Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

«Միակարծիք էին, որպեսզի Շանգալը եզդիաթափ չլինի»

Մայիս 25,2017 15:00

Ասում է «Միդիա-Շանգալ» եզդիների ազգային միավորում
հասարակական կազմակերպության նախագահ Ամո Շարոյանը

– Պարոն Շարոյան, Դուք արդեն Հայաստանում եք: Հայտնի է, որ հրավիրվել էիք Գերմանիա՝ կոնֆերանսի, որպես հայաստանյան միակ ներկայացուցիչ: Դուք «Միդիա-Շանգալ» եզդիների ազգային միավորում հասարակական կազմակերպության նախագահն եք: Պատմեք կոնֆերանսի մասին:

– Ապրիլի 20-21-ին Գերմանիայի Բեռլին քաղաքի Բունդեսթագի շենքում հրավիրվել էր «Եզդիների համերաշխության եւ միասնության կոնֆերանս»:

Կոնֆերանսը կազմակերպվել էր Բունդեսթագի չորս կուսակցությունների ներկայացուցիչների, փոխխոսնակի, Թուրքիայի մեջլիսի ազգությամբ եզդի պատգամավոր Ալի Աթալանի, Ֆրանսիայի Եզդիների ֆեդերացիայի նախագահ Թամազ Դասընիի եւ ցեղասպանություն ապրած Շանգալի նահանգապետի, քաղաքապետարանի կողմից: Մասնակցում էր տարբեր երկրներից 147 ներկայացուցիչ:

Բարձրաձայնվեց ամբողջ աշխարհի եզդիների համերաշխության, միասնության հարցը:

– Որքա՞ն է աշխարհում եզդիների թիվը:

– Թվերն, իհարկե, տատանվում են, բայց նշվում է 2,5 -3 միլիոն եզդիների մասին:

– Դուք նշեցիք, թե կազմակերպիչների մեջ չորս կուսակցությունների եզդի ներկայացուցիչներ կային: Ստացվե՞ց խոսակցությունը, արդյոք կուսակցականությունը չխանգարե՞ց մտքերի ազատ փոխանակությանը, քննարկումներին:

– Կազմակերպիչներից Թուրքիայի մեջլիսի պատգամավոր Ալի Աթալանը հենց սկզբից խնդրեց, որ կուսակցական ոչ մի գիծ չարտահայտվի, քանի որ խոսքը վերաբերում է եզդիների ապագային, մասնավորապես, Իրաքի հյուսիսում գտնվող Շանգալ նահանգի ցեղասպանության ճանաչմանը: Հատկանշական էր, որ Գերմանիայի Դաշնության չորս պատգամավորները համատեղ հայտարարություն ընդունեցին, որպեսզի եզդիների ցեղասպանության հարցը քննարկվի Բունդեսթագում, ճանաչվի ու դատապարտվի:
Համաժողովի մասնակիցներն իրենց դիրքորոշումն արտահայտեցին Շանգալի ցեղասպանությունը ճանաչելու հարցում, եւ Շանգալ նահանգում եզդիների եւ քրիստոնյաների հետ ինքնավար միավորում ստեղծելու օգտին:
Ինքնավար հանրապետությունը կերաշխավորվի աշխարհի միջազգային կազմակերպությունների եւ գերհզոր պետությունների կողմից: Եթե այսօր Շանգալը ազատագրվել է «Իսլամական պետություն» կոչվող հրեշի կողմից, դա չի նշանակում, թե եզդիներն այնտեղ կմնան, Շանգալը լիարժեք կպահպանվի: Քանի որ ամեն րոպե կա վտանգ: Մենք մինչեւ օրս ապրել ենք 74 ցեղասպանություն, ապա չի բացառվում 75-ը: Միավորումն իր առջեւ խնդիր է դրել Մերձավոր Արեւելքում մնան նաեւ քրիստոնյաներ:

