Լրահոս
Օրվա լրահոսը

Գերասիմ Մարդանյան. «Ես մեղավոր չեմ, շինծու գործ է»

Մարտ 06,2018 23:35

Այսօր՝ մարտի 6-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Բերդի նստավայրում կայացավ ոստիկանության Իջեւանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ, Գանձաքար գյուղի 37-ամյա բնակիչ Գերասիմ Մարդանյանի դատավարության երրորդ նիստը: Վերջինս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2017թ. հոկտեմբերի 4-ին ոստիկանության Իջեւանի բաժնի շենքում խոշտանգել է Ժորա Սիմոնյանին:

Նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 309.1 հոդվածի 1-ին մասով («Խոշտանգումը»): Գ. Մարդանյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Դատական նախորդ`հունվարի 23-ի նիստին Գլխավոր դատախազության լիազորագրով մասնակցում էր Տավուշի մարզի դատախազության ավագ դատախազ Ներսես Չիլինգարյանը: Մարտի 6-ի նիստում մեղադրական կողմը ներկայացնում էին ՀՀ Գլխավոր դատախազության ՀԿԳ վարչության դատախազ Վարդգես Սարգսյանը եւ Լոռու կայազորի զինվորական դատախազի տեղակալ Հայկ Մարգարյանը: Նիստում Գերասիմ Մարդանյանի պաշտպան Ռոբերտ Ալիխանյանը բազմաթիվ միջնորդություններ ներկայացրեց,այդ միջնորդությունների դեմ դատախազները, տուժող Ժ. Սիմոնյանը եւ վերջինիս ներկայացուցիչ, «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ փաստաբան, Արա Ղարագյոզյանը առարկեցին:

Պաշտպան Ալիխանյանի միակ միջնորդությունը, որին դեմ չառարկեցին վերոհիշյալ անձինք, ոստիկանության Իջեւանի բաժնի աշխատակից Արայիկ Հարությունյանին որպես վկա դատակոչելն էր: Վերջինս դեպքի օրը`2017թ. հոկտեմբերի 4-ին ոստիկանության Իջեւանի բաժնում հերթապահ է եղել, բաժնում առկա, բերման ենթարկված անձանց գրանցման մատյանում գրառում է կատարել առ այն, որ բաժնի շենքից դուրս գալիս Ժ. Սիմոնյանը արտաքուստ վնասվածքներ չի ունեցել:

Պաշտպան Ալիխանյանը դատարանին միջնորդեց Ժ. Սիմոնյանի 2017թ. հոկտեմբերի 13-ի բացատրությունը ճանաչել անթույլատրելի ապացույց, քանի որ այն հակասում է Ժ. Սիմոնյանի հետագայում տրված ցուցմունքներին, պաշտպանը միջնորդեց Գ. Մարդանյանի անդրավարտիքը եւ կոշիկները, որոնք նա հագել է դեպի օրը, դատական փորձաքննության ենթարկել, քանի որ դրանց վրա կարող էին լինել տուժողից միկրոմասնիկներ:

Դատավոր Զոյա Զաքինյանը պաշտպան Ալիխանյանին հարցրեց՝ ինչո՞վ կարող եք հիմնավորել, որ Գ.Մարդանյանը դեպքի օրն այդ կոշիկները եւ անդրավարտիքն է կրել: Մեղադրական կողմը առարկեց միջնորդության դեմ,ասելով, որ կոշիկները եւ անդրավարտիքը կարող են անցած ամիսների ընթացքում լվացված լինել, դրանք որպես իրեղեն ապացույց, փաթեթավորված չեն պահվել եւ այլն: Պաշտպան Ալիխանյանը միջնորդեց որպես վկա դատակոչել Գերասիմ Մարդանյանի հորը`Աշոտ Մարդանյանին, այլ միջնորդություններ ներկայացրեց: Դատավոր Զաքինյանը հայտարարեց,որ դատարանում դեռ հետազոտված չեն գործով ապացույցները, դատարանը պաշտպանի միջնորդություններին կանդրադառնա դատական հետագա փուլում, դատական վերջնական ակտ կայացնելիս:

Պաշտպան Ալիխանյանն առարկեց դատարանում ընթերցված մեղադրական եզրակացության բովանդակության դեմ:

Հետո դատարանն անցավ դատաքննության փուլ: Դատավոր Զ. Զաքինյանը ներկայացրեց քրեական գործում առկա գրավոր ապացույցները: Պաշտպան Ալիխանյանը դատարանի ուշադրությունը հրավիրեց, որ տուժողի ստացած վնասվածքների մասին դատաբժշկի եզրակացությանը կից լուսանկարներ չկան: Նա ասաց, որ դատաբժիշկը տուժողի հայտարարած ելակետային տարբեր պայմաններ է ներառել եզրակացության մեջ, մի դեպքում տուժողը հայտարարել է , որ Գ. Մարդանյանը ոտքերով հարվածել է իր երկու ոտքերին, մի դեպքում`ինքը չի տեսել ոտքերին հարվածները, սակայն ցավ է զգացել հարվածներից եւ այլն:

Պաշտպանը նշեց, որ հարվածի հետեւանքով տուժող Ժ. Սիմոնյանի որովայնի շրջանում տրավմայի մասին խոսքերը դատաբժշկի կողմից գրվել են տուժողի խոսքերի հիման վրա, հարցականով, իսկ դրանից հետո Իջեւանի բժշկական կենտրոնում տուժողի օբյեկտիվ, լաբորատոր, կլինիկական հետազոտությունները նրա ներքին օրգանների գործունեության խախտումներ չեն հայտնաբերել : Պաշտպանը նաեւ դատարանի ուշադրությունը հրավիրեց, որ տուժողի աջ ոտքի շրջանում թեթեւ 2 վնասվածքները դատաբժշկի կողմից այլ վաղեմության են վերագրվել, ձախ արմնկահոդի վնասվածքը`այլ:

Մեղադրական կողմը հայտարարեց, որ տուժողի դատաբժշկական փորձաքննությունը կատարվել է օրենքին համապատասխան:

Երբ դատավորը որոշեց, որ պետք է ցուցմունք տա տուժող Ժ. Սիմոնյանը, նրա ներկայացուցիչ Ա. Ղարագյոզյանը ասաց, որ տուժողը ,որպես խոշտանգված, հոգեճնշված վիճակում է եւ խնդրեց դատական նիստը հետաձգել:

Դատարանում Գ. Մարդանյանին հարցրինք` իրեն մեղավոր համարո՞ւմ է: Նա ասաց, որ իրեն մեղավոր չի համարում, շինծու գործ է:

Դատական հաջորդ նիստը նշանակվեց մարտի 17-ին:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031