Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆու Բյաո. «Հայաստանը հնագույն պատմություն եւ մշակույթ ունեցող երկիր է»

Ապրիլ 12,2018 23:07

«Մարզաձեւերի զարգացման հանրապետական համալիր կենտրոն» ՊՈԱԿ- ի մարզադահլիճում (նախկին «Միկա») ապրիլի 13-15-ին կկայանա Քունգ ֆուի Եվրոպայի բաց առաջնությունը (պատանիներ, երիտասարդներ եւ մեծահասակներ), որին մասնակցելու հայտ ներկայացրել են միջազգային ու եվրոպական ֆեդերացիաների անդամ 17 երկրների շուրջ 200 վարպետներ: Այդ առիթով հրավիրված մամուլի ասուլիսում Հայաստանի քունգ ֆուի ֆեդերացիայի նախագահ Սարգիս Հարությունյանը տեղեկացրեց, որ առաջնությունն ընթանալու է  չորս հիմնական ոճով, որից Հայաստանի 22 հոգուց բաղկացած հավաքականը կմասնակցի երեքին: Նրա խոսքով, Եվրոպայի առաջնությունը այս մարտարվեստը Հայաստանում ավելի զարգացնելու լավ խթան է, ժամանած երկրների պատվիրակությունների համար Հայաստանը ճանաչելու լավ առիթ: Եվրոպայի առաջնությունը Հայաստանի հավաքականի համար նաեւ աշխարհի առաջնության ընտրական բնույթ կկրի:

Ռուսաստանի ֆեդերացիայի փոխնախագահ Վլադիմիր Սուրկովը ասաց. «Ես շատ երկրներում եմ ներկա եղել աշխարհի ու Եվրոպայի առաջնությունների եւ կարող եմ ասել, որ Հայաստանում կազմակերպական աշխատանքները որակապես տարբերվում են: Ռուսաստանը ժամանել է ուժեղագույն կազմով: Վստահ եմ, որ մյուս երկրները նույնպես: Այս առաջնությունը նաեւ այլ իմաստ ունի, քանի որ այն ծառայում է միմյանց հետ մտերմանալուն, տարբեր ժողովուրդների մերձեցմանն ու բարեկամությանը»:

ՄԱԿ-ի բարի կամքի դեսպան, Շաոլինյան մարտարվեստի վարպետ, Չինաստանի մարտարվեստների ժամանակակից տասը լեգենդներից մեկը համարվող սենսեյ Ֆու Բյաոն, որն առաջին անգամ է Հայաստանում, հատուկ անդրադարձավ Հայաստանի բազմադարյան պատմությանն ու մշակույթին. «Հայաստանը հնագույն պատմություն եւ մշակույթ ունեցող երկիր է, որի ակունքները գնում են հազարամյակների խորքը: Եվ ես շնորհակալություն եմ հայտնում Սարգիս Հարությունյանին ինձ հրավիրելու եւ ձեր երկրում գտնվելու համար: Չինաստանում հիմա իրականցվում է «Մեկ գոտի, մեկ ուղի» ծրագիրը, որն առնչվում է նաեւ Հայաստանին: Հանրահայտ է նաեւ, որ «Մետաքսի մեծ ճանապարհն» անցել է Հայաստանով:

Հայաստանում քունգ ֆուի զարգացումը հարյուրամյակների պատմություն ունի: Ես մանուկ հասակից եմ զբաղվում քունգ ֆուով եւ շատ ուրախ եմ, որ այն ձեր երկրում ներդաշնակ է զարգանում»: Aravot.am-ի հարցին, թե լինելով Չինաստանի մարտարվեստների ժամանակակից տասը լեգենդներից մեկը, ինչո՞վ է ճանաչված իր երկրում, Ֆու Բյաոն պատասխանեց, որ ինքն իրեն առանձնապես ճանաչված չի համարում, որ ինքը պարզապես քունգ ֆուի սիրահար է եւ ակտիվորեն զարգացնում է այդ մշակույթը աշխարհում եւ բանաստեղծություններ է գրում:

«Սեւ գոտիների միջազգային հայկական ակադեմիայի» հիմնադիր Կարապետ Քեբաբջյանը նշեց, որ 2001թվականին իր հովանավորությամբ Հայաստանում քունգ ֆուի աշխարհի առաջնություն արդեն անցկացվել է եւ ուրախ է, որ հիմա իր սաներն ու նրանց աշակերտները շարունակում են դեռեւս խորհրդային տարիներին Հայաստանում քունգ ֆուն տարածելու եւ զարգացնելու իր գործը, Եվրոպայի բաց առաջնությունը բերել են Հայաստան եւ 40 տարվա իր հիմնադրած շարժումն արդյունք է տալիս Մայր Հայրենիքում: «Ես դա եմ ամենից ավելի կարեւորում: Մաղթում եմ, որ Հայոց սրտում՝ Երեւանում կայանալիք Եվրոպայի առաջնությունը հաջողությամբ, հաղթանակով պսակվի: Իսկ հաղթանակն այն է, որ Չինաստանի ու եւս 16 երկրների միջեւ բարեկամական կապ է ստեղծվել ոչ միայն մարզական, այլեւ մշակութային, բիզնեսի, հոգեբանական: Կարեւոր է, որ նրանք մրցումների ավարտից հետո վերադառնալով տուն՝ Հայաստանի մասին կպատմեն իրենց ընկերներին, բարեկամներին ու կառաջարկեն գալ Հայաստան, որտեղ մարտարվեստներն իրոք շատ հին պատմություն ունեն: Հայկական պարի մեջ կա մարտարվեստ, երգի մեջ մարտարվեստ կա: Չինաստանը մարտարվեստները կարողացավ վերածել գիտության եւ տարածել աշխարհում: Իմ ցանկությունն է՝ հայկական եւ չինական մարտարվեստների տիեզերական փիլիսոփայությունը՝ «Առողջ մարմին, Արթուն միտք, Ազնիվ հոգի», տարածել աշխարհում եւ գործածել ի նպաստ հայ ժողովրդի եւ պետության», – ասաց նա:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30