– Պարոն Շարոյան, հասցեատերն ովքե՞ր էին, միայն Բունդեսթագի՞ն եք դիմել:

– Կոնֆերանսի մասնակիցներն առաջարկեցին, որպեսզի ցեղասպանության ճանաչման խնդրով դիմեն նաեւ ՄԱԿ-ին, Եվրամիությանը, Եվրախորհդին, նաեւ՝ ՝Շանգալի, ներկայիս Սինջարի վերականգնման հարցով: Ժամանակն է, որ եզդիներն ինքնուրույն որոշեն իրենց ապագան, որեւէ այլ պետություն չխառնվի մեր ազգի գործերին: Ժամանակին Իսրայելը ստեղծելու համար հրեաները երկրորդ համաշխարհային պատերազմից առաջ մտադիր էին Հարավային Ամերիկայում Իսրայել ստեղծել: Նման բան բացառեցինք, միակարծիք էին, որպեզի Շանգալը եզդիաթափ չլինի: Որովհետեւ, եթե Շանգալը չեղավ, այդ հողն արդեն մերը չի լինի:

– Դուք ելույթ ունեցե՞լ եք:

– Այո, ես նույնպես ելույթ եմ ունեցել: Ինչպես գիտեք, Հայաստանում ապրում է քառասուն-քառասուներկու հազար եզդի: Իմ ելույթում ասել եմ, որ ժամանակն է լինել միասնական, ու մենք ինքներս մեզ օգնենք: Եթե մենք չօգնենք մեզ, աշխարհի ոչ մի ազգ մեզ չի օգնի: Մեր ազգը պետք է իմանա, որ մեզ հետ կարող են հույս կապել:

Անդրադարձել եմ ազատագրված Շանգալի դեպքերին, ամեն մեկն ուզում է եզդիական բնօրրանը իր կազմում ընդգրկել: Մինչեւ 2014թ. օգոստոսի 3-ի ցեղասպանությունը Շանգալում ապրել է 1 միլիոն 200 000 եզդի: Եզդիները եկվոր չեն եղել, դարեր շարունակ ապրել են մեր բնօրրանում:

-Դուք եղե՞լ եք Ձեր բնօրրանում: Այնտեղ է նաեւ աշխարհի միակ հոգեւոր առաջնորդարանը՝ Լալիշա-Նորանին:

– Ցավոք, խորհրդային տարիներին դժվար էր լինել այնտեղ, դեռ չեմ կարողացել: Ի դեպ, կոնֆերանսին մասնակցում էր հոգեւոր դասի ներկայացուցիչը:

– Կոնֆերանսը ի՞նչ լեզուներով ընթացավ:

– Եզդերեն, անգլերեն, գերմաներեն:

– Պարոն Շարոյան, ղեկավար մարմին, «պոլիտբյուրո» ձեւավորվե՞ց:

– «Պոլիտբյուրո», «անսամբլ» չձեւավորվեց: Ստեղծվեց կոմիտե, բայց անդամները չեն հաստատվել, քանի որ աշնանը համաեզդիական համաժողով կհրավիրվի: Մինչ այդ կոնֆերանսի քսան կետերից բաղկացած որոշումներն ու բանաձեւերը ուղարկվել է տարբեր երկրների եզդիական կազմակերպություններին, համայնքներին, քննարկելու, լրացումներ անելու եւ հաստատելու համար:

 

Հարցազրույցը՝ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆԻ

Հ.Գ.- Կոնֆերանսին մասնակցել է նաեւ լուսանկարում պատկերված Նադյա Մուրադը:
Նա ՄԱԿ-ի կողմից Բարի կամքի դեսպանն է աշխարհում, եղել է ԻՊ կողմից գերի Շանգալի ցեղասպանության ժամանակ: Միայն ափսոս, որ «Ավրորա» մրցանակաբաշխությանը չի հրավիրվել ոչ միայն նա, այլեւ եզդիական համայնքից որեւէ մեկը:

 

«Առավոտ»

24.05.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031