Լրահոս
Օրվա լրահոսը

«Նիկոլ Փաշինյանը չի դառնալու այս քվեարկությունների ու այս աջակցությունների գերին ու պատանդը»

Մայիս 05,2018 11:00

«Առավոտ»-ի զրուցակիցն է իրավապաշտպան Վարդան Հարությունյանը

– ՀՀԿ-ն որոշեց ամսի 8-ին աջակցել, որպեսզի Նիկոլ Փաշինյանն ընտրվի վարչապետ: Կարծում եք՝ միայն փողոցում հավաքված մարդի՞կ ՀՀԿ-ին ստիպեցին զենքերը վայր դնել: Ստվերային ի՞նչ պլաններ են իրագործվում՝ ըստ Ձեզ:

– Նիկոլ Փաշինյանի կողմից որեւէ ստվերային պայմանավորվածություն բացառում եմ։ Նա հենց սկզբից հայտարարեց, որ բաց ու հրապարակային գործելաոճի կողմնակից է եւ գործնականորեն էլ ապացուցեց դա։ Ընդհակառակը՝ իշխանական ճամբարից էին անընդհատ փակ ռեժիմով հանդիպելու ու քննարկելու կոչեր հնչում, որովհետեւ նրանք բանակցությունները միշտ էլ որպես առեւտուր են դիտարկել։ Իրենք՝ հանրապետականները, կարող է եւ տարատեսակ ներսի ու դրսի ուժերի հետ ողջ այս ընթացքում ունեցել են փակ շփումներ։ Ես դա չեմ բացառում։ Չի բացառվում, որ այդ շփումները դիմադրությունը շարունակելու, ապա նաեւ զիջման գնալու հարցում որոշակի դեր խաղացած լինեն։ Բայց, վերջին հաշվով, հաղթանակն ապահովեց հանրապետության մեծ ու փոքր քաղաքների հրապարակներում հավաքված ժողովուրդը։ Փողոց դուրս եկած մարդկանց ճնշումն այնքան մեծ էր, որ դրան դիմակայել հնարավոր չէր լինելու։ Բոլոր այս օրերի ընթացքում էլ ե՛ւ մարդկանց թիվն է մեծ եղել, ե՛ւ իշխանությունների վրա ճնշումն է հզոր եղել, բայց մայիսի 2-ի զարգացումները հանրապետականներին դիմադրելու ռեսուրս այլեւս չթողեցին։ Այս ասածից չպետք է, իհարկե, հետեւի, թե հանրապետականները ստվերային ծրագրեր այլեւս չունեն։ Նրանք, ավելի ճիշտ՝ նրանց լիդերները, միշտ էլ ստվերային դաշտում են խաղացել եւ այդ դաշտում իրենց անգերազանցելի են զգացել։ Այս առումով զարմանալի չի լինի, եթե առաջիկա օրերին անակնկալներ լինեն։

– Ամսի 8-ից, փաստացի, բավական հետաքրքիր իրավիճակ ենք ունենալու` քաղաքական փոքրամասնության ներկայացուցիչ վարչապետ, որի նախաձեռնությունները պետք է խորհրդարանում հաստատվեն քաղաքական մեծամասնություն` ոչ իշխանություն, ոչ ընդդիմություն ՀՀԿ-ի կողմից: Պարադոքս չէ՞:

– Դժվար է լինելու։ Փաշինյանն, իհարկե, խորհրդարանում փոքրամասնություն է, բայց իր թիկունքում զգում է ժողովրդի ուժը, Հայաստանի քաղաքացիների բացարձակ մեծամասնության համակրանքը եւ աջակցությունը։ Սա նրան ուժ եւ լեգիտիմություն է հաղորդում։ Ըստ էության, նա այսօր Հայաստանի թիվ մեկ լեգիտիմ իշխանությունն է։ Եթե, օրինակ, այսօր Հայաստանում ընտրություններ անցկացվեին, ապա նրա հաղթանակը եւ պառլամենտում ձեր նշած քաղաքական մեծամասնության ջախջախիչ պարտությունը կասկածից դուրս էին լինելու։ Ահա այս լեգիտիմությամբ էլ նա առաջնորդվելու է։ Կարծում եմ՝ նա գիտի, թե վարչապետի կարգավիճակում ինչ բարդություններ են իրեն սպասում, ինչ մտացածին կամ իրական խոչընդոտներ են հանդիպելու եւ ունի իր լուծումները։ Շատ բան կախված է այն հանգամանքից՝ կմնա՞ արդյոք առաջիկայում Հանրապետական խմբակցությունն այնպիսին՝ որպիսին որ կա այսօր։ Վերջին հաշով, նաեւ այս խմբակցության մեջ հաստատ կգտնվեն մտահոգ ու երկրի շահը հաշվի առնող մարդիկ, որոնք կարող են ճիշտ կողմնորոշվել եւ ճիշտ վճիռներ կայացնել։ Կա նաեւ այս խմբակցության ապաքաղաքական թեւը՝ գործարարներն ու ՀՀԿ-ի ցուցակում հայտնված տարատեսակ ճամփակիցները, որոնք առանց իշխանական հովանու իրենց պատկերացնել չեն կարողանում։ Առջեւում կարող են լուրջ վերադասավորումներ լինել։ Ձեր նշած այս պարադոքսալ վիճակը, հուսանք, երկար չի տեւելու, եւ Հայաստանը ոչ հեռու ապագայում կունենա ազատ, արդար ու թափանցիկ ընտրությունների արդյունքում ձեւավորված պառլամենտ։ Պառլամենտ, որը վերջապես կձեւավորվի Հայաստանի ընտրողի իրական ընտրության արդյունքում։

– Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ ինքը վարչապետ է դառնում իր կողմից վերահսկվող արտահերթ ընտրություններ անցկացնելու համար, որոնք կլինեն արդար, իսկ երեկ Էդուարդ Շարմազանովը հայտարարեց` եթե Հայաստանն ունենում է վարչապետ, եթե հաստատվում է վարչապետի ներկայացրած ծրագիրը, արտահերթ ընտրությունների կարիք չկա, որ դրանք խաղ ու պար չեն` ով եւ երբ ցանկանան արտահերթ ընտրություն անցկացնի:

– Հանրապետականները ցանկանում են իրենց ահա այս քաղաքական մեծամասնությամբ  հնարավորինս երկար մնալ պառլամենտում։ Մնալ իրենց անձեռնմխելիությամբ, իրենց թիմով։ Մնալ եւ խանգարել Նիկոլ Փաշինյանին իր ծրագրերն իրականացնելիս։ Սա նրանց ցանկություններից մեկն է։ Վստահ եմ՝ Փաշինյանը եւ իր թիմակիցները սա հասկանում են եւ ունեն իրենց լուծումները։

– Նիկոլ Փաշինյանին վարչապետ դառնալու համար «կողմ» են քվեարկելու քաղաքական ընդդիմախոսները, որոնց շարքերում են նաեւ օլիգարխներ, քրեական պատմությունների հետ առնչվող մարդիկ, նրա կողքին է «Ծառուկյան» դաշինքը` իր ղեկավարով, որի անունը նույնպես տարբեր պատմությունների հետ է կապված, Նիկոլ Փաշինյանն էլ ժամանակին ասում էր` «ոչ դոդացմանը», նաեւ` ՀՅԴ-ն, որը հասցրել է վարկաբեկել իր քաղաքական գործունեությունը` մշտապես օգտվելով իշխանական կերակրատաշտից. այս ամենով ինչպե՞ս են խաղի կանոններ փոխվելու: 

– Իրականությունն այսօր այնպիսին է, որ ձեր թվարկած օլիգարխները, քրեական կամ կիսաքրեական տարրերը, քրեական անցյալ ու քրեական պատմություններ ունեցող անհատներն են մեր քվեարկողները։ Այս իրականությունից փախչել չենք կարող։ Վերջին 20 տարիներին իշխանություններին ուղղված քննադատությունների գլխավոր շեշտերից մեկն էլ այս կարգի մարդկանց պառլամենտ ու իշխանական առանձնասենյակներ մտցնելն է եղել։ Իր իշխանավարման տարիներին Սերժ Սարգսյանն այս հարցում գերազանցեց իր նախորդներին։ Նա հատուկ համակրանք ուներ այս կարգի մարդկանց նկատմամբ եւ նրանցով էր սիրում լինել շրջապատված։ Արդյունքում այս բիզնեսմեն-օլիգարխ-քրեական համակցությամբ օժտվածները շատ են պառլամենտում, ու, բնականաբար, նրանք պետք է քվեարկեն, կամ նրանք պետք է, օրինակ, հայտարարեն, որ Նիկոլի նախաձեռնած շարժման հետ են, նաեւ նրանք պետք է ասեն, որ դեռ Նիկոլից առաջ էին այսպիսի մի բան երազում, եւ որ Նիկոլից ավելի Նիկոլ են։ Նրանցից յուրաքանչյուրն, իհարկե, ունի իր շահերն ու իր ծրագրերը։ Բայց կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանը չի դառնալու այս քվեարկությունների ու այս աջակցությունների գերին ու պատանդը եւ նրանց նկատմամբ պարտավորություններ չի ստանձնելու։ Նա արդեն հայտարարել է, որ վենդետա չի լինելու։ Սա բավական է նրանց։ Արդարադատության հետ խնդիրներ չունենալու պարագայում կարող են իրենց քվեարկությունից գոհ՝ շարունակել ապրել ու աշխատել։ Փաշինյանը միայնակ այնպիսի մեծ գործ նախաձեռնեց ու ավարտին հասցրեց, որի հաջողությանը հավատացողների թիվը զրոյին մոտ էր։ Նա կարողացավ համադրել իրենից առաջ եղած, բայց հաջողություն չգրանցած համաժողովրդական շարժումների փորձը, հասկանալ այդ շարժումների անհաջողության մատնվելու պատճառները, շարժումը կազմակերպելիս օգտվել պայքարի հին ձեւերից ու կարգախոսներից, ներմուծել նոր տեխնոլոգիաներ եւ նոր կարգախոսներ։ Մի խոսքով՝ Գյումրի քաղաքի հրապարակում միայնակ կանգնած Նիկոլը, որ քայլելով Երեւան հասավ ու մի քանի օրվա ընթացքում ձեռք բերեց համաժողովրդական աջակցություն, պայքարը հասցրեց իր հանգրվանին, կարծում եմ՝ կկարողանա դիմակայել նաեւ բիզնեսմեն-օլիգարխ-քրեական տարրերին եւ իշխանությունից պատառ պոկել ցանկացողներին։ Նման լուրջ լեգիտիմությամբ օժտված մարդը կարող է լինել անկաշկանդ։

Զրույցը` Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    չես գիտեր… այս մարդը միշտ անկապ ու անհեթեթ բաներ կ’ըսէր, սակայն անոնց մէկ մասը հիմա իրականացաւ… այսուհետեւ ամէն ըսածը կարող է ճիշդ լինի… Հայաստանում, այլեւս ոչ մի բան անկարելի չէ…

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031