Լրահոս
Օրվա լրահոսը

Շարժումն ու դրա լուսաբանումը դրական ազդեցություն է թողել, եւ զբոսաշրջային այցելությունների թվի ավելացում կլինի

Մայիս 05,2018 16:02 Share

Պետական մարմինները դեռեւս պաշտոնական գնահատական չեն կարող տալ, թե Հայաստանում ընթացող շարժման ու բողոքի ցույցերի պատճառով զբոսաշրջության ոլորտը որքանով է տուժել, սակայն այս շարժումը նաեւ դրական ազդեցություն է թողել: Այս մասին այսօր «Արմենպրես» ակումբում ասաց ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Մեխակ Ապրեսյանը:

Նա ասաց, որ զբոսաշրջությունը շատ զգայուն ոլորտ է, եւ ցանկացած անկայուն իրավիճակ ոլորտի վրա կարող է ազդեցություն թողնել եւ նաեւ բնական է, որ այդ օրերին այցելությունների չեղարկումներ են եղել. «Բայց մի կարեւոր բան հպարտությամբ պետք է նշենք՝ նրանց կողքին, ովքեր չեղարկել են ու չեն եկել, նրանք ովքեր եղել են Հայաստանում, խիստ բարյացակամ վերաբերմունք է ցուցաբերվել: Շատ օտարերկրյա լրատվամիջոցներ դրական են լուսաբանել, ինչը եւս դրական ազդեցություն է ունեցել հայ ժողովրդի իմիջի վրա, եւ սա չի կարող դրական ազդեցություն չունենալ, եւ երկարաժամկետ հատվածում զբոսաշրջային այցելությունների թվի ավելացում կլինի: Օրինակ՝ ռուսական լրատվամիջոցներից շատերը նշում էին՝ «великий народ»: Ես չեմ համարում դա բարձր գնահատական, այլ համարում եմ՝ օբյեկտիվ գնահատական»:

Ասուլիսի մասնակից «Արենի փառատոն» հիմնադրամի տնօրեն Նունե Մանուկյանն էլ ասաց, որ իրենց ընկերության տվյալներով, տուրայցելությունների մոտ 20% է չեղարկվել, բայց սա համեմատած անցյալ տարվա ցուցանիշների հետ, մեծ թիվ չէ:

Բանախոսները նաեւ խոսեցին մայիսի 11-12-ին մայրաքաղաք Երեւանում նախատեսվող «գինու օրեր» միջոցառման մասին: Նրանց ներկայացմամբ՝ այս տարի 2-րդ անգամ է այն անցկացվում, եւ այս անգամ ավելի շատ այցելուներ կունենանք ու լավ կազմակերպված կլինի:

Միջոցառումը տեղի է ունենալու Սարյան փողոցում, երեկոյան ժամը 18:00-ից մինչեւ 23:00-ն: «Էվենտտուրա» ընկերության համահիմնադիր Մերի Բադալյանի ներկայացմամբ՝ այս անգամ այցելուները կարող են ձեռք բերել կտրոն-գրքույկ, որը հնարավորություն կտա համտեսել հայաստանյան եւ արցախյան 25-ից ավելի գինիներ. «Այդ գրքույկը, որպես հուշանվեր, կմնա սպառողի մոտ: Գրքույկում ռուսերեն եւ անգլերեն լեզվով տեղեկություն կա գինեգործության եւ գինիների մասին»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031