Լրահոս
Օրվա լրահոսը

«Փոքրիկ կայծ և 10.000 դրամ վերցնող լյումպենը կացինով ու քարով ջարդելու է փող տվողի գլուխը». Ռուբեն Բաբայան

Ապրիլ 06,2017 21:07

Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար, բեմադրիչ Ռուբեն Բաբայանը մտահոգված է, որ լյումպենիզացման գործընթացն ավելի ու ավելի է խորանում, ամեն ինչ գնվում ու վաճառվում է. «Եթե ասում ենք` բոլոր բնագավառներում պետք է լինի կապիտալիզացիա, հասարակ մարդն էլ հասկանում է, որ ընտրությունն էլ իր չափով պետք է լինի շահութաբեր»:

«Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը պարոն Բաբայանը կարծիք հայտնեց, թե լուծման միակ ճանապարհը կրթվելն է. «Չի կարող լինել քաղաքակիրթ երկիր անկիրթ հասարակության մեջ: Մենք դիմում ենք դիտորդներին, ասում ենք, բա դուք չե՞ք նկատել, մարդիկ փող են բաժանել, մենք դիտորդներին ասում ենք, եկեք, մեր բարոյականությամբ զբաղվեք, սա անհասկանալի է, մենք ասում ենք, եկեք մեզ հսկեք, որ մենք փորձենք բարոյական լինել, մենք այն ազգն եք, որ չի կարող իր խնդիրները լուծել: Այնինչ յուրաքանչյուրս, եթե պատասխանատու չենք մեր անձնական, մարդկային քաղաքական ընտրության համար, մենք այդ ընտրությունն ուրիշից ենք պահանջում, այդպես չի լինի»:

Ռուբեն Բաբայանի կարծիքով` ազգի բարոյալքությունը կախված չէ կուսակցություններից, նա հարց հնչեցրեց` այդ ո՞ր երկրում են կուսակցությունները բարոյական: Միևնույն ժամանակ պարոն Բաբայանը վտանգավոր է համարում ընդդիմության և իշխանության` հույսը լյումպենացված մասսայի վրա դնելը. «Թվում է, թե այդ լյումպենին հեշտ է ղեկավարել, բայց լյումպենն այն առաջինն է, որ քար է վերցնում ու ջարդում նրա գլուխը, որն իրեն փող տվեց: Մի փոքրիկ կայծ և այդ նույն մարդիկ, որ 10.000 դրամ են վերցրել, վերցնելու են կացինն ու քարը ու խփելու են փողը տվողի գլխին: Նա սկզբունք, բարոյականություն չունի, կամ ձեռքը լիզել, կամ տալ կոտրել: Աշխատելը, կրթվելը դուրս է նրանց հասկացողությունից»:

Գրականագետ Դավիթ Գասպարյանը ցավով արձանագրեց, թե նոր էջից մեր հին պատմությունն ենք շարունակում: Նա առաջարկում է նախ շնորհավորել խորհրդարան անցած ուժերին և հորդորում անպայման առաջիկա հանդիպումներին, հավաքներին պարբերաբար հիշեցնել այդ ուժերին նրանց գեղեցիկ խոստումներն ու նախընտրական պահվածքը:

Պարոն Գասպարյանն ասաց, որ ինքը մասնակցել է ընտրություններին և ընտրել իր նախընտրած պատգամավորին, որն էլ անցել է խորհրդարան. «Այն, ինչ տեսել եմ այդ ընթացքում, նորմալ ու բնական էր»:

Երգահան Վահան Արծրունին փաստեց. «Յուրաքանչյուր երկրում յուրաքանչյուր հանրության մեջ առհասարակ ազատ ընտրելու իրավունքը և սկզբունքը, եթե պաշտպանված է, յուրաքանչյուր որոշում ու բաշխում տոկոսների ու հավակնությունների արդարացված է: Այն ընտրությունները, որոնց մեջ այդ նիշը պահպանված չէ, տեսնում ենք, որ անարդարության տարրը, կամ գործոններ կան, որ որևէ կապ չունեն ազատ ընտրելու` քաղաքացու իրավունքի հետ: Երբ նույնիսկ հանցավոր գործոններ են աշխատում, այդ պահին իրավունք չունենք դատել ժողովրդավարության, աշխարհում ընդունված դիրքերից, պիտի հասկանանք, որ պրոցեսն ուղղորդվում է որոշակի գործոններով, որոնք օրենքից դուրս են»:

