Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Ո՞ր երկիրն է խանգարում Հայաստանին զենք ձեռք բերել Իսրայելից

Հուլիս 29,2017 14:00

Ըստ քաղաքագետի` դա ոչ Ռուսաստանն է, ոչ էլ Ադրբեջանը, այլ Իրանը

Երեկ ՀՀ կառավարության նիստից հետո ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը, անդրադառնալով Իսրայելի տարածաշրջանային համագործակցության նախարար Ցախի Հանեգբիի` Երեւան այցին, հայտնեց, որ Իսրայելը պատրաստ է զինտեխնիկա վաճառել նաեւ Հայաստանին, իսկ Ադրբեջանին զենք է վաճառում ոչ Հայաստանի նկատմամբ թշնամության պատճառով:

«Առավոտը» «Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանից հետաքրքրվեց` Հայաստանի համար քաղաքական եւ ռազմական առումով նպատակահարմար կլինի՞ Իսրայելից զենք գնելը, քաղաքագետը պատասխանեց. «Տեսականորեն նպատակահարմար է, քանի որ իսրայելական զենքն այն զենքն է, որն իր հնարավորություններով երբեմն եզակի է: Այդ հանգամանքը հատկապես կարեւոր էր, օրինակ, ապրիլյան պատերազմի ժամանակ, քանի որ գլխավոր խնդիրները, որ ունեցել են արցախյան զորքերը, դրանք, որքան էլ զարմանալի է, ոչ այնքան ռուսական, այլ իսրայելական զենքի հետ էին կապված: Այլ բան է, որ խոսքը գնի մասին է. իսրայելական զենքի, արեւմտյան ստանդարտներով պատրաստված ժամանակակից զինատեսակները բավականին թանկ են: Իսկ հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության առանձնահատկությունն այն է, որ ՀՀ-ն հնարավորություն ունի արտոնյալ պայմաններով` ավելի էժան ստանալ նոր արտադրված զենքը, ավելի արտոնյալ կամ անվճար՝ օգտագործված զինատեսակներ»:

Ըստ Սերգեյ Մինասյանի` հարցը ոչ այնքան քաղաքական, որքան տնտեսական է. «Չափազանց լուրջ գումարների մասին է խոսքը. օրինակ` Ադրբեջանի եւ Իսրայելի ռազմատեխնիկական համագործակցության մեկ տարվա ծավալները, տարբեր հաշվարկներով, մի քանի միլիարդ դոլարների են հասնում, որը ՀՀ ամբողջ տասը տարվա ռազմական բյուջեի ծախսերն է կազմում, ուստի խնդիրը միայն այն չէ, որ Իսրայելն Ադրբեջանին զենք է վաճառում, քանի որ մեզ հետ խնդիրներ ունի»:
Սերգեյ Մինասյանը փաստեց, որ ի տարբերություն արեւմտյան երկրների՝ ԱՄՆ-ի, ԵՄ-ի, ՆԱՏՕ-ի անդամ երկրների, որոնք էմբարգո ունեն Ղարաբաղյան հակամարտության գոտում լետալ` մահացու զենք վաճառել, Իսրայելն այդ էմբարգոն չունի եւ ժամանակակից ու բարձր տեխնիկական էֆեկտիվությամբ զինատեսակներ է վաճառում Ադրբեջանին, բայց դա չափազանց թանկ հաճույք է:

Մեր հարցին` միգուցե ավելի նպատակահարմար կլիներ ՌԴ-ի՞ց ձեռք բերվող զինատեսակները կրճատել, գումար տնտեսել եւ արեւմտյան ստանդարտներով որոշ զինատեսակներ ձեռք բերել հենց Իսրայելից, թե՞ ՌԴ-ն դրան դեմ կլինի, պարոն Մինասյանը պատասխանեց, որ այս հարցում չափազանց զգայուն են ոչ այնքան ՌԴ-ն, Ադրբեջանը, այլ Իրանը. «Կան քաղաքական լուրջ խնդիրներ: Օրինակ` Իսրայելի եւ Իրանի առճակատումը: Իրանն այս պահի դրությամբ գործնականորեն չի տրամադրում լետալ զինատեսակներ Ադրբեջանին: Իսկ ռուսական գործոնն ամենահեշտ բացատրությունն է: Բայց ընդհանուր առմամբ իսրայելական զենքին համահունչ զինատեսակների ձեռք բերման հնարավորություն եթե ունենայինք, վատ չէր լինի»:
Սերգեյ Մինասյանը շեշտեց, որ յուրաքանչյուր փամփուշտի ձեռք բերումը` լինի ՌԴ-ից, թե Իսրայելից, միայն ու միայն նպաստելու է ռազմական բալանսի, խաղաղության պահպանմանը:

Հարցին` արդյոք Իսրայելի հետ 25-ամյա համագործակցության ընթացքում ՀՀ-ի դիվանագիտական ապարատն արդյունավետ աշխատե՞լ է, պարոն Մինասյանը եւս մեկ անգամ շեշտեց, թե պետք է հասկանանք, որ այստեղ կա մի երկրի հետ հարաբերություն, որը չափազանց զգայուն է այդ հարցում. դա Իրանն է: Ու պիտի այնպես հաշվարկել, որ չլինեն քայլեր, որոնց արդյունքում ավելի շատ տուժենք, քան ստանանք:

 

ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Առավոտ»

28.07.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31