Լրահոս
Օրվա լրահոսը

Կարեւորը «հարգանքն» է

Սեպտեմբեր 29,2016 10:00
caxrankar

«Վասյա, դու ինձ հարգո՞ւմ ես»: Այդպես են խորհրդային անեկդոտներում հարբեցողները համոզում իրար` շարունակելու «խրախճանքը»: Հարգանքը, իհարկե, վատ բան չի` նույնիսկ խրախուսելի է, բայց այն երկիրը, որտեղ պետական, քաղաքական խնդիրները լուծվում են հարգանքի կամ հակակրանքի հիման վրա, այդ երկրներում հասարակական հարաբերությունները խեղաթյուրված են:

Դպրոցի ուսուցիչը «հանրապետական է գրվում» ոչ թե այն պատճառով, որ շատ է սիրում այդ կուսակցությանը. հակառակը` նեղ անձնական միջավայրում նա ասում է բոլոր «պարտադիր քաղցր խոսքերը» իշխող կուսակցության հասցեին: Նա կուսակցական տոմս է ձեռք բերել, որովհետեւ կախված է դպրոցի տնօրենից, եւ, գումարած դրան, շատ դեպքերում՝ նաեւ անկեղծորեն հարգում է իր ղեկավարին: Դպրոցի տնօրենը «հանրապետական է գրվել» դարձյալ ոչ այն պատճառով, որ կիսում է ՀՀԿ-ի ծրագրային դրույթները: Նա իր հերթին կախված է քաղաքապետարանից եւ կուսակցական չլինելու դեպքում չի կարողանա ապահովել իր դպրոցի բնականոն աշխատանքը: Եվ բացի այդ, նա, շատ հնարավոր է, նույնպես հարգանքով է լցված քաղաքապետարանի համապատասխան չինովնիկի նկատմամբ:

Այս «դրվածքը» հաշվի առնելով՝ փորձենք կանխատեսել առաջիկա ՏԻՄ եւ խորհրդարանական ընտրությունների ընթացքը: Ինձ թվում է՝ իշխանության թեկնածուները եւ նրանց թիմերի ներկայացուցիչները (իսկ նրանց թիվը, եթե վերցնենք ամբողջ «հիերարխիան», մի քանի տասնյակ հազար է) քարոզելուց, ընտրակաշառք բաժանելուց եւ վարչական ճնշումներ իրականացնելուց չեն ասի` «դու գիտե՞ս` Հանրապետականն ի~նչ լավ կուսակցություն է»: Ոչ, այդ թիմի ներկայացուցիչը հարցն այլ կերպ կդնի. նա գուցեեւ կրկնի նույն «քաղցր բառերը» ՀՀԿ-ի հասցեին, իսկ դրանից հետո կասի. «Այդ ամենը կարեւոր չի: Կարեւորը մեր մարդկային հարաբերություններն են: Ես քեզ հարցնեմ, դու ինձ անկեղծ պատասխանիր` դու ինձ հարգո՞ւմ ես»: Դրական պատասխան ստանալուց հետո նա կշարունակի. «Այն, ինչ դու անում ես, ՀՀԿ-ի համար չես անում, ի՛նձ համար ես անում»:

Այսքանից հետո շատ հավանական է, որ քաղաքացին չկարեւորի իր վերաբերմունքը իշխող կուսակցության հանդեպ կամ գուցե ինքն իրեն համոզի, որ այդ վերաբերմունքը ստորադասում է մարդկային, անձնական հարաբերություններին, ինչպես նաեւ այն հեռանկարներին, որոնք այդ հարաբերությունների արդյունքում բացվում են:

Ընդունված է մտածել, որ այդ հոգեբանական սխեման ավելի շատ գործում է ՏԻՄ ընտրությունների ժամանակ, որտեղ «հեղինակավոր անհատն» ավելի է կարեւորվում, քան կուսակցությունները, գաղափարները, համոզմունքները եւ այլն: Բայց շնորհիվ խորհրդարանական ընտրությունների մեջ ներմուծված, այսպես կոչված, «ռեյտինգային համակարգի», դրանք շատ քիչ բանով են տարբերվելու գյուղապետի ընտրություններից. դարձյալ հարթակ է բարձրանալու անհատը եւ հարցնելու է՝ «դու ինձ հարգո՞ւմ ես»:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Լավատես says:

    Եթե զինվորը զինվորական երդում չտա, նրան զինվորական ծառայության չեն թողնի, եթե պետության նախագահը երդում չտա, նա նախագահական ծառայության իրավունքը չի ունենա, եթե բժիշկը իր մասնագիտական երդումը չտա, նա բժիշկ չի կարող աշխատել, կարճ ասած՝ ցանկացած պետական աշխատող՝ լինի զինվոր, պատգամավոր, նախարար, ուսուցիչ թե բժիշկ պետք է մասնագիտական երդում տա ու նոր միայն նրան թույլ տալ կատարել իր մասնագիտական ծառայությունը: Դա առաջին հերթին ուսուցչին է վերաբերում՝ եթե նրանք չունեն իրենց մասնագիտական երդումը, պետք է շտապ այն գրել ու պարտադրել այն իրենց մասնագիտական ծառայության առաջին իսկ օրվանից:

    • Լավատես says:

      Կարելի է գաղափարը շարունակել, պետք է սովորել զինվորականներից՝ նրանք ունեն իրենց մասնագիտական՝ ռազմական դատարանը իրենց մասնագիտական օրենքներով ու արգելավայրերով՝ չի կարելի կարգազանց բժշկին կամ հատուկ ծառայողին գողերի ու կաշառակերերի հետ մի տեղ արգելափակել: Այսինքն՝ պետք են մասնագիտական օրենքներ, մասնագիտական դատարաններ ու մասնագիտական արգելավայրեր: Այդ բոլորը իրենց երդումներն ուրացածների համար է:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930