Լրահոս
Օրվա լրահոսը

Կարեն Կարապետյանը ՀՀԿ– ում միակն է, որ լողում է հոսանքին հակառակ եւ շարունակում է մնալ ջրի երեսին. «Հրապարակ»

Մարտ 01,2017 10:31

Հանրապետական պատգամավոր, «Տաշիր գրուպի» հիմնադիրներից Կարեն Կարապետյանն իսկական «էկզոտիկա» է հարազատ կուսակցության ներսում։ Նա շատ է սիրում փիլիսոփայություն, թեպետ չի ցանկանում խոսել նժդեհականության մասին։ ՀՀԿ-ականների վախվորած ֆոնին նա զարմանալիորեն անկաշկանդ ընդդիմանում է իշխանություններին, թեեւ միշտ մաս է կազմել իշխանությանն ու հեռանալու միտք էլ չունի։

Նա դեմ է ռեյտինգային ընտրակարգին, սակայն առաջադրվել է նույն ռեյտինգային ընտրակարգով Լոռու մարզում, որտեղ իր մրցակիցներն են ոչ միայն մյուս ութ ուժերի թեկնածուները, այլ նախեւառաջ հարազատ կուսակիցները՝ Վահրամ Բաղդասարյան, Արկադի Համբարձումյան եւ այլք։ Բայց Կարապետյանը, վստահաբար, ՀՀԿ-ի միակ ընդդիմադիրը չէ, պարզապես նա միակն է, ով համարձակվում է բարձրաձայնել ներքին խնդիրների մասին, հակառակ կարծիք հայտնել, անգամ խոստովանել՝ ՀՀԿ-ական լինելն օգնելու փոխարեն վնասում է իրեն։

Կարճ ասած՝ ուզում է ցույց տալ, որ ինքը միաբջիջ չէ, վախկոտ չէ։ Դժվար է ասել՝ իր դեմ խաղ կա, թե չկա, որքան էլ որ անչափելի է իր եւ իր ռուսաստանաբնակ եղբոր միլիարդների հասնող կարողությունը, ինչի վրա էլ թերեւս հենված է նրա ինքնավստահությունը, մի բան փաստ է՝ Կարեն Կարապետյանը ՀՀԿ– ում միակն է, որ լողում է հոսանքին հակառակ եւ շարունակում է մնալ ջրի երեսին։

Այս հակասությունը երեկ նա փորձեց մեկնաբանել՝ ապավինելով իր սիրած առարկային՝ փիլիսոփայությանը, երբ նկատեցինք, թե ասես ընդդիմություն լինի իշխանության ներսում։ Ի դեպ, սա այն քիչ դեպքերից էր, երբ Կարեն Կարապետյանն ուղիղ էր շփվում լրագրողների հետ եւ հանպատրաստից հարցազրույց էր տալիս։

Հարցրինք նրան՝ իր պես ընդդիմացող մարդը ՀՀԿ-ի հետ երկար ճանապարհ ունի՞ անցնելու։ «Իմ ներվերը բավարարում են»,- ասաց նա։ Իսկ իրենց նյարդերը բավարարո՞ւմ են հանդուրժել իր ընդդիմացումները։ «Թող հեռացնեն։ Դա ընդդիմացում չէ, դրանք օբյեկտիվ գնահատականներ են»։ Այսինքն՝ ՀՀԿ-ի պրոգրեսիվ ուժն ի՞նքն է, ինչի մասին խոսում էր վերեւում։ «Ես պրոգրեսիվ ինձ չեմ համարում, ես համարում եմ, որ ես էդ ձեւ եմ պատկերացնում եւ էդ ձեւ արտահայտվում եմ»։

Մտավախություն չունի՞, որ նման հարցազրույցներով հակառակ էֆեկտը կստեղծի ընտրողների մոտ։ «Հակառակ էֆեկտն արդեն ստեղծեցիք, գնացի էնտեղ (նկատի ունի Լոռու մարզը), էլ ձայն չեն տալու ինձ»,- իր խոսքը կեսկատակ-կեսլուրջ եզրափակեց Կարեն Կարապետյանը։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031