պատկերացնում Գյումրիի պրոբլեմների լուծումը։ Նա նշեց, որ Գյումրիին պետք են արմատական փոփոխություններ ու պետք է այնպես անել, որ Գյումրին չմնա այսքան վատ վիճակում՝ թշվառ, ճնշված, աղքատ։ Լևոն Զուրաբյանը նշեց, որ Գյումրու խնդիրների նկատմամբ անտարբեր չէ, իրեն համարում է գյումրեցի, քանի որ իր արյան մեջ էլ կա գյումրեցու արյուն․ հորական պապի մայրը՝ տիկին Եկատերինան գյումրեցի էր։

Լևոն Զուրաբյանն անդրադարձավ նաև Գյումրու ՏԻՄ ընտրություններում մյուս ընդդիմադիր կուսակցությունների հետ դաշինքով չմասնակցելուն։ Նա նշեց, որ սկսել էին որոշակի բանակցություններ, պատրաստ էին դաշինքներ կազմել անգամ այնպիսի ընդդիմադիր ուժերի հետ, որոնք մինչև օրս զբաղված էին իրենց վրա հարձակվելով, անգամ հրաժարվել են ցուցակի առաջին կետից, սակայն չի ստացվել։

ՀԱԿ ցուցակը գլխավորող «Շրջապատ» շաբաթաթերթի տնօրեն Եպրաքսյա Մեխակյանն էլ նշեց, որ Գյումրիում մրցակցությունը «տաս տղամարդ ու մեկ կին» ֆորմատով է, ցուցակը գլխավորող միակ կինը ինքն է, քարոզարշավի ընթացքում իրեն թույլ չի տալու որևէ մեկի արժանապատվությունը վիրավորել։ Դա, ըստ նրա, կեղտոտ սովորություն է։ Թեկնածուն նաև նախազգուշացրեց, որ թույլ չի տա, որ որևէ մեկը իր թիմին սև PR անի։ Լևոն Զուրաբյանն էլ հավելեց, թե չեն պատրաստվում բանավեճի մեջ մտնել այն ուժերի հետ, որոնք իրենց ընդդիմադիր են համարում։

«Մենք իրենց հետ գործ չունենք, այլ քաղաքական ուժերի խորտակելու պայքարը մեզ չի հետաքրքրում, մեզ հետաքրքրում է միայն Հայաստանն այս իշխանություններից փրկելու ծրագիրը»,-ասաց Լևոն Զուրաբյանը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930