Լրահոս
Օրվա լրահոսը

Երկրաշարժի ճամպրուկը

Դեկտեմբեր 07,2016 10:50

Իրապատում երկրաշարժի թեմայով

-Մի՛ գնա: Մնա՛, վաղը հայրդ կտանի: Ես վատ երազ եմ տեսել: Մինչ մայրս երազն էր պատմում, ես պատրաստվում էի Լենինական գնալ: -Մի՛ գնա, ասում եմ, դու գիտես, որ իմ երազները ճիշտ են,-չէր հանձնվում մամաս: Բայց պետք է գնայի, որովհետեւ գնալուս օրն էր՝ դեկտեմբերի 7-ը: Ավտոկայանից առաջին ավտոբուսը շարժվում էր ուղիղ 9-ին, հասնում էր մոտ 2 ժամ 15 րոպեում:

Երբեմն ինձ թվում է, որ դղրդոց-ձայնն ինձ երբեք չի լքի: Ու գիտեմ, որ սովորեցի դրանով ապրել: Հատկապես ցրտերն ընկնելուն պես է սաստկանում. օրն է մոտենում: Երկրի խուլ տնքոցի մեջ ուզում եմ մտաբերել փոքրիկ Լալայի ձայնը, բայց ոչ մի հնչյուն չկա: Ինչ հանգիստ եմ ասում տնքոց: Դա տնքոց չէր: Դա մռնչոց էր, ահռելի, սարսափելի մեծ, Երկրագնդի պես մեծ կենդանու մռնչոց: Բայց, կարծես, այդ գազանի սիրտն էր պայթելուց առաջ փքվում, փքվում…Չգիտես ինչու, ամեն ինչ լողում էր…ու արյունը կանգ առավ: Ես դեռ չգիտեի, որ արյունն հետո է լինելու: Եթե հասկանայի, որ իրականության մեջ եմ, գուցե վախենայի, բայց ձեռքերս ինչ-որ երկաթի կտոր էին գրկել, իսկ ինքս Լալային էի փնտրում: Անհասկանալի «երազ» էր: Կադրերը հասցրել էին փոխվել: Ոչ մի բան այլեւս իր տեղում չէր: Երկինքը չկար, ամպեր չկային: Բայց երկիր էլ չկար: Բայց մղձավանջ էլ դեռ չկար: Լալան էլ չկար: Մտածում էի նրա մասին: Որ կողմ թեքվում էի. Լալայենց շենքն էլ չկար: Այն շենքը, որտեղից երկու-երեք րոպե առաջ դուրս էի եկել հինգ տարեկան Լալայի ձեռքը բռնած, չկար: (Ամեն անգամ Լենինական գնալիս նրանց տանն էի մնում: Տանտերերը արտասահմանում էին աշխատում: Մի երեխան իրենց հետ էր, Լալան՝ տատիկի հետ: Լալային հաճախ էի տանում զբոսանքի: Այդ օրն էլ, մտա տուն, թե չէ՝ դուրս եկանք):
Հղկող հաստոցների գործարանի պատուհաններից մարդիկ էին կախված, 14 հոգի: Ես միայն նրանց տեսա: Ավելի ճիշտ՝ հաշվեցի: Նրանք «լիարժեք» չէին:

…Ուղիղ մեկ ամիս առաջ էի Երեւան վերադարձել: Գիտությունների ակադեմիայի Երկրաֆիզիկայի եւ երկրաշարժագիտության (սեյսմոլոգիայի) ինստիտուտը Լենինականում էր (իսկապես ճակատագրի հեգնանք), իսկ ես՝ այնտեղ, որովհետեւ հենց այդ մասնագիտությունով էի ասպիրանտուրա ընդունվել: Ինստիտուտի տնօրեն Ս. Բադալյանը հասկանում էր, որ նորավարտ աղջկա համար դժվար է Լենինականում, տնից հեռու ապրելը, դրա համար էլ համաձայնեց, որ գամ Երեւան, «Ատոմէներգանախագծում» աշխատանքի անցնեմ, բայց սովորեմ այնտեղ: Իսկ ինստիտուտի սենյակակիցներս՝ երեւանցի Արշակն ու Բադալյանի որդի Գուրգենը, խոստացան, որ ինձ կօգնեն, երբեմն էլ իրենց թեկնածուական աշխատանքից դուրս մնացած հետազոտությունների արդյունքներն ինձ «կնվիրեն»: Ինձ մնում էր, որ պայմանավորված օրերին լինեմ Լենինականում: Ու եղա:
«Երազիս ծով էր, կեսը ջուր էր, կեսն՝ արյուն: Դու նավակով օրորվում էիր բաժանման գծի վրա: Մեկ արյան կողմն էիր թեքվում նավակով, մեկ՝ ջրի: Աղջիկ ջան, մի՛ գնա, վախենում եմ»,- համոզում էր մամաս: Մեր տանը սովոր էինք, որ մայրիկիս «զինանոցում» երազները պատվավոր տեղ ունեն: Բավական է չուզենար ինչ-որ տեղ գնանք կամ ինչ-որ բան անենք, եթե այլ բացատրություն չգտներ, երազը կար ու կար: Չներգործեց:

