Լրահոս
Մուրճը եւ խաչը
Օրվա լրահոսը

Եվգենի Ստարոդուբցևը ելույթ է ունեցել Խաչատրյանի փառատոնի շրջանակներում

Հոկտեմբեր 12,2016 11:06

Հոկտեմբերի 11-ին Խաչատրյանի 4-րդ միջազգային փառատոնի հերթական սիմֆոնիկ համերգն էր։ Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը կատարեց Սերգեյ Ռախմանինովի «Մեռյալների կղզին» սիմֆոնիկ պոեմը, Դաշնամուրի թիվ 1 կոնցերտը (մենակատար՝ Եվգենի Ստարոդուբցև (դաշնամուր/Ռուսաստան), Սերգեյ Պրոկոֆևի Յոթերորդ սիմֆոնիան։ Վերջին կատարումը նվիրված էր Սերգեյ Պրոկոֆևի 125-ամյակին։
Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը նշեց, որ Եվգենի Ստարոդուբցևին հայ հանդիսատեսը հիշում է դեռևս Խաչատրյանի անվան մրցույթից, որին նա մասնակցել է մի քանի տարի առաջ և գրավել մրցանակային տեղ։ «Եվգենի Ստարոդուբցևը հայտնի դաշնակահար է, նվագում է տարբեր նվագախմբերի հետ, արժանացել է բարձր տիտղոսների։ Ռախմանինովի կոնցերտը, որ կատարելու է նա, շատ քիչ է հնչում, և շատ քիչ դաշնակահարներ են պատրաստ այն կատարել, քանի որ դժվար ստեղծագործություն է»,- ասում է Սերգեյ Սմբատյանը։

Եվգենի Ստարոդուբցևը, խոսելով Խաչատրյանի փառատոնին իր մասնակցության մասին, նշում է, որ շատ ուրախ է համագործակցել Երիտասարդական նվագախմբի և Սերգեյ Սմբատյանի հետ, իր համար շատ հաճելի է հանդես գալ «Արամ Խաչատրյան» համերգասրահում։ Անդրադառնալով Ռախմանինովի Դաշնամուրի կոնցերտին՝ Ստարոդուբցևը նկատում է, որ միշտ վախով է նվագում Ռախմանինովի ստեղծագործությունները, քանի որ դրանք բարդ են։

Ստարոդուբցևը բազում միջազգային մրցույթների դափնեկիր է: Ելույթներ է ունեցել, այդ թվում՝ մենահամերգներով, Իսպանիայում, Գերմանիայում, Ֆրանսիայում, Հոլանդիայում, Խորվաթիայում, Իտալիայում, Լիտվայում, Սերբիայում, այլուր: Եվգենին թողարկել է 2 ձայնասկավառակ՝ 20-րդ դարի երաժշտության կատարումներով:

Նշենք, որ Խաչատրյանի փառատոնն անցկացվում է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հովանու ներքո։ Երաժշտական այս տոնը կազմակերպել են Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը (գլխավոր գործընկեր՝ ՎիվաՍելլ-ՄՏՍ) և «Դասական երաժշտության աջակցություն» ՀԿ-ն՝ ՀՀ մշակույթի նախարարության, «Խաչատրյան» և Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամների աջակցությամբ։ Փառատոնը նվիրված է ՀՀ անկախության 25-ամյակին։ Խաչատրյանի 4-րդ միջազգային փառատոնի հովանավորներն են «Ջերմուկ գրուպ» ընկերությունը, «Անի պլազան», «Երևանի կոնյակի գործարանը», ԱրմՍվիսԲանկը։

Եվգենի Ստարոդուբցևի մասնակցությամբ համերգի տեսագրությունը`

 

Մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31