Լրահոս
Օրվա լրահոսը

Արևմուտքը չի վստահում Ադրբեջանին ԻՊ-ի դեմ պայքարում. «Նեզավիսիմայա գազետա»

Օգոստոս 17,2017 13:47

Թուրքիայում ձերբակալվել են «Իսլամական պետության» ադրբեջանցի զինյալներ: Սիրիայի հետ սահմանին՝ Իմանլի բնակավայրի մոտ ժանդարմերիան ձերբակալել է 5 մահապարտ ահաբեկիչների, որոնցից 3-ը՝ Ադրբեջանի քաղաքացիներ: Թուրքերին ապշեցրել է այն, որ ձերբակալվածներից 2-ը կին են՝ 37-ամյա Գուլնար Շիրմամեդովան և 42-ամյա Նազենին Զեյնալովան, գրում է «Նեզավիսիմայա գազետան»:

Ադրբեջանը՝ որպես «Իսլամական պետության» համար կադրերի աղբյուր ավելի վաղ հիշատակվել էր դեռ Անվտանգության և տեղեկատվության եվրոպական կենտրոնի (DESI) գլխավոր քարտուղար, Մերձավոր Արևելքում մարդու իրավունքների միջազգային հանձնաժողովի (IHRC) հանձնակատար Հայսամ Աբու Սայիդի կողմից: Աբու Սայիդն ընդգծել էր, որ ԻՊ-ի կողմից կռվող ադրբեջանցի զինյալները սպառնալիք են ներկայացնում, մասնավորապես, Ֆրանսիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի և Բելգիայի համար:

Ջիհադիստների տեղափոխումը Սիրիայից Եվրոպա Սիրիայում քաղաքացիական պատերազմի հենց սկզբից իրականցվում է Թուրքիայով: Սահմանի վրա առաջացած «գրպանների» և տեղաբնակներին կաշառելու միջոցով զինյալները հայտնվում են մասնավորապես Ստամբուլում: Ստամբուլի հարուստ վայրերում նրանք մի լավ հանգստանում են, իսկ հետո Թուրքիայում ընդհատակ են անցնում կամ իրենց պարագլուխների հրահանգով տեղափոխվում այլ երկրներ: IHRC-ի զեկույցում հիշատակված Բելգիան, ըստ արևմտյան փորձագետների, ահաբեկիչների կանգառն է և գործողությունների կենտրոնը ամբողջ Եվրոպայում:

Վերվիեյում՝ Լիեժից ոչ հեռու, գտնվում է հակառուսական տրամադրություններ ունեցող վայնախների կողմից հիմնված «Կովկասյան մշակութային-հետազոտական կենտրոնը»: Բրյուսելում է գտնվում «Ալ-Սալիհուն» իսլամական մշակութային կենտրոնը, որը նույնպես հիմնել են վայնախները: Ադրբեջանցի ահաբեկիչները հեշտությամբ հարմարվում են բելգիացի վայնախների մոտ՝ հաշվի առնելով ռուսերենի իմացությունը և «պատմական խորհրդանիշների» ընդհանրությունը: Վայնախ սալաֆիների կողմից երկրպագվող Շամիլ Բասաևը հերոս է նաև Ադրբեջանի ջիհադիստների համար:

Իսկ Թուրքիան տարվա երկրորդ կեսից սառեցնում է երբեմնի ջերմ զգացմունքները ադրբեջանցիների նկատմամբ: Ամռանը Թուրքիայի ՆԳՆ-ն հրապարակեց փաստաթուղթ, ըստ որի, ահաբեկչությանը հարելու կասկածանքով երկրից արտաքսվել է Ադրբեջանի 252 քաղաքացի, ևս 1677-ի մուտքը Թուրքիա արգելվել է: ԻՊ-ի էքսպանսիան անհանգստության տեղիք է տալիս նաև Ադրբեջանում: Հուլիսի կեսերից Բաքվում ընթանում է Այդին Գյուլմամեդովի և Ամրան Իմանովի դատավարությունը, որոնք, ըստ քննության, անցյալ տարվա հոկտեմբերին Սումգայիթում հավատարմության երդում են տվել ԻՊ առաջնորդ ալ-Բաղդադիին:

Սումգայիթը, որը հայտնի է 1988թ. հայկական ջարդերով, Ադրբեջանում հայտնի է որպես ջիհադիստների մայրաքաղաք և երկրում ԻՊ-ի հիմնական հենակետ, գրում է թերթը: «Քաղաքը կառուցել են բանտարկյալները, խորհրդային տարիներին այնտեղ էին ուղարկում «քիմիայի», ինչը ազդել է Սումգայիթի սոցիալ-մշակութային կլիմայի վրա,- թերթի հետ զրույցում ասել է քաղաքագետ Ֆահրեդդին Աբասզոդան:- ԽՍՀՄ փլուզումից հետո Սումգայիթում հոգևոր իշխանությունն անցավ սալաֆիների ձեռքը: Սումգայիթից Բաքու 30 կմ է, հետևաբար սալաֆիներն առանց դժվարության իրենց ձեռքն են վերցրել մայրաքաղաքի շրջակայքը և Ադրբեջանի հյուսիս-արևմտյան շրջանները: 8 մլն բնակչություն ունեցող Ադրբեջանում կա 1 մլն սալաֆի՝ մի ամբողջ բանակ: Այդ բանակի մեջ են մտնում տեղի լեզգիներ, ավարներ, ցախուրներ: Լինելով սուննիներ՝ նրանք անցնում են սալաֆիզմի: Բաքվում կան նախկին սուննիների ամբողջ թաղամասեր, որոնք դարձել են կամ վահաբիներ, կամ «Նուրջուլարի» հետևորդներ: Սումգայիթի բնակչության կեսը կազմող սալաֆիները ռիսկային խումբ են սալաֆիզմի և ԻՊ գաղափարների տեսանկյունից: Կովկասում ժամանակին սարսափ սփռող «Դաղստանի ամիր» Իլգար Մոլաչիևը Բասաևի և Խատտաբի զինյալն էր, որը վահաբի է դարձել Սումգայիթում»: Կենդանության օրոք Մոլաչիևը պարբերաբար տեղափոխվում էր Ռուսաստանից Ադրբեջան՝ հաճախ սահմանը հատելով կաշառքի միջոցով: «Մահից առաջ Մոլաչիևը կարողացել էր ներթափանցել Դաղստան, երբ Ադրբեջանի Ազգային անվտանգության նախարարությունը նրա դեմ հատուկ գործողություն էր անցկացնում՝ փակելով բոլոր ելքերն ու մուտքերը,- շարունակում է Աբասզոդան:- Այդ հանգամանքը ստիպեց կասկածել Ազգային անվտանգության նախարար Էլդար Մահմուդով վրա, որի քթի տակով փախել էր Ադրբեջանի ամենափնտրվող ահաբեկիչը: Երբ Մահմուդովին 2015թ. հոկտեմբերին՝ Գյանջայում և Նարդարա շիական հուզումներից առաջ, հեռացրին պաշտոնից, Նախարարությունը լուծարեցին, նախկին նախարարի ենթակաների դեմ քրեական գործեր հարուցվեցին, իսկ հակաահաբեկչական վարչության փոխղեկավարը կախվեց բանտում: Պարզվեց, որ Մահմուդովի օրոք Ազգային անվտանգության նախարարությունը զբաղվել է ջիհադիստներից կաշառք վերցնելով: Կաշառքի դիմաց ջիհադիստին թույլատրվում էր ձեռքում ունենալով օրինական փաստաթղթեր, Թուրքիայով անցնել Սիրիա: Ինչն ավելի կարևոր է՝ իր պաշտոնը Մահմուդովն օգտագործում էր գումարներ շորթելու համար Ադրբեջանի միջազգային բանկից, որի ղեկավարը նրա քրոջ ամուսինն էր՝ Ջահանգիր Հաջիևը: Իրենց դիրքն օգտագործելով՝ Հաջիևը և Մահմուդով Ադրբեջանի միջազգային բանկից գողացել են առնվազն մի քանի միլիարդ դոլար»:

Թերթը հիշեցնում է, որ Ադրբեջանի միջազգային բանկն այդ երկրի վարկային համակարգի սիրտն է, որի միջոցով, մասնավորապես, իրականացվում է SOCAR պետական նավթային ընկերության և Հեյդար Ալիևի հիմնադրամի վարկավորումը: Թերթի հետ զրույցում ադրբեջանցի լրագրողներն ու փորձագետներն պատմել են, որ բանկիր Հաջիևը և նախարար Մահմուդովն իրենց պաշտոնով պարտական էին Փաշաևներին, որը երկրի առաջին տիկնոջ հոր կլանն է և իր նշանակությամբ՝ երկրորդը: «Փաշաևները, ի տարբերություն քուրդ Ալիևների, իրանական թյուրքեր են,- ասել է քաղաքագետ Ֆիքրեթ Շաբանովը: Նախագահ Իլհամ Ալիևի և նրա կնոջ կլանների միջև վաղեմի պայքար է ընթանում երկրում իշխանության համար: Ալիևը վերացնելով Մահմուդովին և լուծարելով Ազգային անվտանգության նախարարությունը, որը Մահմուդովը ղեկավարում էր 2004թ-ից, հաշվեց, որ դրանով վերացրել է իրեն հակադրվող կլանի գործիքները, և քայլ է կատարում երկիրը քաղաքական ճգնաժամից դուրս բերելու ուղղությամբ: Արդյունքում Ալիևն իր իսկ ձեռքերով թուլացրեց երկրի պետական անվտանգության համակարգը, ինչից օգտվում են վահաբիները: Նրանք նախկինում էլ ուժայինների ոչ պրոֆեսիոնալ աշխատանքների պատճառով միանգամայն հանգիստ էին իրենց զգում երկրում: Այժմ, սակայն, Ալիևը սալաֆիների ժամանակը չունի: Երկրում մոլեգնում է ճգնաժամ, աճում է սոցիալական դժգոհությունը, իսկ Փաշաևների կլանին ակնհայտորեն քիչ է այն, որ Իլհամ Ալիևը հանուն իրենց փոխեց սահմանադրությունը և իր կնոջը դարձրեց երկրի փոխնախագահ: Ադրբեջանի միջազգային բանկը՝ Ադրբեջանի տնտեսական սիրտը, սնանկության եզրին է»:

Մայիսի վերջին մի շարք վարկանիշային գործակալություններ անվստահություն հայտնեցին Ադրբեջանի միջազգային բանկին, իսկ ավելի ուշ Մերձավոր Արևելքում մարդու իրավունքների միջազգայի հանձնաժողովը հայտարարեց, որ մի շարք երկրների հատուկ ծառայություններ, որոնց մեջ է մտնում Ադրբեջանը, կորցրել են իրենց արևմտյան գործընկերների վստահությունը ԻՊ-ի դեմ պայքարելու հարցում: Հանձնաժողովի հայտարարության մեջ ասվում էր, որ «սնանկ պարտապանները» տնտեսապես սերտ կապված են արաբական երկրների հետ, ինչի պատճառով տեղի է ունենում կարևոր տեղեկությունների գաղտնազերծում, որի պատճառով էլ Ադրբեջանում հակաահաբեկչական գործողությունը դառնում է «ակնհայտորեն անարդյունավետ»:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031