Լալային նույնիսկ փնտրել չկարողացա: Ինստիտուտի մեր աշխատողների ձայնն էի լսում, ու հենց նրանք էլ, երեւի, ինձ Երեւան բերեցին: Հինգ ժամ հետո Երեւանում էի: 14 համարի երթուղու դեղին Իկարուսի մեջ: Մարդիկ խոսում էին, որ երկրաշարժ է եղել Սպիտակում, որ շատ են զոհերն ու ավերածությունները: Խելոք լսում էի, հետո ասացի, որ ընդամենը 14 մարդ է զոհվել: Բայց մեկ է, մտածում էի, որ մեծ ու բզկտված տիկնիկներ եմ տեսել գործարանի պատուհաններից կախված: Վերարկուս կեղտոտ էր, երկարաճիտքերիս նայելիս ինչ ասես կարելի էր մտածել: Մարդիկ երեւի տեսքիցս հասկացան, որ այնտեղից եմ գալիս ու սկսեցին հարցախեղդ անել: Հիշում եմ, որ անընդհատ գոռում էի, որ ընդամենը 14 զոհ կա ու մեկ էլ Լալային եմ կորցրել: Հետո սկսեցին հարցնել, թե ինչպես եղավ: Իսկ միթե հնարավոր էր որեւէ բան պատմել, եւ ինչպես կարող էր ողջամիտ մեկն ինձ հավատար:

Տանը ոչինչ չասացի, բայց «հարձակվեցին» վրաս: Բոլորն ինձ գրկում էին, փաթաթվում, մի տեսակ շատ էին գուրգուրում: Պետք է գնայի երգչախմբի փորձին, բայց երգչախմբից ահագին մարդ եկավ մեր տուն, հետո համալսարանից: Հեռախոսն էլ չէր լռում: Չէի հասկանում, թե ինչու եմ հայտնվել համընդհանուր ուշադրության կենտրոնում: Մայրս հայտարարեց, որ լավ վախեցած եմ ու ինձ հանձնեց մեր հարեւանուհի վախ բռնող ախպար տիկին Իսկուհուն:

Երկու օր անց «Ատոմէներգանախագիծ» ինստիտուտի կամավորներով մեկնեցինք աղետի գոտի… Ոչ տեսածս է պատմելու բան, ոչ զգացածս: Փրկարարական աշխատանքները համակարգող շտաբում տեսա Լալայի մորաքրոջը: Համատարած ողբի մեջ ուրախացել էի. Լալան ողջ էր ու անվնաս:

Ճամպրուկը

Մեր օրերում ֆիլմ են նկարել՝ «Երկրաշարժ»: Եղան մարդիկ, որ նույնիսկ հրավիրեցին նայելու: Շատ զարմացա. ուրեմն տեսածս, զգացածս քի՞չ էր, հիմա էլ գնամ 28 տարի անց վերապրե՞մ: Կուզեի իմանալ միայն, թե ֆիլմի հեղինակն ինչ ուղերձ է հղել: Կարծում եմ, որ ընդամենը պատմության արձանագրում է: Եթե կա հիշեցում, որ զգոն լինենք, ապա, ցավալիորեն ուշացած է: Չէ որ դեռ վագոն-տնակներում ապրողներ կան, չէ որ նման արհավիրքն ինքնին զգոնության պիտի բերեր, մինչդեռ …

