Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Կարապետյանը Լոռիում ՀԷԿ կկառուցի

Օգոստոս 09,2017 16:33

Լոռու մարզում եւս մեկ հիդրոէլեկտրակայան կկառուցվի: «Շնող» ՀԷԿ-ը մտադիր է կառուցել «Դեբեդ Հիդրո» ՍՊԸ-ն «Հայաստանի ներդրողների ակումբ»-ի միջոցով:

Այս մասին տեղեկանում ենք կառավարության օգոստոսի 10-ի նիստի օրակարգից:

Կառավարությունը մտադիր է հավանություն տալ «Դեբեդ Հիդրո» ՍՊԸ-ի եւ «Հայաստանի ներդրողների ակումբ» փակ ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի միջեւ կնքվող` Լոռու մարզում 76 ՄՎտ դրվածքային հզորությամբ «Շնող» հիդրոէլեկտրակայանի նախագծման, կառուցապատման, ֆինանսավորման, կառուցման, սեփականության իրավունքով տնօրինման, տիրապետման, շահագործման մասին շրջանակային համաձայնագրին:

Ըստ որոշման նախագծի, նախատեսվում է, որ ՀՀ կառավարությունը կաջակցի Կառուցապատողին ձեռք բերել հողատարածք՝ ՀԷԿ-ի կառուցման համար: Կայանի կոմերցիոն շահագործման ամսաթվից 20 տարուց ոչ պակաս ժամանակահատվածում ՀՀ կառավարությունը երաշխավորում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից տարեկան 500 մլն կՎտժ էլեկտրաէներգիայի գնում:

ՀԷԿ-ի կառուցման համար որքան գումար է ներդրվելու, երբ է մեկնարկելու շինարարությունը եւ երբ է կառուցապատման ավարտը, նախագծում գրված չէ:

Նշենք, որ ՀԷԿ-ի կառուցապատողը՝«Դեբեդ Հիդրոն» հիմնադրել է  «Էներգոինվեստ հոլդինգը», որի բաժնետոմսերի մեծ մասը պատկանում է ռուսաստանաբնակ հայազգի գործարար Սամվել Կարապետյանի ընտանիքին:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031