Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Հանրային խորհուրդը կդիմի՞ Սերժ Սարգսյանին «Սասնա ծռերի» անդամների համաներման միջնորդությամբ

Սեպտեմբեր 29,2016 18:54

Այսօր Հանրային խորհրդի ընդլայնված նիստում կքննարկվի մի խումբ հայուհիների խնդրանքը`դիմել ՀՀ նախագահին «Սասնա Ծռեր»-ին համաներմամբ ազատ արձակելու միջնորդությամբ: Սակայն կանայք վրդովված են, որ Հանրային խորհուրդն անգործության է մատնված:

Խնդրանքով դիմած անկուսակցական հայուհիների խմբի անդամներից Սոնա Մաղաքյանը հայտարարեց, որ առանձնապես սպասելիքներ չունեն և հույսեր չեն կապում. «Բայց գոնե օրենքի ուժով պիտի ստիպենք Հանրային խորհրդին աշխատել: Հանդիպել եմ Վազգեն Մանուկյանի հետ. անընդհատ շոշափվում էր այն հարցը, որ զենքով հարց լուծելն անհնար է: Դա պատնեշի նման բան է: Մյուս խնդիրն այն է, որ մեզ չեն ուզում ներգրավել Հանրային խորհրդի նիստերին, բայց ինչ-որ մեկի ներանձնական, առողջական, ֆինանսական հարցի չի քննարկվելու, որ դռնփակ նիստ են անում, դա ներազգային հարց է: Պատճառն այն է, որ մեր երկրում կա ճնշում, իշխանությունը կենտրոնացած է: Զարմանալին այն է, որ մեզ հետ հանդիպմանը տեղեկացրեցին, որ եթե տղաների հարցը նման կերպ լուծեն, ապա դա կվտանգի մեր երկրի վարկանիշին»:

Հայուհիները մարտական են տրամադրված: Սոնա Մաղաքյանը զգուշացրեց, որ դիմելու են կտրուկ քայլերի, քանի որ համագործակցում են նաև ապրիլյան քառօրյա պատերազմի որդեկորույս մայրերի հետ. «Եթե շարունակեն նման դեպքերով մարդկանց խեղդել ու բանտերը գցել, մենք չեն դադարելու պայքարել: Այ, կանանց դեմ հաստատ տղամարդիկ կանգնել չեն կարող: Իրենց դեմ գործելու են որդեկորույս մայրեր, որոնք ոչնչի դեմ չեն կանգնելու»:

Անդամներից Գոհար Արշակյանը վրդովված է, թե ինչու պետք է մեր հերոսները զենք վերցնեին. «Նրանք պատահական մարդիկ չեն: Մեր իշխանավորների դժբախտությունն է, որ ապստամբները պատահական մարդիկ չեն: Տղաները մեղավոր չեն, նրանք իրացրել են մարդու` ի վերուստ տրված ապստամբելու իրավունքը»:

Նոր կառավարության ձևավորումից ևս կանայք գոհ չեն: Տիկին Արշակյանն այդ առիթով նշեց, թե անիմաստ «ռակիրովկաներ են» անում. «Այս պորտֆելից հանում են, մյուսին են տալիս, էդ ռակիրովկաներն ո՞ւմ համար են, հո շախմատ չե՞նք խաղում»:

Ըստ նրա` «Սասնա ծռեր« խմբի անդամներին պետք է ազատ արձակեին ՀՀ անկախության 25-ամյակի կապակցությամբ. «Տղաներին ոչ թե համաներում է հասնում, այլ ազատ արձակում: Նրանք հանցագործներ չեն: Դժբախտ պատահար է եղել, բայց այդ անձը ինը փամփուշտ ո՞նց է դատարկել: Մտավորականությունը հորդորում է Ժիրայր Սեֆիլյանին, որը բանտարկված է, փոխանակ Սերժ Սարգսյանին ուղղեն իրենց հորդորը, որն ազատության մեջ է և կարող է ջուր լցնել կրակի վրա»:

Նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանից սպասելիքներ առանձնապես չունի նաև Գոհար Մաղաքյանը: Նա հիշեցրեց իր հետ կատարվածը. «Կարեն Կարապետյանի գոյությունը կարող է ևս մեկ ցավոտ հարցի կոծկում ապահովել: Հայտնի է, որ նա Կարեն Կարապետյանի հետ քավոր-սանիկական հարաբերությունների մեջ է: Իսկ Սամվել Կարապետյանի` օֆշորում գրանցված կազմակերպությունը կապվում է մեծ թվով անշարժ գույքի շորթման հետ: Ես էլ այդ հարցով տուժողներից եմ, տարիներ շարունակ դատական գործընթացների մեջ եմ: Օլիգարխների վաշխառության պատճառով հասարակ քաղաքացիներ են տուժել: Ուստի, եթե նրա թիմակիցները չեն պատժվել, ի՞նչ հույս ունենամ, որ նա կպատժի իր թիմակիցներին»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը` «Նոյյան տապան»-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930