Ամեն տարի դեկտեմբերի 7-ին էկրանին են հայտնվում պատկան մարմինների ներկայացուցիչներն ու սկսում բացատրել, թե ինչ պետք է անել կամ ինչ վարքագիծ դրսեւորել արտակարգ իրավիճակներում: Տարին մեկ անգամ: Ինքս էլ երեխաներիս եմ հիշեցնում, թե ինչ կերպ է պետք վարվել, եթե, աստված մի արասցե, հանկարծ պատահի… Երեւելի պարոնայք մոռանում են ասել, թե ինչ ասել է պատրաստված ու գրագետ գործել, եթե շուրջդ այլեւս բաց տարածք չկա, որ կողմ էլ գնաս, բարձրահարկ էլիտարները հետապնդելու են: Երեւանում այնքան խիտ շինարարություն է իրականացվել, որ արդեն ավելորդ է մարդկանց հետ աշխատել ու կրթել երկրաշարժի ժամանակ կողմնորոշվելու համար: Նախկինում ազատ տարածքներում տնկված բարձրահարկերն իրականում փակում են ոչ միայն հրշեջ եւ շտապօգնության մեքենաների, հատուկ տեխնիկայի, այլեւ փրկվելու հնարավորություն ունեցող մարդկանց կյանքի ճանապարհը: Թվում է, թե նման բառեր երբեք չպիտի գրվեին, որովհետեւ անվտանգության հարցը բոլորինը պիտի լիներ: Ավելին, արդեն քսան տարի որոշ «պրոֆեսորներ» մարդկանց ապակողմնորոշում են՝ առաջարկելով շինարարության «նոր» տեխնոլոգիաներ: Մինչդեռ խիտ կառուցումների դեմ նրանք պետք է պայքարեին, ոչ թե առաջ մղեին իրենց կասկածելի տեխնոլոգիաները: Դպրոցների շենքերն ամրացնելու թանկարժեք գործը «կպցնելու» փոխարեն ավելի ազնիվ չէ՞ր լինի, որ պարոնայք իրենց հեղինակավոր դիրքն օգտագործելով թույլ չտային դպրոցներին հարող բարձրահարկերի կառուցումը:

Զգոնությունը վախից է սնվում: Երկար տարիներ տան մի ճամպրուկում մշտապես պահում էի տարվա համապատասխան եղանակի բոլորիս հագուստներից ու որոշ առաջին անհրաժեշտության իրեր: Ճամպրուկի համար հաճախ էի մտերիմներիս կատակների թիրախում հայտնվում: Մի քանի տարին մեկ էլ փոխում էի ավելի նորով: Հիմա հասկացել եմ, որ արհավիրքից չի «փրկի» ոչ մի Ճամպրուկ, նույնիսկ եթե նրա անունը երկրաշարժի ճամպրուկ է: Անգամ փոքր ցնցման դեպքում արագ պետք է վերցնել ճամպրուկն ու դուրս գալ: Ու շվարած կանգնել, եթե հասցնես կանգնելը: Ուր գնալ, եթե շուրջբոլորդ՝ աջից, ձախից, դիմացից ազատ տարածք չկա: Բայց ինչո՞ւ անհանգստանալ, ինչո՞ւ խոսել դրա մասին: Չէ որ մեզ հետ դա չի պատահի, իսկ ավելի «կարեւորն» այն է, որ, եթե չխոսենք, հաստատ չի պատահի: Ի՜նչ լավ ենք ինքներս մեզ խաբում: Իսկ ինչ է, գյումրեցիները մե՞նք չէինք, Սպիտակն ու Վանաձորը մե՞նք չէինք, մե՞զ հետ չկատարվեց:
1988 թվականի դեկտեմբերից հետո, 28 տարի անց երկրաշարժի դատարկ ճամպրուկը պատուհանից ցած նետեցի: Շատ թեթեւացա, վախերս ցնդեցին, երեխաներս էլ զվարճացան, ծափահարեցին:

Այսուհետ թող բոլորիս հույսը միայն տեր Աստված լինի: Թող միշտ պահապան լինի մեր ազգին: Աստված ինքն էլ է տեսնում, որ պատմությունից, ինչ էլ որ լինի, միեւնույն է, դաս չենք առնում: Ազգովի հուսանք, որ Բարձրյալը նկատելու չի տա մեր ախմախությունն ու կգնահատի առ ինքն ունեցած մեր խորը հավատը:

 
ԹԱՄԱՐ ՍԱՐՅԱՆ

«Առավոտ»

07.12.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Hay says:

    Երկրաշա՞րժ. Ոչ մի երկրաշարժ էլ չի եղել, դա երկրաբանական զենքի փորձարկում է եղել: https://russiahousenews.info/blogs/spitak-1988-tayna-strashnoy-tragedii

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031