Լրահոս
Օրվա լրահոսը

Հարմարավետ, բայց թանկ տոմսերով գնացքի մասին. կապի ու տրանսպորտի նախարարի մեկնաբանությունը  (Տեսանյութ)

Մարտ 03,2018 18:55

Ինչպես տեղեկացրել ենք, այսօր կառավարության անդամները՝ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ սովորականի պես Գյումրի եկան ոչ թե իրենց հարմարավետ ու արագ տեղ հասնող  ջիփերով, այլ  ռուսական «Տրանսմաշխոլդինգ» արտադրող ընկերությունից նոր ձեռք բերված ЭП2Д էլեկտրագնացքով, որն, ի դեպ, դարձյալ հարմարվետ է ու արագընթաց։ Այն հատկապես հարմարավետ է  հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց համար.տրանսպորտային մյուս միջոցներում բացարձակապես այս մարդկանց շահերը հաշվի չեն առնում։ Նոր գնացքի երթևեկության տևողությունը 1 ժամ 59 րոպե է՝ առանց բաժանիչ կանգառների։

Տրանսպորտային նոր միջոցը, որը շահագործմամբ միտված են Գյումրիում տուրիզմը զարգացնելու, առաջին պահին շատ ոգևորեց գյումրեցիներին, սակայն այս քաղաքի բնակիչները տխրեցին տոմսի սահմանված արժեքի լսելուն պես։ Այն 2500 դրամ է, այն դեպքում, երբ տաքսիներն էլ մեկ անձի Երևան են տեղափոխում այս նույն գումարի շրջանակում ու շատ ավելի արագ, իսկ միկրոավտոբուսները շատ ավելի մատչելի են՝ մեկ տեղը 1600 դրամ։

Այսօր վարչապետ Կարեն Կարապետյանի հետ գնացքով Գյումրի եկած կապ ու տրանսպորտի նախարար Վահան Մարտիրոսյանից, որն, ի դեպ, առաջ անգամ է Գյումրի գալիս գնացքով ու շատ գոհ էր, լրագրողները հարցրեցին՝ մի՞թե տոմսի արժեքը շատ թանկ չէ. բնակիչներն արդեն իսկ դժգոհ են սահմանված արժեքից։  «Առաջին անգամ եմ գնացքով գալիս Գյումրի, նոր գնացքով շատ ավելի հաճելի, ավելի հարմարավետ, ճանապարհը չզգացի, կարող եմ վստահ ասել, որ քան մեքենայով, ավտոբուսով, երթուղային տաքիսով։ Գնի հետ կապված գիտեք՝ այլընտրանք կա, կա նաև հին գնացքը, որն ավելի էժան է, կանգնում է տարբեր տեղերում։ Այս գնացքը էքսպրես է՝ ուղիղ Երևանից Գյումրի։ Այլընտրանք է նաև երթուղային տաքսին, տաքսիները, իհարկե, ժողովուրդը նայած հարմարավետության՝ կարող է ընտրել այն տարբերակը, որը որ իրեն հարմար է՝ և՛ գնային, և՛ հարմարավետության առումով», -ասաց նախարարը։

Հարց հնչեց նաև Հյուսիս-հարավ ճանապարհի մասին. լրագրողներից մեկը հետաքրքրվեց՝ թե այդ ճանապարհի կառուցումից հետո հավասար մրցակցային պայմաններ կլինե՞ն երկաթուղու ու ավտոմոբիլային տրանսպորտի միջև։ Ըստ նախարարի՝ դա ցույց կտա ժամանակը։ Նա չբացառեց, որ արդարացնելու դեպքում գնացքի ուղևորափոխադրումները կարող են դառնալ ամենօրյա, այժմ նոր էլեկտրագնացքը կաշխատի ուրբաթ-կիրակի օրերին։

Վահան Մարտիրոսյանն ասաց, որ մտածում են նաև երկրորդ գնացքը ձեռք բերելու մասին, որպեսզի առավոտյան ոչ միայն Երևանից գնացքը շարժվի դեպի Գյումրի, այլ Գյումրիից շարժվի դեպի Երևան։

Նախարարի հետ ամբողջական զրույցը՝ տեսանյութում՝

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031