Լրահոս
Օրվա լրահոսը

ՌԴ լեյտենանտին ՀՀ քաղաքացիություն են շնորհել, հիմա էլ կրկնակի ծառայության են կանչում

Հունիս 12,2026 14:00 Share

Անձին «Լեյտենանտ» զինվորական կոչում չի կարող շնորհվել պատահականության սկզբունքով. ներկայացուցիչ

Մեկ տարի առաջ այս օրը  Է. Տ.-ն հայցադիմում ներկայացրեց ՀՀ վարչական դատարան ՀՀ պաշտպանության նախարարության դեմ՝ շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու վերաբերյալ բարենպաստ ակտ կայացնելուն պարտավորեցնելու պահանջի մասին: Գործը գտնվում էր դատավոր Ռոբերտ Մաքեյանի վարույթում: Երկու նախնական դատական նիստ անցկացնելուց հետո որոշվեց ավարտել քննությունը, հրապարակել որոշումը։ 

Հայցվորի ներկայացուցիչն էր ճանաչված փաստաբան Առնոլդ Վարդանյանը (լուսանկարում)։

Դատական գործընթացի ժամանակ պարզվեց հետևյալը. հայցվոր Է. Տ.-ին ՀՀ նախագահի 2024 թ. հոկտեմբերի 2-ի թիվ ՆՀ-293-Ա հրամանագրով շնորվել է ՀՀ քաղաքացիություն: Ավստրիայում ՀՀ դեսպանատան կողմից 2025 թ. Է. Տոլստովը տեղեկացվել է, որ 2025 թ. հունվարի 8-ին հաշվառվել է ՀՀ պաշտպանության նախարարության հանրապետական զինվորական կոմիսարիատում: 2025 թ. ապրիլի 2-ին դիմում է հասցեագրվել ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին՝ խնդրելով լուծել Է. Տ.-ի զինվորական ծառայության հարցը՝ նկատի ունենալով, որ Է. Տ.-ն  ունի լեյտենանտի զինվորական կոչում և ՌԴ պետական տեխնոլոգիական համալսարանում ուսանելիս՝ 2007-2010 թվականներին անցել է ռազմական պատրաստություն զինվորական կաֆեդրայում՝ երեք տարի շարունակ: Դատարան է ներկայացվել հայերեն թարգմանված համապատասխան տեղեկանք՝ տրված նշված ուսումնական հաստատությունից: 2025 թ. ապրիլի 11-ին ՀՀ ՊՆ հանրապետական զինվորական կոմիսարիատից ստացվել է պատասխան գրություն, որով մերժվել է ներկայացված դիմումը՝ հղում կատարելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 1.1-րդ մասին՝ նշելով, որ «Է.Տ.-ի զինգրքույքի պատճենում առկա է գրառում «Լեյտենանտ» զինվորական կոչում շնորհելու վերաբերյալ, սակայն ԶՈՒ-ում ծառայելու մասին տեղեկություն նշված չէ»։
Հայցվորը 2007-2010 թվականներին ուսանել է Կ. Է. Ցիոլկովսկու անվան «ՄԱՏԻ» Ռուսաստանի պետական տեխնոլոգիական համալսարանի Ավիատեխնոլոգիական ֆակուլտետում՝ անցնելով ինչպես տեսական և գործնական դասընթացները, այնպես էլ՝ 2010 թվականին 19612 Զ/Մ-ում (Յու. Անդրոպովի անվան 4-րդ Կվանտեմիրյան առանձնացված գվարդիական տանկային դիվիզիա) ուսումնական զինվորական հավաքները: Ուսուցման և զինվորական հավաքների արդյունքներով ատեստավորվել է սահմանված կարգով և նրան շնորհվել է լեյտենանտի զինվորական կոչում: Մոսկվայի ՎՕ Դանիլովսկի շրջանի զինվորական կոմիսարիատի կողմից տրված զինվորական տոմսի բովանդակության համաձայն՝ Է. Տ.-ին 2012 թ. մայիսի 31-ին Ռուսաստանի պաշտպանության նախարարի հրամանով շնորհվել է լեյտենանտի կոչում: Ըստ հայցվոր կողմի, ինչպես Հայաստանի Հանրապետությունում, այնպես էլ Ռուսաստանի Դաշնությունում զինվորական ծառայությանը համարժեք է համարվում նաև համապատասխան զինվորական կրթական ծրագրերի անցմամբ զինվորական ծառայությունից ազատումը և լեյտենանտի զինվորական կոչման շնորհումը: Նշված կրթական ծրագրերի ժամանակահատվածը ներառում է ինչպես տեսական դասընթացներն ու գործնական պարապմունքները, այլ նաև՝ հստակ ժամաքանակով զինվորական հավաքներին մասնակցությունը: «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 56-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով պահեստազորում հաշվառման ենթակա են բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորելու ընթացքում ռազմական պատրաստություն անցած և օրենքով սահմանված կարգով «լեյտենանտ» զինվորական կոչում ստացած քաղաքացիները, ինչին համահունչ ՌԴ-ում ուսանելիս նա անցել է 501 ժամ զինվորական պատրաստություն և ստացել լեյտենանտի զինվորական կոչում, ինչը նաև հավաստվում է իր կրթական հաստատությունից ստացված տեղեկանքով, դիպլոմի միջուկով և զինվորական գրքույկով:

