Լրահոս
Օրվա լրահոսը

Միայն օրենքները կարգավորելով` փոքր ու միջին բիզնեսի խնդիրները չեն լուծվում

Հունիս 10,2017 14:55

Հայաստանի շուկայում մենաշնորհներ չկան, կան գերիշխողներ: Այսօր «Էլիտ պլազա» բիզնես կենտրոնում տեղի ունեցած ասուլիսում ասաց Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի Մեթոդաբանության եւ ծրագրերի մշակման վարչության պետ Արման Մանասերյանը: Կանխելով լրագրողների հարցերը շաքարավազի եւ այլ ապրանքների վերաբերյալ, պարոն Մանասերյանն ասաց, որ օրինակ՝ շաքարավազի շուկայում արդեն չորս տասնյակ ներկրող կա: Ձեթի շուկայում նույնպես ներկրողները մի քանիսն են:

Ըստ նրա հանքային ջրերի, դեղերի որոշ տեսակների հետ կապված  շուկայում կան գերիշխող դիրք ունեցող տնտեսվարողներ, բայց նրանց առկայությունը դեռեւս չի նշանակում, որ շուկայում մրցակցություն չկա. «Ավելին՝ մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ այդ բոլոր շուկաներում, որտեղ նույնիսկ կան խոշոր ընկերություններ, այդ շուկաներում գործում են փոքր ու միջին ընկերություններ, ինչն էլ ապահովում է մրցակցությունը»:

Պարոն Մանասերյանը ներկայացրեց, թե ինչպիսի խոչընդոտներ ու խնդիրներ կան այս կամ այն շուկա նոր ընկերությունների, ծառայությունների մուտքի դեպքում:

Ըստ նրա, օրինակ՝ կաթնամթերքի շուկան հագեցած է եւ բավականին փոքր է եւ նոր ընկերությունը կամ պետք է արտահանման ուղղությամբ աշխատի կամ միանգամայն նոր արտադրանք թողարկի, որպեսզի մրցակցությանը դիմանա: Կաթնամթերքի շուկայում արդեն գործող ընկերությունները նույնիսկ չեն կարողանում իրենց արտադրական հզորություններն ամբողջությամբ օգտագործել:

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի «Ամբերդ» հետազոտական կենտրոնի տնօրեն Արմեն Գրիգորյանի խոսքով, կան որոշակի հանգամանքներ, որոնք օրենսդրական կարգավորման դաշտից դուրս են, բայց շատ ավելի ուժեղ ազդեցություն են ունենում սահմանափակումների հարցում: Օրինակ՝ երբ փոքր հայկական ընկերությունը փորձում է արտերկրից ներկրել որոշակի ապրանքներ, իրեն չեն վաճառում:

«Ճիշտ է խոշոր ընկերությունն առանձնահատուկ գործընկերային պայմանագիր չունի այդ ընկերությունների հետ, բայց նա հայկական խոշոր ընկերության հետ երկարատեւ համագործակցության փորձառություն ունի եւ իր պարտնյորից, որից ինքը  բավարարված է որպես այդպիսին, որեւէ կերպ չի էլ ցանկանում փոխարինել, անվստահելի, ավելի փոքր քանակով ապրանքի գնման առաջարկ ներկայացնող ընկերությունով»:

Ըստ պարոն Գրիգորյանի, նույնն էլ փոխադրող ընկերությունների դեպքում է: Հարյուրավոր կոնտեյներների ապրանք բերող ընկերություններն, ըստ նրա ավելի էժան են կարողանում բերել, քանի որ տրանսպորտային ընկերությունը մասշտաբից ելնելով նրանց էժան հնարավորություններ է ընձեռում, եւ երբեմն կարողանում են թույլ չտալ, որ փոքր ընկերությունները ապրանք բերեն, քանի որ ամրագրում են ողջ կոնտեյները. «Օրինակ` հնարավոր է` Ֆրանսիայում դատարկ կոնտեյները կանգնած լինի, բայց չկարողանաս այդ կոնտեյներում ապրանք լցնես, որովհետեւ ավելի խոշոր ընկերությունը պահում , մինչեւ իր ապրանքը կհավաքվի, կլցվի եւ ինքը կսկսի ներկրել»:

Միջոցառումը կազմակերպել էր տնտեսական լրագրողների ակումբը:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930