Լրահոս
Օրվա լրահոսը

Խամաճիկներ սիրողները

Հունիս 08,2017 10:21

Իրանը պետության դարավոր փորձ ունի, տեսանելի պատմական անցյալում չի եղել այլ պետության կազմում, չի հանդիսացել մեկ այլ պետության գաղութը: Իրանցիները չեն ցանկանում լինել որեւէ մեկի խամաճիկը: Դա ստիպում է մնացած աշխարհին հարգել մեր հարեւաններին: Բայց, մյուս կողմից, նրանք, ովքեր գերադասում են գործ ունենալ խամաճիկների հետ (իսկ այս պահին նման երկու երկիր կա՝ Ռուսաստան եւ Միացյալ Նահանգներ), այդ երկու երկրների ղեկավարությանը ինքնուրույն լինելու ձգտումը նյարդայնացնում է: «Շեֆերի» այդ նյարդայնությունն ավելանում է այն պարագայում, երբ խամաճիկներին սիրող երկրներում իշխանության են գալիս բիզնեսմենները:

Դոնալդ Թրամփն այցելեց Սաուդյան Արաբիա, հարյուրավոր միլիարդների «փող կպցրեց» զենքի վաճառքի վրա, հայտարարեց, որ Իրանն աշխարհի ամենասարսափելի սպառնալիքն է (հօգուտ այդ պնդման որեւէ փաստարկ չբերելով), այնուհետեւ Սաուդյան Արաբիան եւ ԱՄՆ-ի այլ խամաճիկներ հայտարարեցին, որ ահաբեկչության սպառնալիքը գալիս է Կատարից (ոչ թե հենց իրենցից), որից հետո ահաբեկիչները հարձակումներ գործեցին հենց Իրանում: Ահա իրադարձությունների պարզ շղթան, որի հիմքում, բնականաբար, ընկած է նավթից եւ զենքից «փող կպցնելը»:

Իհարկե, ոչ մեկին պետք չէ իդեալականացնել կամ դեմոնացնել՝ պետություններն առաջնորդվում են իրենց շահերով: Պարզապես ինձ չի թվում, որ 21-րդ դարի երկրորդ տասնամյակում այդ շահերը խարսխված են բացառապես ածխաջրածնային ռեսուրսների շուրջ եւ պարփակվում են նավթ ծախելու, ռումբեր գնելու եւ այդ ռումբերով նոր նավթահորեր նվաճելու փակ ցիկլի մեջ:

«Խամաճիկներ սիրող» ավելի թույլ եւ աղքատ երկիր կա՝ Ռուսաստանը, որը գործում է նույն տրամաբանությամբ՝ «եղեք մեր խամաճիկները, թե չէ կկտրենք ձեր գազը, չենք թողնի, որ դուք նավթ վաճառեք, կամ զենք կտանք ձեր հակառակորդներին»: Իսկ դուք չե՞ք մտածում, որ 21-րդ դարում կգա մի օր, երբ ձեր նավթն ու գազը ոչ մեկին պետք չեն լինելու: Այնպես որ, չարժե նյարդայնանալ, երբ ազգերը հրաժարվում են լինել ձեր խամաճիկը, փորձեք ձեռք բերել անկեղծ բարեկամներ:

Հայաստանում նույնպես անցած տարվա ապրիլին դրսեւորվեցին ինքնուրույն պետական մտածողության սաղմեր: Դրանք ի հայտ եկան ոչ այնքան պետական կամ քաղաքական վերնախավի, որքան սահմանին կանգնած 18-20 տարեկան երիտասարդների մոտ: Նրանք իրենց հերոսությամբ կարծես թե ասացին՝ «կարեւոր չէ՝ այնտեղ՝ թիկունքում, լավ է, թե վատ, մենք միեւնույն է՝ պաշտպանելու ենք մեր հողը»: Նրանց համար, ովքեր այդ բախումը խրախուսեցին (այսինքն՝ Կրեմլի համար), այդ մոտեցումը, կարծում եմ, անսպասելի էր: Դա կարող է տարակուսանքի մեջ գցել կոնֆլիկտը «բզբզողներին», կարող է նույնիսկ նյարդայնացնել նրանց: Բայց նաեւ կստիպի, որ մեզ ինչ-որ չափով հարգեն: Ո՞ր չափով՝ կախված է վերոհիշյալ վերնախավից:

 

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Վախթանգ Սիրադեղյան says:

    Ընկալման համար մի թեթև բարդ էր, իսկ միջնամասի պարբերությունը՝ օդից կախված. երևի դրանից էլ լայքերի համեմատաբար պակասը:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930