Լրահոս
Օրվա լրահոսը

Բացասման սկզբունքով

Նոյեմբեր 29,2016 10:13
kusakcutyun

Պատկերացրեք մի քաղաքացու, որը ընտրակաշառք չի վերցնում, լույսի-գազի պարտքեր չունի, փոփոխական հաջողությամբ փակում է իր վարկերը, ենթակա չէ որեւէ վարչական ճնշման, պատասխանատու պաշտոններում որեւէ բարեկամ չունի եւ ուզում է ընտրություններում ազատորեն արտահայտել իր կամքը: Ենթադրենք, այդ քաղաքացին չի ցանկանում ձայն տալ ՀՀԿ-ին, նրա հետ համագործակցող կամ երբեւէ համագործակցած կուսակցություններին: Ի՞նչ են նրան առաջարկում մնացած կուսակցությունները:
Անձամբ ինձ համար կարեւոր են եւս մի քանի չափանիշներ: Որ կուսակցությունը միանշանակ, առանց «բայց»-երի եւ վերապահումների մերժի զինված քաղաքական պայքարը, զինված ապստամբությունը` անկախ նրանից, թե ինչպիսի հրաշալի նպատակներ է այդ խռովությունը հետապնդում: Այդպիսով հայաստանյան կուսակցությունների ցուցակը էականորեն կրճատվում է: Որ կուսակցության մեջ բացակայեն «վոժդիզմի» տարրերը. կուսակցականները պարտադրված չլինեն առիթ-անառիթ փառաբանել իրենց ղեկավարին: Որ կուսակցության մեջ չլինեն բոլշեւիկյան միտումներ. մենք ամենաճիշտն ենք, միշտ ճիշտ ենք եղել, երբեք չենք սխալվել, ով մեր աչքի վերեւը ունք է նկատում, նա տականք է եւ այլն: Ինչպես տեսնում եք, դարձյալ «օղակը սեղմվում է»:

Վերջապես, իմ պատկերացրած կուսակցությունը պետք է կողմնակից լինի ազատական, եվրոպական, քրիստոնեական արժեքներին: Ես դրանք թվարկել եմ մեկ շարքի մեջ` հասկանալով, որ դրանք 100 տոկոսով չեն համընկնում, եւ, օրինակ, սոցիալիզմը նույնպես եվրոպական արժեք է: Ինձ համար կարեւոր է այդ արժեքների համադրությունը. մարդը հույս է դնում միայն իր, իր աշխատանքի, իր ունակությունների, իր ստեղծագործական ներուժի վրա եւ չի սպասում, որ պետությունը, իշխանությունը իրեն լավ նայեն, իր մասին մտածեն: Մյուս կողմից՝ նա ոչ մեկին չի նախանձում, ուրախանում է բոլորի հաջողությունների համար, ոչ մեկի վզին իր կենսակերպը եւ տեսակետները չի փաթաթում, ոչ մեկի նկատմամբ թշնամանք, ատելություն չի զգում:

Չգիտեմ՝ կա՞ արդյոք մի կուսակցություն, որը նման բան է քարոզում: Դժվար թե: Որովհետեւ նման բաներ քարոզելը ձեռնտու չէ: Ձեռնտու է հույս ներշնչել, որ վաղ թե ուշ կգա մի գերհզոր անձնավորություն, բռունցքը կխփի սեղանին, եւ բոլոր հարուստներն իրենց կերած փողերը «կվերադարձնեն ժողովրդին», վերջինս էլ այդ պարզ գործողության հետեւանքով կսկսի լավ ապրել: Ցանկացած կուսակցական քարոզչություն նպատակ ունի «վառ պահել» այդ պարզունակ բնազդները: Այդպես է, բնականաբար, ոչ միայն Հայաստանում: Բայց հետխորհրդային մարդկանց մոտ այդ բարդույթները կլանում են ողջ հասարակական կյանքը:

…Չէ, կարծես թե իմ սրտով կուսակցություն չկա:
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Պոռնիկների մեջ էլ մայր գտնելն է շատ դժվար։

  2. Հ.Շ. says:

    իսկ սիրտը ի՞նչ կապ ունի կուսակցության հետ…

    կուսակցությունը անզգամ, բարոյազուրկ, մինչեւ իսկ անմարդկային գործիք մըն է, որու միակ ու միակ նպատակը տիրանալ է իշխանության

    Գաղափարը, այլ բան է

    իսկ կուսակցության եւ Գաղափարի միջեւ «կապ»ն ել միայն ձեւական է, արվեստական է, կեղծիք մըն է

    սակայն շատե՜ր այդպէս խաբվելով կը դառնան կուսակցական, ջահել տարիքին
    (աւելի ուշ, դա արդէն խաբվիլ չէ, հաշիվով է… առանց որեւէ կապի սիրտի հետ, եթէ դեռ ընդհանրապէս մնացած է սիրտ…)

  3. henri says:

    Եթէ մեր մօտ – եօթանասուն/ոթսուն տարուայ բռնապետութենէ ետք աստիճանաւոր կերպով կատարուէր անցքը դէպի ժողովրդավարութիւն և թափանցիկութիւն ոչ Գորպաչովը Սով,Միութիւնը կը քանդէր ոչ ալ մենք այս ողբալի վիճակին չէինք վերածուեր և դարձ կատարել դէպի ապօրինի միապեսութիւն: Արեւմուտքի մէջ այս անցքը դարեր տեւած է ,մենք ինչ հրաշքով պիտի միանայինք անոնց առանց լուրջ պատրաստութեան :վարչապետի մը փոփոխութեամբ ???

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930