Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ վոկալիստները մասնակցեցին հեղինակավոր երաժշտական ակադեմիայի դասընթացներին

Մարտ 03,2017 13:30

Հրավերը արդյունք էր Երեւանի օպերային եւ Մոսկվայի Մեծ թատրոնների երիտասարդական ծրագրերի ղեկավարների համագործակցության

Սոչիում հանրահայտ երաժիշտ Յուրի Բաշմետի ղեկավարությամբ փետրվարի 14-26-ը կայացած Արվեստների ձմեռային 10-րդ միջազգային փառատոնին եւ երկրորդ անգամ անցկացվող միջազգային երաժշտական ակադեմիայի դասընթացներին մասնակցել են նաեւ Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի վոկալ բաժնի ուսանողներ՝ բաս Գոշ Սարգսյանը (դասախոս Գեւորգ Հակոբյանի դասարան) եւ բարիտոն Վարդան Սահակյանը (պրոֆեսոր՝ Վալերի Հարությունյան): Ապագա օպերային երգիչները ընդգրկված են նաեւ Ազգային օպերային թատրոնի Երիտասարդական ծրագրում (ղեկավար՝ Լեւոն Ջավադյան):

«Առավոտի» հետ հանդիպման ժամանակ երիտասարդ արվեստագետները փաստեցին փառատոնային ծրագրի ոճային բազմազանության (դասական երաժշտություն, բալետային արվեստ, ջազ, ֆոլկ, թատերարվեստ) մասին: Երիտասարդները հիացած էին փառատոնի շրջանակներում անցկացված երիտասարդ կոմպոզիտորների, բանաստեղծների մրցույթների, ինչպես նաեւ մշակութային լրագրողների դասընթացների անցկացմամբ, ինչը գրավեց մեր ուշադրությունը: Փառատոնի բացմանը, որին ներկա է եղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, մասնակցել են Մոսկվայի մենակատարների եւ Ռուսաստանի սիմֆոնիկ նվագախմբերը, հրաշալի կատարումներով հանդես են եկել աշխարհահռչակ երաժիշտներ Դենիս Մացուեւը, Վադիմ Ռեպինը, Օլի Մուստոնեն, Մասիմո կվարտետը, Օլգա Կուլշինսկայան եւ այլ դեմքեր:

Գոշ Սարգսյանը եւ Վարդան Սահակյանը:

Իսկ, որ մեզ համար ամենակարեւորն է, մեր վոկալիստները մասնակցել են ակադեմիայի դասընթացներին: Նրանց հետ վարպետության դասեր են անցկացրել 20-րդ դարի լեգենդար տենոր Նիլ Շիկոֆը, Դմիտրի Վդովինը, կոնցետմայստեր, Tenerife իսպանական փառատոնի գեղարվեստական ղեկավար Ջուլիո Զապպան, բեմական վարպետության դասեր է անցկացրել Մետրոպոլիտեն եւ Լա Սկալա թատրոններում մի շարք բեմադրություններ իրականացրած ռեժիսոր Փոլ Կուրանը եւ այլն:

Մեր զրուցակիցներից հետաքրքրվեցինք՝ նման հեղինակավոր միջոցառմանը իրենց ովքե՞ր են աջակցել: Վոկալիստները բարձրաձայնեցին ՀՀ մշակույթի նախարարության եւ Երիտասարդ տաղանդների զարգացման հիմնադրամի անունները:

Միջազգային երաժշտական ակադեմիայի դասընթացներին մասնակցելու հրավերը արդյունք էր Լեւոն Ջավադյանի եւ Մեծ թատրոնի երիտասարդական ծրագրի ղեկավար Դմիտրի Վդովինի համագործակցության:

Մենք քանիցս արձանագրել ենք 2016թ. սկզբին Ազգային օպերային թատրոնում հիմնված Երիտասարդական ծրագրում ընդգրկված երգիչների հաջողությունը: Նշենք, որ Աստանայի օպերային թատրոնում ՀՀ ժողովրդական արտիստ, Ղազախստանի արվեստների պետական համալսարանի պրոֆեսոր Բարսեղ Թումանյանի մոտ վարպետության դասերի է հաճախում հիշյալ ծրագրի երգիչներից Սարգիս Բաժբեուկ-Մելիքյանը, իսկ արդեն արվեստասեր հասարակայնությանը ծանոթ տենոր Տիգրան Օհանյանը (որը հաղթող ճանաչվեց Ռուսաստանի «Կուլտուրա» ալիքով անցկացված «Բոլշայա օպերա» ծրագրում) մարտի 4-ին Սանկտ Պետերբուրգում տեղի նվագախմբի, երգչախմբի եւ այլ մեներգիչների ընկերակցությամբ կմասնակցի Վերդիի Ռեքվիեմի կատարմանը: Երիտասարդական ծրագրի 3 մասնակից էլ ապրիլին կմրցեն Եկատերինբուրգում անցկացվող Դելփյան խաղերում: Այս մասին մեզ հայտնեց ծրագրի ղեկավար Լեւոն Ջավադյանը:

 

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Գլխավոր լուսանկարում` Վոկալիստները Նիլ Շիկոֆի հետ:

«Առավոտ»

02,03.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031