Անդրադառնալով ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի` ընտրություններից հետո արված հայտարարությանը, պարոն Արծրունին ասաց. «Նա բացահայտ նկարագրեց իրավիճակը` բացատրելով և անդրադառնալով իրենց` չանցած թեկնածուին` Շմայսին: Նա ասաց, որ կուսակցությունը մեծ ընտանիք է, իր հայրն ունի և իր անդամներին փողոցում չի թողնի: Ավելի  հասկանալի դա նշանակում է, որ կուսակցությունը  դիտարկվում է որպես թայֆա, որն ունի իր պախանը, և թայֆան իր անդամներին բաց երկնքի տակ չի թողնի: Սա այլ կերպ ասած` մաֆիայի նկարագրությունն է, որը դասվում է պետական իրավունքից բարձր: Այդ ուղերձը բաց տեքստով ուղարկվում է հանրությանը, և հանրությունը պետք է ճիշտ հետևություններ անի»:

Ամփոփելով Վահան Արծրունին ասաց, որ «Հաց բերողի» մարտիրոսությունը հանուն արդարության, ազատության և հայրենիքի, մեզ բոլորիս համար այն նշանն է, որի բարձունքից պետք է դատենք մեզ ու բոլոր գործընթացները և այն մարդկանց, որոնք փչացնում են մեր կյանքն ու երկիրը և զրկում մեր երեխաներին ապագայից:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    «Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար, բեմադրիչ Ռուբեն Բաբայանը »
    …………………………………………………………………………….

    Միշտ, բացառապէս այդպէս կը ներկայացնէք այս Յարգելի Պարոնը:

    Ինչո՞ւ պահում էք, երբեք չէք յայտնում որ նա նաեւ Ճորճ Սորոսի միջազգային Կազմակերպութեան Հայաստանի մասնաճիւղի Տնօրէնների Խորհուրդի անդամ է:

    Աննշան տեղեկութի՞ւն կը նկատէք այդ: Բարեհաճեցէք յայտնել, ընթերցողը թող որոշէ եթէ այդ իրողութիւնը նշանակալի՞ց է կամ ոչ: (Մի մտահոգուիք, շատեր չեն գիտեր թէ ճիշդ ինչի մասին է խօսքը. թերեւս նոյնիսկ ինքը իսկ !) :

  2. araqel says:

    Հետաքրքիր է. թե լյումպեն ասելով ու՞մ ինկատի ունեն:
    Կարո՞ղ են անուն առ անուն նշել ում որ ճանաչում են նրանցից :
    Թե՞ վախենում են որ նրանք “վերցնելու են կացինն ու քարը ու խփելու են /իրենց/ գլխին: “

  3. araqel says:

    “եկեք մեզ հսկեք, որ մենք փորձենք բարոյական լինել, մենք այն ազգն եք, որ չի կարող իր խնդիրները լուծել: ”

    իսկապես, որ իրենց բարոյական մակարդակը շատ լավ են իրենց հասկանում: իսկ ազգի հետ իրենց իդենտիֆիկացիան չափազանց գերագնահատման արդյունք է

    Սովետի ժամանակ էս ռուսախոս մարդիկ Մոսկվայից էին տղա կանչում, որ իրենց ամիրյանի վրա տուն տա ու իրենց պաշպանի տարբեր տիպի “անբարոյական” շիրազներից , հիմա էլ եվրոպացի են փնտրտում իրենց հաց տալու համար:
    Սակայն ի հրասթափույթուն իրենց, եվրոպացին Մոսկվայում նստած պալիտբյուրո ու կենտկոմ չի…

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930