Հայցվորի պնդմամբ, վարչական մարմնի նման գործելաոճի պայմաններում կոպիտ կերպով խախտվում են ՀՀ քաղաքացի հանդիսացող Է. Տ.-ի իրավունքները՝ նկատի ունենալով, որ ներկայացված փաստաթղթերից ակնհայտ է, որ անձին «Լեյտենատ» զինվորական կոչում չի կարող շնորհվել պատահականության սկզբունքով՝ առանց զինվորական ծառայություն կամ դրան համարժեք զինվորական պատրաստվածություն անցնելու: Մինչդեռ, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության իրավասու մարմիններն ակնհայտ ոչ իրավաչափ ձևով պահանջում են Ռուսաստանի Դաշնությունում շուրջ երեք տարի զինվորական պատրաստություն անցած Է.-ին կրկնակի զինվորական ծառայություն անցնել Հայաստանի Հանրապետությունում:

Այսպիսով, ըստ ներկայացուցչի՝ ՀՀ ՊՆ-ն Է. Տ.-ի վրա  «ոչ իրավաչափորեն դրել է կրկնակի շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայություն անցնելու պարտականություն` այն պայմաններում, երբ Է. Տ.-ին օրենքով սահմանված կարգով շնորհվել է լեյտենանտի զինվորական կոչում և վերջինս ենթակա է հաշվառման պահեստազորում»:
Ակնկալիքը վարչական դատարանից հետևյան էր. վարչական մարմինը պարտավոր է կայացնել Է. Տ.-ին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից ազատելուն ուղղված բարենպաստ վարչական ակտ։
Երեկ տեղեկացանք, որ Վարչական դատարանը մերժել է հայցապահանջը: Դատարանն արձանագրել էր. Պատասխանողը իրավասու չէ Է. Տ.-ին ազատել շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից, քանի որ «վերջինիս կողմից չի ներկայացվել ոչ պակաս, քան 12 ամիս այլ պետության զինված ուժերում ծառայած լինելու կամ այլ պետությունում ոչ պակաս, քան 18 ամիս այլընտրանքային ծառայություն անցած լինելու բավարար ապացույցներ»: Ինչ վերաբերում է 501 ժամ զինվորական պատրաստություն անցած լինելուն, ապա դա ըստ դատարանի` «հավասարազոր չէ պարտադիր զինվորական ծառայությանը: Ընդ որում՝ վերջինս նաև օրենքով սահմանված կարգով չի հաշվառվել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի պահեստազորում և Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով առողջական վիճակի պատճառով չի ճանաչվել ոչ պիտանի զինվորական ծառայության համար»:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
11.06.2026

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930