Լրահոս
Օրվա լրահոսը

Զոհվածի հայրը մի բուռ է դարձել, սոցիալական խնդիրների տակ կքվել

Նոյեմբեր 07,2016 14:30

«Էդ մի շիշ ձեթն ու երշիկը որ տալիս են, տանում թափում ենք, դա ուտելու բան չի: Դրանով համարում են զոհվածի ընտանիքի նկատմամբ հարգանքի տուրքը մատուցած: Արդեն քանի տարի է՝ էդ էլ չեն տալիս, ոչ ոք մեզ չի հիշում»,- «Առավոտի» հետ զրույցում ասում է Արմեն Հակոբյանը:

Գլխիկոր, մի բուռ դարձած տղամարդը չգիտի՝ ուր գնա, պետական որ ատյանի դուռը ծեծի, որ իրեն ձեռք մեկնեն, սոցիալական խնդիրները լսեն ու հերթով դրանց լուծում տան: Արմեն Հակոբյանը որդուն` Կարեն Հակոբյանին, 19 տարի առաջ է կորցրել, զոհվել է սահմանին` ծառայողական պարտականությունները կատարելիս: Ասում է` եթե արժանավայել ապրուստ ունենամ, ոչ ոքից էլ օգնություն չեմ խնդրի, գլուխս էլ չեմ կախի` բարձր պահելու փոխարեն:

Բայց բանն այն է, որ այս ընտանիքը կորցրել է կերակրողին, եւ այսօր Կարենի ծնողների կյանքը վերածվել է պայքարի: Ընտանիքն ամեն օր պայքարում է օրվա հացը վաստակելու համար ու, ինչպես Արմեն Հակոբյանն է ասում, ծայրը ծայրին չի հասցնում: Զոհված Կարեն Հակոբյանի ընտանիքը Երեւանի քաղաքապետարանի կողմից 2005 թվականին հաշվառվել է բնակմակերեսի բարելավման ՀՀ պաշտպանության նախարարություն ուղարկված կարիքավոր շահառուների ցուցակում: Ինչպես մեզ հետ զրույցում Կարենի հայրն է ասում՝ ամեն անգամ, երբ ցուցակները նայում է, բնակարանի հերթն առաջ գնալու փոխարեն` հետ է գնում. «Եթե ծանոթ չունենք, որ մեջ գցենք, ուրեմն պետք է հույսներս կտրենք: Չեն էլ ասում` քանի՞ տարի պիտի սպասենք, որ մեր հերթն էլ վերջապես հասնի»:
Արմեն Ալբերտի Հակոբյանը բնակվում է Էրեբունի համայնքի Խաղաղ Դոնի թիվ 23 շենքում: Ընտանիքը բազմանդամ է, եւ համատեղ ապրուստն էլ ավելի է ծանրացնում նրանց հոգսը:

Արմեն Հակոբյանի թոռնիկը շուտով բանակ է զորակոչվելու, սակայն տղայի անձնագրի ստանալու հետ կապված համապատասխան մարմինները խնդիրներ են առաջացնում:
Զոհվածի հայրը մեզ հետ զրույցում նաեւ նշեց, որ իր ընտանիքը դուրս է մնում սոցիալական տարատեսակ օգնություններից, որոնք առիթների դեպքում տրամադրվում են զոհվածների ընտանիքներին:

«Առավոտը» պաշտպանության նախարարությունից հետաքրքրվեց, թե բնակարան ստանալու համար հերթագրված Արմեն Հակոբյանի ընտանիքի հերթը ե՞րբ է հասնելու, եւ ներկայումս զոհվածի ընտանիքը հերթացուցակում ո՞ր համարն է: Ի պատասխան մեր հարցման՝ պաշտպանության նախարարությունից նշել էին, որ զոհված Կարեն Հակոբյանի ընտանիքի բնակարանային գործը հաշվառված է ՀՀ ՊՆ զինծառայողների սոցիալական պաշտպանության վարչության հերթացուցակում, եւ ներկայումս հերթական համարն է 103:

Ըստ ՊՆ-ի՝ զոհված (մահացած) եւ հաշմանդամ դարձած զինծառայողների ընտանիքներին անհատույց պետական ֆինանսական աջակցության տրամադրման ծրագիրը 2014 թվականի հունվարի 1-ից իրականացվում է՝ հիմք ընդունելով տեղական ինքնակառավարման մարմինների կողմից բնակարանի կարիքավորների հերթացուցակում ընդգրկվելու տարեթիվը եւ ամսաթիվը:

«Տեղեկացնում ենք, որ 2014 թվականի հունվարի 1-ի դրությամբ Կարեն Հակոբյանի ընտանիքի բնակարանային հերթական համարն է եղել 186-ը, իսկ 2015 թվականին` 152-ը: Հաշվի առնելով տվյալ տարում բնակարան ձեռք բերելու նպատակով անհատույց պետական ֆինանսական աջակցության համար բյուջեով նախատեսված գումարի սահմանաչափը, հնարավոր է մինչեւ 2017 թվականի վերջը հանձնաժողովի քննարկմանը ներկայացվի զոհված Կ. Հակոբյանի ընտանիքի բնակարանային ապահովման հարցը»,- ասվում է ՊՆ-ի պատասխանում:

Ինչ վերաբերում է զոհվածների ընտանիքներին սոցիալական աջակցություն ցուցաբերելու հարցին, ապա պաշտպանության նախարարությունից հայտնեցին, որ ՀՀ կառավարության 2014 թվականի N1075-Ն եւ 2015 թ.-ի հունիսի 25-ի N713-Ն որոշումների համաձայն` զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների անդամներին տարվա ընթացքում մեկ անգամ կարող է հատկացվել դրամական օգնություն հետեւյալ դեպքերում` զոհված զինծառայողի ընտանիքի անդամի կամ հաշմանդամություն ունեցող զինծառայողի ամուսնության դեպքում, տարերային աղետի հետեւանքով զոհված զինծառայողի ընտանիքի անդամին կամ հաշմանդամ դարձած զինծառայողին սեփականության իրավունքով պատկանող գույքին վնաս պատճառելու դեպքում, զոհված զինծառայողի ընտանիքի անդամի, զինհաշմանդամ զինծառայողի կամ նրա ընտանիքի անդամի տվյալ տարվա ընթացքում առնվազն 21 օր ընդհանուր տեւողությամբ հիվանդանոցային պայմաններում բուժում ստանալու դեպքում, զոհված զինծառայողի ընտանիքի անդամի մահվան դեպքում:

 
ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ»

05.11.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930